
«Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցը
Պատմությունը
«Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցը ստեղծվել է 2011 թվականի մարտի 22-ին՝ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ։
Արգելոցը գտնվում է Շուշի քաղաքից հարավ-արևմուտք՝ Ասկերանի և Շուշիի վարչական շրջանների սահմանակից հատվածում (նկ. 1-2):
2020 թվականի 44-օրյա պատերազմից և Շուշիի օկուպացիայից հետո արգելոցը գտնվում էր նոր անցնող սահմանի վրա և անհասանելի էր այցելությունների համար։ 2023 թվականի հայերի բռնի տեղահանումից հետո այն ամբողջությամբ օկուպացված է ադրբեջանցիների կողմից։
Հավաքածուն
«Հունոտի կիրճ» բնապատմական տարածքում գոյություն ունեն շուրջ 30 բնական և պատմա-ճարտարապետական հուշարձաններ: Այդ հուշարձանների մեջ մտնում են նախկին Հունոտ գյուղատեղին՝ իր բնակելի տներով, ջրաղացներով, գյուղի կամրջով և գերեզմանոցով, մի շարք քարանձավներ, հայտնի Մամռոտ քարը և այլ բնության և պատմության հուշարձաններ:
Հունոտ գյուղը. Հունոտ գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում, Կարկառ գետի ձախ ափին։ Գյուղի ավերակներն այսօր զբաղեցնում են մոտ 1,5 հեկտար տարածք: Բնակավայրը ներկայումս ավերված է, պահպանվել են մեկ տասնյակից ավել կիսավեր բնակելի տներ, կամուրջը, մի քանի ջրաղաց, գյուղի գերեզմանոցը:
Պահպանվել են գյուղատեղու տներից մի քանիսը, որոնք պատրաստված են տեղական անմշակ կրաքարից՝ կրաշաղախի կիրառմամբ: Տներից շատերն ունեցել են հայկական գյուղական կենցաղին բնորոշ երդիկներ, որոշները եղել են երկհարկ (նկ. 3-5):
Ջրաղացներ: Ուշագրավ են գյուղի մեկ տասնյակից ավել ջրաղացները, որոնք վկայում են, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին այս ջրաղացները Շուշի քաղաքին ալյուր մատակարարելու գործում կարևոր դեր են ունեցել: Ջրաղացներից մի քանիսի վրա առկա է արձանագրություն, որտեղ նշված է կառուցման տարեթիվը և սեփականատերը (նկ. 6, 7):
Կամուրջը: Կամուրջները կարևոր դեր ունեին Շուշին մնացած աշխարհին կապելու մեջ: Գետի վրա պահպանվում են մի շարք կամուրջներ, որոնց շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Հունոտի կամուրջը` ներկայիս Մխիթարաշեն գյուղի տարածքում, գյուղից մոտ 1կմ հեռավորության վրա: Այն կառուցվել է 1720 թվականին և հետիոտնի համար ծառայում էր նախքան օկուպացիան (նկ. 8):
Գերեզմանոց: Գերեզմանոցը գտնվում է «Հունոտ» գյուղատեղիից հյուսիս և զբաղացնում է ավելի քան 0,7 հա տարածք: Տապանաքարերի մեծ մասը պատկանում է 18-19-րդ դարերին:
Պարիսպներ և պաշտպանական շինություններ: Շուշի ժայռամրոցից Հունոտի կիրճ տանող տարբեր հատվածներում կառուցված են պաշտպանական շինություններ, պարսպապատեր, ամրոց-աշտարակներ, որոնց երկարությունը 35-40մ է: Դրանք պաշտպանական դեր են խաղացել ոչ միայն բնակչության, այլև ջրաղացների և այլ տնտեսական շինությունների համար:
Քարանձավ «Ավան Կարան»: Կիրճը հայտնի է մի շարք քարանձավներով, որոնց շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Հունոտի կիրճի ամենամեծ ու նշանավոր` «Ավանա կարան» կոչվող քարանձավը: Ավանա Կարանը գտնվում է Շուշիի հարավ-արևմուտքում գտնվող դժվարանցելի մի վայրում, որը կոչվում է Ավանի Քերծ: Այն դեռևս հնագույն ժամանակներից մինչև միջնադար ծառայել է որպես բնակատեղ-պատսպարան: Քարանձավն ունի մոտ 75 մետր խորություն և մինչև 15 մետր հասնող լայնություն, իսկ բարձրությունը 7-10 մետր է: Ըստ ավանդության, այստեղ բավականին երկար ժամանակ ապրել և գործել է Ավան հարյուրապետը, որի մասին վկայություններ է փոխանցել Եսայի կաթողիկոսը (նկ. 8-9): Ավանի կարանի մոտ ընդարձակ պեղումներ է իրականացրել Արցախի հնագիտական արշավախումբը:
