Արցախի պետական պատամաերկրագիտական թանգարանի մասնաճյուղ. Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան

Պատմությունը

Մարտակերտի պատմության առաջին թանգարանը ստեղծվել է խորհրդային տարիներին։ Ըստ թանգարանի նախկին ֆոնդապահ Մարինե Միքայելյանի, Մարտակերտի սովխոզի նախագահ Սամվել Մամունցին, ով լավ հարաբերություններ ուներ կենտրոնական իշխանությունների հետ, հաջողվում է ստանալ Մարտակերտում թանգարան բացելու որոշումը։ Այն բացվել է 1983 թվականին և գործել է Մարտակերտի սովխոզի մշակույթի տան երկհարկանի շենքում: Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ Մարտակերտ քաղաքը գրավված էր ադրբեջանցիների կողմից, ամբողջությամբ թալանվում և հրդեհվում է նաև թանգարանի շենքը։

1993 թվականի հունիսի 27-ին ազատագրումից շատ չանցած՝ 1994 թվականին, որոշում է կայացվում Մարտակերում ստեղծել պատմության թանգարան։ Մարտակերտի վարչակազմի մշակույթի բաժնի վարիչ Մելսիդա Քարդմյանի ջանքերով նախկին բնակելի տներից մեկը հատկացվում է թանգարանին։ Սկզբնական շրջանում այստեղ հավաքվել են միայն Արցախյան ազատամարտի մասնակիցներին վերաբերող նյութեր՝ անձնական իրեր, լուսանկարներ, պատմություններ և այլն։

Ավելի ուշ՝ 1996 թվականին, թանգարանը տեղափոխվում է քաղաքի նախկին երաժշտական դպրոցի շենք (նկ. 1), ուր և գործել է մինչև 2023 թվականի բռնի տեղահանումը։ Այս նոր կառույցը վերանորոգվում և հարմացվում է թանգարանին, տնօրեն է նշանակվում Մելսիդա Քարդմյանը։

նկ. 1 Թանգարանի ընդհանուր տեսքը, լուս․՝ Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարանի ֆեյսբուքյան էջի։

Թանգարանի՝ նոր շենք տեղափոխվելու գործում մեծ դերակատարում է ունեցել Մարտակերտի շրջանի վարչակազմի այդ ժամանակվա ղեկավար Սևակ Արծրունին, ով, Մարտակերտ տեղափոխված մարդակերպ կոթողները տեսնելով, առաջարկում է դրանք բացօթյա ցուցադրել և դրա համար հատկացվում է թանգարանի նոր շենքը։

2004 թվականից Մարտակերտում զոհված ազատամարտիկների հուշահամալիրի տարածքում բացվում է  «Փառքի սրահ» թանգարանը և զոհվածների  մասին բոլոր տեղեկությունները և անձնական իրերը տեղափոխվել են այդ թանգարան: 2008 թվականին «Փառքի սրահը» դարձել է Մարտակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող առանձին թանգարան:   Իսկ  2009 թվականի փետրվարին այս երկու թանգարանները միավորվում են և նոր ձևավորված Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարանը դառնում է Արցախի պետական պատմա-երկրագիտական թանգարանի մասնաճյուղ:

Հավաքածուն

Թանգարանի հիմնադրումից հետո սկզբնական շրջանում հավաքվում էին Արցախյան ազատամարտի մասնակիցներին վերաբերող նյութեր։ Քանգարանի առաջին հնագիտական նմուշները Արցախի մարդակերպ կոթողներն էին, որոնցից 7-ը ցուցադրվում էին բակում՝ մուտքի մոտ (նկ. 2-4)։ Դրանից հետո նոր թափով են շարունակվում հավաքչական աշխատանքները։ Ամբողջ հավաքածուն ձևավորվել է Մարտակերտի տարբեր գյուղերից նվիրատվություն ստացած հնագիտական և ազգագրական տարբեր բնույթի առարկաների միջոցով։ Բայց քանի որ Մարտակերտի գրեթե ամբողջ շրջանը շուրջ մեկ տարի գրավված է եղել Ադրբեջանի բանակի կողմից, այդ ընթացքում տները թալանվել են։ Այդ պատճառով հավաքչական աշխատանքները սկզբում շատ դանդաղ և դժվար էին առաջ ընթանում։ 2009 թվականից հետո թանգարանին ժամանակավոր պահպանության հանձնվեցին նաև Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանում պահվող Մարտակերտից հայտնաբերված որոշ հնագիտական գտածոներ։

