Պեղումներ Ազոխում

Ինչպես հայտնում է ադրբեջանական Ազերթաջ գործակալություն, ս.թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Գիտության և կրթության նախարարության ղեկավարությունն ու ներկայացուցիչները այցելել են Արցախում գտնվող Ազոխ քարանձավ և ծանոթացել այնտեղ միջազգային արշավախմբի կողմից անցկացված հնագիտական պեղումներին։ Պատվիրակության կազմում են եղել Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Իսա Հաբիբբեյլին, գիտության և կրթության փոխնախարար Իդրիս Իսաևը, Գիտության և բարձրագույն կրթության պետական գործակալության տնօրեն Ուլքար Սատտարովան, Գիտության և կրթության նախարարության գիտության, բարձրագույն և մասնագիտական կրթության վարչության պետ Թուրքհան Սուլեյմանը և ուրիշներ (https://azertag.az/xeber/azix_magarasinda_aparilan_tedqiqatlarla_tanisliq_olub-4390961)։

2020 թվականից օկուպացված Ազոխի քարանձավում 2023 թվականին սկսված միջազգային արշավախմբի գործունեության և տարածքում հայտնաբերված նյութական ու մշակութային նմուշների մասին մանրամասն տեղեկություններ է տրամադրել Հնագիտության և մարդաբանության ինստիտուտի տնօրեն, դոցենտ Ֆարհադ Գուլիևը, Գերմանիայի Լեյզա ինստիտուտի հետքաբանության և վերահսկվող փորձերի լաբորատորիայի ղեկավար Ժոաո Մարեյրոսը, Ազոխի արշավախմբի ղեկավար, Հնագիտության և մարդաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող և Ղարաբաղի համալսարանի Ազոխի հնագիտական հետազոտությունների և վերլուծության լաբորատորիայի ղեկավար Աջդար Բաբազադեն։

Ադրբեջանցի գիտնականներից բացի, 2023 թվականից գործող Ազոխի միջազգային հնագիտական արշավախմբի աշխատանքներում ներգրավված են եղել նաև այնպիսի երկրների հետազոտողներ, ինչպիսիք են Գերմանիան, Պորտուգալիան, ԱՄՆ-ն, Դանիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Հունաստանը, Սլովակիան, Պակիստանը և Ֆրանսիան։ Միևնույն ժամանակ, առաջին օրվանից պեղումներին և հետազոտություններին սերտորեն մասնակցել են Ղարաբաղի համալսարանի, Ադրբեջանի լեզուների համալսարանի, Անգլիայի Օքսֆորդի համալսարանի և Պորտուգալիայի Ալգարվեի համալսարանի ուսանողներն ու մասնագետները։

Հաղորդման մեջ որևէ անդրադարձ չկա ինչպես նախորդ տարիներին Արցախի հանրապետության իշխանությունների կողմից կազմակերպված հայ և միջազգային մասնագետների կողմից ձևավորված արշավախմբի պեղումներին, այնպես և 2020 թվականի պատերազմի արդյունքում Ազոխ գյուղում մնացած այդ պեղումների հնագիտական գտածոների մասին։

Ազոխի քարանձավը գտնվում է Արցախի հանրապետության հարավ-արևելյան մասում՝ Հադրութի շրջանի Ազոխ գյուղի մոտ: Տեղակայված է գետահովտի վերևում՝ նույնանուն գյուղից շուրջ 200 մետր բարձրության վրա: Ազոխի քարանձավն աշխարհագրորեն տեղակայված է բնական միջանցքում, որով հնագույն մարդիկ և կենդանիները գաղթել են Աֆրիկայից դեպի Եվրոպա և Ասիա։

Ազոխի քարանձավը մարդու վաղ բնակեցման կարևոր հնագիտական հուշարձաններից է: Այն բնական ընդարձակ քարայր է` բաղկացած է մի քանի սրահներից, որոնք միմյանց միանում են նեղ միջանցքներով և մուտքերով: Գլխավոր և ամենամեծ մուտքի պեղումներն սկսվել են 1960 թ.՝ ադրբեջանցի հնագետ Մ. Հուսեյնովի կողմից, ով մինչև 1980 թվականը ղեկավարել է հնավայրի պեղումները (Гусейнов 1971, 477): Պեղումների առաջին փուլում հնավայրից հայտնաբերվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված: Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջանների միջև անցումային ժամանակաշրջանին, որը ներկայումս համարվում է հեյդելբերգյան մարդու դարաշրջան (Fernandez-Jalvo, King, Yepiskoposyan, Andrews 2016, 12):

Պեղումների այս փուլում բավական մեծ տեղեկատվություն է կորել, քանի որ դրանք համակարգված և միջգիտակարգային բնույթ չէին կրում: Քարանձավին վնաս են հասցրել նաև ուսումնասիրության համար արշավախմբի ընտրած մեթոդն ու գործիքակազմը: Պեղումների երկրորդ փուլում մասնագետների կողմից փաստվել է, որ քարանձավի որոշ հատվածներում նախկինում պայթեցումներ են արվել: Դա են վկայում ոչ միայն ականատեսների տեղեկությունները, այլև քարանձավի մուտքի մոտ ժայռի որոշ կտրվածքներ: Ականատեսների վկայությամբ, պեղումների համար երբեմն գործածվել է նաև վակումային պերֆերատոր: Սա իր անվերադարձ հետքն է թողել հուշարձանի վրա: Չի բացառվում, որ նման գործիքի կիրառման պատճառով է վնասվել նաև այստեղից հայտնաբերված մարդու ստորին ծնոտի բեկորը:

2002 թվականից սկսած` Արցախի հանրապետության Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հնավայրում հետազոտություններ է իրականացրել Ազոխի միջազգային արշավախումբը: 2002-2009 թվականների հետազոտություններին մասնակցել է 35 մասնագետ աշխարհի 8 երկրից՝ այդ թվում՝ Հայաստան, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Իռլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրալիա և Հարավային Աֆրիկա:

Արշավախմբի աշխատանքներում կիրառվել են պեղումների արդի և համակարգված մեթոդներ. գտածոների եռաչափ արձանագրում՝ դրանց տարածական և ժամանակային բաշխվածություն տեղեկատվությունն ապահովելու նպատակով, նստվածքաշերտերի զննում՝ մանր կաթնասունների հայտնաբերման նպատակով, երկրաբանական մանրազնին աշխատանք՝ ուղղված քարանձավի շերտագրության ուսումնասիրմանը, ինչպես նաև հաջորդականության ռադիոմետրիկ թվագրում (Fernandez-Jalvo, King, Yepiskoposyan, Andrews 2016, 10-20):

Պեղումների նոր փուլը հայտնաբերել է պլեյստոցենից մինչև հոլոցեն ընկած ժամանակահատվածի երկար և գրեթե շարունակական շերտագրական հաջորդականություն: Բացի այդ, վկայություն կա, որ այս տարբեր ժամանակաշրջանների ընթացքում քարանձավում բնակվել են հնագույն մարդկանց երեք տեսակ՝ Homo heidelbergensis, Homo neanderthalesis, Homo sapiensis (մանրամասն տե՛ս https://monumentwatch.org/hy/2025/12/21/%D5%A1%D5%A6%D5%B8%D5%AD%D5%AB-%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B1%D5%A1%D5%BE-%D5%A2%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%A3%D5%A5%D5%AC%D5%B8/):