
Շուշիի գորգերի թանգարանը
Պատմությունը
Շուշիի գորգերի թանգարանը (նկ. 1) հիմադրվել է 2011 թվականին, իսկ ցուցադրության բացումը տեղի է ունեցել 2013 թվականին։ Թանգարանի հիմնադիրը Վարդան Ասծատրյանն էր, ով տարբեր երկրներից և Արցախի տարբեր շրջաններից հավաքել էր արցախյան գորգերը և դրանք տեղափոխել Արցախ։ Թանգարանը գործում էր Շուշիի պատմական շենքերից մեկի երկրորդ հարկում, որը 2012 թվականի օգոստոսին, մոսկվայաբնակ հովանավոր Կարո Սարգսյանի կողմից անհատույց տրամադրվել է թանգարանին։
Շուշի քաղաքը 2020 թվականից օկուպացված է Ադրբեջանի կողմից:
Հավաքածուն
Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուն Արցախի ամենամեծ մասնավոր թանգարանային հավաքածուներից մեկն էր։ Այստեղ ցուցադրվում էին մեծամասամբ գորգեր, որոնք համադրված էին մ. թ. ա. 2-1-ին հազարամյակով թվագրվող խեցանոթներով, Արցախի 16-20-րդ դարասկզբի արհեստներին և կենցաղին վերաբերող նմուշներով և գեղանկարներով (նկ. 2-8)։
Թանգարանի գորգերի հավաքածուն բաղկացած էր 860 նմուշից, որից 300-ը՝ Արցախյան տիպի գորգերն («Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Արծվագորգ» և այլն) ու կարպետներն էին։
Թանգարանի հավաքածուի եզակիությունն այն էր, որ բոլոր գորգերի դեպքում հայտնի էր դրանց ծագման աղբյուրը՝ վայրը և գորգագործ վարպետը կամ առաջին սեփականատերը։
Հայկական գորգերից բացի թանգարանում ցուցադրվում էին նաև թուրքմենական, աֆղանական և պարսկական գորգերի օրինակներ, ինչպես նաև ռուսական մշակույթի որոշ նմուշներ։
2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ Վարդան Ասծատրյանը կազմակերպել է Շուշիի գորգերի թանգարանի մշակութային արժեքների տարհանումը Երևան։ Հաջողվել է տարհանել թանգարանի կարևոր նմուշներից 160-ից ավելի գորգ և կարպետ, 30-ից ավելի խեցեգործական առարկաներ և իրեր։
Գործունեությունը պատերազմից առաջ
Շուշիի գորգերի թանգարանը Արցախ այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից էր։ Սակայն դրանից զատ, այն կարևոր հիշողության կենտրոն էր, որտեղ ներկայացված էին Արցախի գորգագործական ավանդույթները։ Թանգարանում պարբերաբար կազմակերպվում էին ժամանակավոր ցուցադրություններ՝ որտեղ ներկայացվում էին թանգարանի նոր համալրումները։ Այսինքն թանգարանը բուն հավաքածուի ցուցադրությունից զատ ուներ նաև կարևոր գիտական և սոցիալական գործառույթ։
Վիճակը պատերազմից հետո
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հոկտեմբերի 29-ին հրետակոծվել և վնասվել է նաև թանգարանի շենքը։ Պատերազմի ընթացքում թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանին հաջողվել է նոյեմբերի 1-ին հավաքածուի մի փոքր մասը՝ 160 գորգ և կարպետ տեղափոխել Երևան և փրկել դրանք։ Ավելի ուշ այս փրկված հավաքածուի հիման վրա երկու ցուցադրություն է կազմակերպվել՝ առաջինը բացվել է 2021 թվականի սեպտեմբերի 2-ին Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում (Երևանում բացվեց Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշների ցուցադրությունը), մյուսը՝ 2023 նոյեմբերի 21-ին՝ Վանաձորում՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում (Շուշիի գորգերի թանգարանը ցուցադրվեց Վանաձորում)։
Թանգարանում մնացածը հավաքածուի ճակատագիրն անհայտ է։ Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական լրատվական գործակալություններում տարածված տեղեկություններից, 2023 թվականի մայիսի 10-ին Շուշիում բացվել է Բաքվում գործող Գորգի ազգային թանգարանի մասնաճյուղը, որին ներկա են եղել նաև Ադրբեջանի նախագահն ու նրա տիկինը (The activity of the Shusha branch of the Azerbaijan National Carpet Museum has been restored after 31 years)։ Թանգարանը բացվել է նույն շենքում, որտեղ նախքան 44-օրյա պատերազմը գործում էր «Շուշիի գորգերի թանգարանը»։ Ցուցադրվող գորգերի մի մասը պատկանում էին գորգերի թանգարանին։
Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները
Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։
Գրականություն
- Գորգերի թանգարան Շուշիում - https://web.archive.org/web/20180210015249/http://hushardzan.am/18568/ (հրապարակվել է՝ 05.12.2017)
- Երևանում բացվեց Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշների ցուցադրությունը - https://www.azatutyun.am/a/31113074.html (հրապարակվել է՝ 20.02.2021)
- Շուշիի գորգերի թանգարանը ցուցադրվեց Վանաձորում - https://www.aravot.am/2022/11/21/1306032/ (հրապարակվել է՝ 21.11.2023)
- The activity of the Shusha branch of the Azerbaijan National Carpet Museum has been restored after 31 years (in Azerb.) - https://apa.az/official-news/azerbaycan-milli-xalca-muzeyinin-susa-filialinin-fealiyyeti-31-ilden-sonra-berpa-edilib-yenilenib-764056 (հրապարակվել է՝ 10.05.2023)
- Petrosyan, H., Muradyan, H., Yeranyan, N. (2025). The museums of Artsakh (Nagorno-Karabakh): Through peace, war and displacement, Yerevan.