
«Մենք կանք» կրթամշակութային միջոցառման մասին
Այսօր, երբ ամբողջովին հայաթափված է Արցախը, տարբեր համայնքների ստեղծումն ու դրանց միավորումն արցախյան հուշերի, երազանքների ու նպատակների շուրջ լավագույն միջոցն է՝ նպաստելու կորսված մշակույթի վերածննդին։
Նման նախաձեռնություններից մեկը դարձավ հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Մենք կանք» կրթամշակութային միջոցառումը, որը կազմակերպվել էր «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի և «Մունք» տեխնոդպրոցի համագործակցությամբ։
Միջոցառումը բաղկացած էր երկու մասից՝ ցուցահանդես-վաճառք և համերգ։ Տարբեր անհատներ, խմբեր ու կազմակերպություններ, որոնց մի մասն իրենց գործունեությունն սկսել էր դեռ Արցախում, իսկ մյուս մասը՝ տեղահանությունից հետո, ներկայացնում էին արցախյան մշակույթի նյութական և ոչ նյութական ժառանգությունը՝ պատմամշակութային հուշարձաններից մինչև խոհանոց և բարբառ։
Ցուցահանդեսը լուսանկարների, նորագույն տեխնիկաների, երեխաների ստեղծագործությունների միջոցով միավորում էր անցյալն ու ներկան։
TUMO-ի կողմից 2026 թվականին ստեղծված Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը ներկայացրել էր Արցախի մշակութային ժառանգության թվայնացման իր ծրագիրը։ Ծրագրի շնորհիվ թվայնացվել են արցախյան շուրջ 80 հուշարձան։ Այցելուները ցուցահանդեսի ժամանակ հնարավորություն ունեցան վիրտուալ իրականության միջոցով հայտնվելու Արցախում։
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը ներկայացրել էր Արցախի Հանրապետության վանքերի, եկեղեցիների, բերդերի ու ամրոցների քարտեզներ։
Այս հուշարձանները, տարբեր քաղաքային տեսարաններն ու բնապատկերներն այսօր իրենց տեղն են գտնում արցախցի երեխաների նկարներում, տարբեր ձեռներեցների ստեղծած արտադրանքներում, հագուստում ու զարդերում։
Միջոցառման երկրորդ մասում համերգային ելույթներով հանդես եկան արցախյան համույթներ ու անհատներ, հայաստանյան խմբեր ու երաժիշտներ, ովքեր միշտ այցելել են Արցախ, ծանոթացել ու ընկերացել մարդկանց հետ, նպաստել Արցախում մշակութային կյանքի զարգացմանն ու տարածմանը։