նկ. 2 Մարդակերպ կոթողները Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարանի բակում, լուս.՝ Ն. Երանյանի և Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարանի ֆեյսբուքյան էջի։

նկ. 3 Մարդակերպ կոթողները Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարանի բակում, լուս.՝ Ն. Երանյանի և Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարանի ֆեյսբուքյան էջի։

նկ. 4 Մարդակերպ կոթողները Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարանի բակում, լուս.՝ Ն. Երանյանի և Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարանի ֆեյսբուքյան էջի։

2023 թվականի բռնի տեղահանումից առաջ հավաքածուն ուներ 835 առարկա։

Թանգարանն ուներ երկու հիմնական և մեկ ժամանակավոր ցուցադրությունների սրահ։

Հիմնական ցուցադրության սրահներից առաջինը նվիրված էր ազգագրությանը։ Երկրորդ սրահում ցուցադրվում էին հիմնականում հնագիտական բնույթի առարկաներ և բնական հանածոներ։ Այդ նույն սրահի մի հատվածում էլ ներկայացված էր Հայրենական պատերազմի մասնակիցների, Արցախյան ազատամարտի մասնակիցների և հայտնի մարտակերտիցներին վերաբերող պաստառներ, լուսանկարներ և այլ նյութեր (նկ.  5-10)։

նկ. 5 Թանգարանի ցուցասրահները, լուս.՝ Հ. Պետրոսյանի, Ն. Երանյանի և Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարանի ֆեյսբուքյան էջի։

նկ. 8 Թանգարանի ցուցասրահները, լուս.՝ Հ. Պետրոսյանի, Ն. Երանյանի և Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարանի ֆեյսբուքյան էջի։

նկ. 6 Թանգարանի ցուցասրահները, լուս.՝ Հ. Պետրոսյանի, Ն. Երանյանի և Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարանի ֆեյսբուքյան էջի։

նկ. 9 Թանգարանի ցուցասրահները, լուս.՝ Հ. Պետրոսյանի, Ն. Երանյանի և Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարանի ֆեյսբուքյան էջի։

նկ. 7 Թանգարանի ցուցասրահները, լուս.՝ Հ. Պետրոսյանի, Ն. Երանյանի և Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարանի ֆեյսբուքյան էջի։

նկ. 10 Թանգարանի ցուցասրահները, լուս.՝ Հ. Պետրոսյանի, Ն. Երանյանի և Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարանի ֆեյսբուքյան էջի։

Գործունեությունը պատերազմից առաջ

Թանգարանի այցելուների մեծ մասը Մարտակերտ քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչներին էին, Արցախում իրենց ծառայությունն իրականցնող զինվորները և ավելի քիչ թվով նաև զբոսաշրջիկները։

Թանգարանն ակտիվ գործում էր հատկապես տարբեր ազգային և միջազգային տոների շրջանակում, ժամանակավոր ցուցադրությունների սրահում կազմակերպվում էին ցուցադրություններ, ինչն ուղեկցվում էր ճանաչողական միջոցառումներով (նկ. 11)։ Արդյունքում հնարավոր էր լինում հանրահռչակել նաև ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ինչպես օրինակ գորգագործություն, ավանդական ուտեստների պատրաստում, Զատկից առաջ՝ ձվի ներկում և ծեսի վերականգնում և այլն։

նկ. 11 Թանգարանում կազմակերպված միջոցառումներից, լուս.՝ Մարտակերտի պատմա-երկրագիտական թանգարանի ֆեյսբուքյան էջի։

Վիճակը պատերազմից հետո

2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայերի բռնի տեղահանմանումից առաջ թանգարանի աշխատակիցները նյութերը տեղափոխել էին տարհանման արկղեր, որպեսզի վտանգի դեպքում դրանք տեղափոխեն անվտանգ վայր։ Սակայն ադրբեջանական ագրեսիայի արդյունքում բնակիչների բռնագաղթի ժամանակ դրանք մնացին տեղում և դրանց գտնվելու վայրն ու պայմաններն այժմ անհայտ են։

Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները

Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։