
ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծը պարտավորեցնում է Ադրբեջանին պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը
ԱՄՆ Կոնգրեսը պարտավորեցրել է Ադրբեջանին պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը և էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները վերադառնալու իրավունքը։ Դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ 119-րդ գումարման Կոնգրես (2025-2026 թթ.) ներկայացված H.R. 6840 օրինագիծը հստակ պահանջներ է սահմանում Ադրբեջանի նկատմամբ։ Փաստաթղթի 2-րդ՝ «Հայաստանի անվտանգային աջակցության վերանայում» բաժնում ամրագրված 5 առանցքային կետերով ԱՄՆ օրենսդիր մարմինը պայմանավորում է Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ պարտավորեցնելով վերջինիս ճանաչել էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը, ինչպես նաև երաշխավորել հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը https://www.congress.gov/bill/119th-congress/house-bill/6840/text։ Կարևոր է արձանագրել, որ փաստաթուղթը պարտավորեցնում է Ադրբեջանին․
- Ճանաչել էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները վերադառնալու իրավունքը և պարտավորվել պահպանել հայկական մշակութային և կրոնական վայրերը Լեռնային Ղարաբաղում։
- Պահպանել Համատեղ հռչակագրով ստանձնած իր պարտավորությունները։
- Ամբողջությամբ դուրս բերել բոլոր ռազմական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։
- Անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
- Դադարեցնել թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ։
Կարևոր է արձանագրել, որ վերոնշյալ 5 կետերի կատարումն ապահովելու նպատակով՝ ԱՄՆ Պաշտպանության քարտուղարը պարտավոր է օրենքի ընդունումից 180 օր անց, իսկ հետագայում՝ տարեկան կտրվածքով (այլ գերատեսչությունների հետ համակարգմամբ), Կոնգրեսի պաշտպանության հանձնաժողովներին հավաստել, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկել է էական քայլեր այդ ուղղությամբ։ Եթե Պաշտպանության քարտուղարը չի կարող հավաստել 5 կետերով նախատեսված տեղեկատվությունը, ապա նման հավաստման պահանջվող ժամկետից ոչ ուշ, քան 14 օր հետո, Քարտուղարը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող Միացյալ Նահանգների անվտանգային աջակցության անհապաղ վերանայում՝ գնահատելու Հայաստանի զսպման և ինքնապաշտպանական կարողություններում առկա բացերը։
Ընդգծենք, որ ԱՄՆ հետևողական կերպով փորձում է օգնել հայկական մշակութային ժառանգությանը պահպանությանը, ի մասնավորի մեջբերելով նաև 2025 թ․ հուլիսի 23-ին, ԱՄՆ Կոնգրեսի 87 անդամների պաշտոնական նամակը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ անդրադառնալով տարածքի պատմական եկեղեցիների ու վանքերի ոչնչացման՝ Ադրբեջանի քաղաքականությանը։ Այս մասին առավել մանրամասն՝ տես https://monumentwatch.org/hy/2025/07/25/ամն-կոնգրեսի-87-անդամներ-պաշտոնական-նամ/։
Բացի այդ, կարևոր է նշել, որ սա ԱՄՆ Կոնգրեսի միակ նախաձեռնությունը չէ։ Խոսքը վերաբերում է մի օրինագծի, որը նախատեսում է առաջիկա 5 տարիների ընթացքում ֆինանսավորել Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկյան դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմությունը դասավանդելու և ուսուցիչներին վերապատրաստելու համար։ Փաստաթղթի նպատակն է կրթական ծրագրերի միջոցով բարձրացնել իրազեկվածությունը 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրության իրագործած ոճրագործությունների մասին՝ կանխելով դրանց ժխտումն ու փաստերի խեղաթյուրումը https://www.congress.gov/bill/119th-congress/house-bill/2585/text։