Չափազանց ուշագրավ կարելի է համարել Հունոտի կիրճի` Ավանի կարան կոչվող ամրացված քարանձավի մոտի ամրոցի հետախուզական պեղումները: Նրա վերին հարթակի մաքրման ժամանակ բացված թոնրի շրջակայքից և լիցքից գտնվել են 12-14-րդ դդ. վերաբերող նյութերի բազմաթիվ նմուշներ: Հատուկ նշելի են մոնղոլական տիպի նետասլաքն ու չինական սելադոնի բեկորը, որոնք ոչ միայն ապացուցում են, որ Շուշիի սարահարթի արևելյան` Հունոտի կիրճը բնակեցված էր այդ ժամանակ, այլև, որ այստեղով անցնում էր առևտրական մի ճանապարհ, որի պահպանության համար էլ Խաչենի իշխանները ստեղծել էին այս ամրությունները: Այս նոր տվյալները հիմք են տալիս հենց այստեղ տեղադրել պատմիչների հիշատակած Կարկառ ամրոցը, որը 17-րդ դ. վերջերին` հայ ազատագրական շարժումների ժամանակ վերակառուցվեց և ստացավ Ավանի կամ Փոքր սղնախ անունը։ Կիրակոս Գանձակեցին Կարկառ ամրոցը թվում է Հասան Ջալալին պատկանող («զհայրենիս») այն երեք ամրոցների շարքում, որոնք խլել էին թուրքերն ու վրացիները, իսկ Բաթու խանը` իր որդի Սարթախի միջնորդությամբ` դրանք ետ էր վերադարձրել իշխանին. «Եւ տարեալ առ հայրն իւր, մեծապատիւ արար և ետ ի նա զհայրենիս իւր զՉարաբերդ և զԱկանայ և զԿարկառն, զոր հանեալ էին յառաջագոյն ի նմանէ ազգն թուրքաց և վրաց»(Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1961, էջ 359)։ Նախնական եզրակացությունն այն է, որ ոչ թե պարսիկ ու թուրք եկվորները, այլև նրանցից առաջ հայ Մելիք Շահնազարն ու Ավան հարյուրապետը 18-րդ դարի սկզբներին ամրացրել-վերակառուցել են արդեն դարեր առաջ հայ իշխանների կողմից հիմնված ու կարևորված ամրակետերը https://monumentwatch.org/hy/2023/05/09/%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b6%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%ab%d5%b6-%d5%a8%d5%bd%d5%bf-%d5%b0%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a5/
Քարանձավ «Ալեքսանա Ղուզե»: Քարանձավը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Քարինտակ գյուղի մոտակայքում` Կարկառ գետի աջ ափին:
Քարանձավը «Ալեքսանա ղուզուն կարան» անվամբ հիշատակում են Մ․ Բարխուտարյանցը և Ե․ Լալայանը (Բարխուտարեանց 1895, 135, Լալաեան 1897, 18)։ 2016 թվականից սկսած այստեղ իրականացվում էին հնագիտական պեղումներ, որոնք շարունակվել են մինչև 2020 թվականը։ Պեղումների ընթացքում բացահայտվել է միջին քարեդարից մինչև պղնձի դար թվագրվող մշակութային շերտերի շարունակական հաջորդականություն։ Քարանձավում իրականացված դաշտային աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 20000 բրածո ոսկրանյութ (Անտոնոսյան 2021, 67):
Քարին Տակ քարանձավը գիտական մեծ նշանակություն ունեցող հնավայր է, որը կարևոր տեղեկություններ է պահպանում քարեդարյան ժամանակաշրջանից ի վեր տարածքի հնագույն կենսամիջավայրի, մարդու վաղ բնակեցման և էկոլոգիական հարմարվողականության մասին (նկ. 11):
Մամռոտ քար: Այն իրենից ներկայացնում է ժայռի մեջ բնականորեն ձևավորված և բնական հուշարձանի վերածված խոռոչներ, որոնք մամռակալելով, վեր են ածվել մի ամբողջական մամռապատ հովանոցի, որի բոլոր կողմերից թափվում են ջրային շիթերը: Ջուր-աղբյուրը բավականին հորդառատ է, սկզբնավորվում է սկիզբ է առնում կիրճի ներսից: Այս ամենը հաղորդում է մեծ գրավչություն, իրեն ձգելով բազմաթիվ այցելուների: Ջրային կաթոցների հետևանքով առաջանում են կրաքարային գոյացումներ` տարբեր ձեւավորումներով, որոնք որպես հուշ, այդ ինքնատիպ բնական հուշարձանում գտնվելու վկայություն, իրենց հետ տանում են այցելուները (նկ. 12, 13):
Գործունեությունը պատերազմից առաջ
Պատերազմից առաջ արգելոցը գտնվում էր բարեկարգ վիճակում։ Քայլարշավային երթուղիներն ու հանգստի գոտիները պարբերաբար թարմացվում և կահավորվում էին։ Այն տեղացիների և զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում ունեցող արգելոցներից էր։ Այստեղ պարբերաբար անց էին կացվում նաև հայկական ազգային տոներին նվիրված միջոցառումներ և ծրագրեր (նկ. 14)։
Վիճակը պատերազմից հետո
2023 թվականի հայերի բռնի տեղահանումից հետո արգելոցի վիճակի մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։
Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները
Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։
Օգտագործված աղբյուրներ
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․ Արցախ, Բագու։
- Լալայան 1897 - Լալայան Ե․, Վարանդա, «Ազգագրական հանդես», գիրք II, Թիֆլիս:
- Անտոնոսյան 2021 - Անտոնոսյան Մ., Ստենտոն Դ., Ամանո Ն., Եպիսկոպոսյան Լ, Քարին Տակ քարանձավի ոսկրանյութում մոլեկուլային պահպանվածության գնահատում, ՀՀ ԳԱԱ զեկույցները, N 1։