Բերդաշենի թանգարանը

Պատմությունը

Բերդաշենի պատմության թանգարանը գտնվում էր գյուղի արևելյան հատվածում՝ բլրի վրա, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված մոտ 30 մետր բարձրությամբ եռահարկ շինության մեջ (նկ. 1)։ Այն հիմնադրվել է 1987 թվականին: Թանգարանի հիմնադիրը գյուղի պատմության վաստակավոր ուսուցչուհի Հայկուշ Արշակի Ազարյանն է:

նկ. 1 Թանգարանի ընդհանուր տեսքը։

Հավաքածուն

Թանգարանի առաջին հավաքածուն ձևավորվել է Բերդաշենի Աղջկաբերդ կամ Կուսաբերդ կոչվող տարածքում Հայկուշ Ազարյանի կողմից իրականացված ոչ մասնագիտական պեղումների շնորհիվ։ Դրանց շարքում էին աշխատանքային գործիքներ, տարբեր խեցանոթներ և բեկորներ, բրոնզե դաշույններ և սրեր, օբսիդիանից պատրաստած գործիքներ և զենքեր, արծաթե զարդերի բեկորներ, մետազադրամներ և այլն (նկ. 2-6)։

նկ. 2 Թանգարանի ցուցասրահի և ցուցանմուշների ընդհանուր տեսքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

նկ. 3 Թանգարանի ցուցասրահի և ցուցանմուշների ընդհանուր տեսքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

նկ. 4 Թանգարանի ցուցասրահի և ցուցանմուշների ընդհանուր տեսքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

նկ. 5 Թանգարանի ցուցասրահի և ցուցանմուշների ընդհանուր տեսքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

նկ. 6 Թանգարանի ցուցասրահի և ցուցանմուշների ընդհանուր տեսքը, լուս.՝ Հ. Պետրոսյանի։

Թանգարանը բաղկացած էր չորս սրահից, որտեղ ցուցադրվում էր գյուղից և շրջակայքից հայտնաբերված հնագիտական տարբեր իրեր, ազգագրական բնույթի գորխիքներ, ինչպես նաև հայրենական պատերազմից մասնակիցներին վերաբերող լուսանկարներ և անձնական իրեր (նկ. 7)։

Սկզբնական շրջանում թանգարանային ցուցանմուշները ցուցադրվել են գյուղի դպրոցի տարածքում, իսկ ավելի ուշ տեղափոխվել են «Ջինհազ» կոչվող վայրում կառուցված Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ներսի հատվածում։

նկ. 7 Թանգարանի՝ Հայրենական պատերազմի զոհերին նվիրված ցուցասրահը։

Գործունեությունը պատերազմից առաջ

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հրետակոծությունից վնասվել էր հուշարձանի քանդակի ձեռքի հատվածը։ Չնայած դրան, թանգարանը գործում էր և ընդունում այցելուների։

Վերջին տարիներին համայնքի ակտիվ մասնակցությամբ կազմվել էր հուշարձանի վերականգնման նախագիծ, նախատեսվում էր բարեփոխել նաև թանգարանի մշտական ցուցադրությունը, որը, ցավոք, պատերազմի պատճառով անավարտ մնաց։

Վիճակը պատերազմից հետո

2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի և հայերի բռնի տեղահանումից հետո թանգարանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Թանգարանի հավաքածուի ճակատագիրն անհայտ է։

Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները

Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։