«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի 2025 թվականի գործունեության ամփոփում

2025 թվականի ընթացքում «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ակադեմիական հարթակը շարունակել է իր հիմնական առաքելությունը՝ Արցախի պատմամշակութային ժառանգության գիտական փաստագրումը, ուսումնասիրությունը, մշտադիտարկումը և հանրային իրազեկումը՝ բռնի տեղահանությունից և շարունակվող մշակութային ժառանգության ոչնչացման պայմաններում։

Տարվա ընթացքում իրականացվել է 50 պատմամշակութային հուշարձանի գիտական քննություն, որոնք ներառում են եկեղեցիներ, վանական համալիրներ, ամրոցներ, հնագիտական հուշարձաններ, գյուղատեղիներ, կամուրջներ և խաչքարադաշտեր։ Յուրաքանչյուր հուշարձան ուսումնասիրվել է համալիր ձևով՝ քարտեզագրմամբ, հատակագծերով և լուսանկարներով՝ ապահովելով դրանց գիտական փաստագրումը։

Ծրագրի շրջանակում պատրաստվել և հրապարակվել է 11 համառոտ քննություն, որը ներկայացնում են Արցախի մշակութային ժառանգության եզակի տարրերը, ուշագրավ փաստերը և քիչ ուսումնասիրված դրվագները՝ խաչքարային արվեստից և միջնադարյան պատկերաքանդակներից մինչև տեղական հավատալիքներ ու պատմական հիշողության դրսևորումներ։

2025 թվականին էապես ընդլայնվել է նաև մեդիա դաշտի մշտադիտարկումը․ մշակվել է 43 ահազանգ, որոնք վերաբերում են Արցախի հայկական մշակութային ժառանգության վնասմանը, ոչնչացմանը, յուրացման փորձերին և դրանց շուրջ ծավալվող միջազգային քարոզչական գործընթացներին։ Այս նյութերը նպատակ ունեն ոչ միայն արձանագրել փաստերը, այլև ձևավորել գիտահեն հակափաստարկված խոսք միջազգային հանրային քննարկումների համար։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Արցախի թանգարաններին և հավաքածուներին։ Տարվա ընթացքում իրականացվել է 5 մշակութային կազմակերպության ուսումնասիրություն, որոնց միջոցով ներկայացվել է Արցախի թանգարանային ցանցի պատմությունը, դերակատարումը և ճակատագիրը խաղաղության, պատերազմի և բռնի տեղահանության պայմաններում։

2025 թվականը նշանավորվել է նաև գիտական հրատարակություններով։ Լույս են տեսել երեք կարևոր աշխատություններ՝

  • «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» կոլեկտիվ մենագրությունը,
  • «Արցախի թանգարանները. խաղաղության, պատերազմի և բռնի տեղահանության պայմաններում» գիրքը (Համլետ Պետրոսյան, Հայկուհի Մուրադյան, Նժդեհ Երանյան)
  • Լեռնային Ղարաբաղ. մշակույթի իրավունքի խախտումները բռնի տեղահանության համատեքստում (Արմինե Տիգրանյան

Պատրաստվել և հրապարակվել է 19 նորություն և վերլուծական նյութ, որոնք անդրադառնում են միջազգային արձագանքներին, իրավական գործընթացներին, գիտական քննարկումներին, ինչպես նաև Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության շուրջ ձևավորվող հանրային դիսկուրսին։

2025 թվականի աշխատանքների ամբողջությունն ամփոփում է մեկ կարևոր իրողություն․ Արցախի մշակութային ժառանգության պահպանումը այսօր հնարավոր է նախևառաջ գիտական հիշողության, փաստագրության և հանրային պատասխանատվության միջոցով։ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» հարթակը շարունակելու է իր գործունեությունը՝ որպես գիտական, հանրային և իրավական պայքարի կարևոր գործիք։