
Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) տուն-թանգարանը
Պատմությունը
Առաջին Արցախյան պատերազմից հետո Արցախի գրեթե բոլոր երկրագիտական թանգարաններում ստեղծվեցին Արցախյան պատերազմին և զոհված ազատամարտիկներին նվիրված փառքի և հիշատակի անկյուններ, իսկ երբեմն էլ՝ առանձին թանգարաններ։ Դրանցից մեկը Շուշի քաղաքում բացված Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) տուն-թանգարանն էր, որը նվիրված էր Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակից և հրամանատար Վարդան Ստեփանյանի հիշատակին։ Թանգարանը բացվել է 2019 թվականի մայիսի 10-ին։
Վարդան Ռուբենի Ստեփանյանը ծնվել է 1966 թվականի մարտի 9-ին Երևանում և զոհվել 1992 թվականի հուլիսի 3-ին (Նկ. 1)։ Նա Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից էր, Շուշիի ազատագրման մարտերում գործող խմբերից մեկի հրամանատարը։
Թանգարանի պատերին պատերին փակցված էին Վարդան Ստեփանյանի լուսանկարները և դիմանկարները, իսկ դարակներում ու սեղանի վրա ներկայացված էին նրա անձնական իրերը, լուսանկարներ և գրքեր (Նկ. 2, 3)։ Այն դասվում էր Արցախի մասնավոր թանգարանների շարքին։
2020 թվականի 44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Շուշի քաղաքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Հավաքածուն
Թանգարանի ցուցադրությունում ներկայացված էին Վարդան Ստեփանյանի անձնական իրերը, լուսանկարները և գրքեր՝ թվով 26 միավոր, որոնք տեղափոխվել էին Երևանում գտնվող տուն-թանգարանից (Նկ. 1–4)։
Հյուրասենյակի կենտրոնական պատին փակցված էր Վարդան Ստեփանյանի մեծադիր դիմանկարը՝ եռագույնի ֆոնին, անվան, ծննդյան և զոհվելու թվականների նշումով (Նկ. 1, 3)։ Ներկայացված էին նաև ընտանեկան լուսանկարներ, հուշանվերներ և պարգևներ (Նկ. 2, 3)։
Սեղանին ցուցադրված էին Վարդան Ստեփանյանին նվիրված տպագիր և ձեռագիր նյութեր՝ 2016 թվականի թերթի համար, որի շապիկին նրա լուսանկարն էր, իսկ ներսում՝ իր իսկ հեղինակած բանաստեղծությունը, «Հուշամատյան» ալբոմը՝ «Երանի այն մարդուն, որը Մասիս սարը տուն կբերի» խոսքերով, երգարան և նոտագրված երգեր, ձեռագիր թերթեր և գրքեր (Նկ. 4)։
Գործունեությունը պատերազմից առաջ և հետո
Թանգարանը բացվել էր 2020 թվականի պատերազմից ընդամենը մեկուկես տարի առաջ և չէր հասցրել լայն գործունեություն ծավալել։ Այն ծառայում էր որպես Արցախյան ազատամարտի և դրա մասնակիցների հիշատակի վայր և այցելուներին ներկայացնում էր Շուշիի ազատագրման մարտերի մասնակիցներից մեկի կյանքն ու գործունեությունը։ Պատերազմից հետո թանգարանի շենքի և հավաքածուի վիճակի ու գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ։
Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները
Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և նրա հավաքածուի պաշտպանության միջազգային իրավական հիմքը կազմում են «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիան և նրա երկու արձանագրությունները (1954 և 1999 թթ.)։ Կոնվենցիան թանգարաններն ու դրանց շարժական արժեքները հատուկ նշում է որպես պաշտպանության ենթակա մշակութային արժեքներ (1-ին հոդված)։ Կոնվենցիայի 4-րդ հոդվածը պարտավորեցնում է կողմերին հարգել մշակութային արժեքները, արգելում է դրանց նկատմամբ գողության, կողոպուտի, յուրացման և վանդալիզմի ցանկացած դրսևորում, ինչպես նաև դրանց դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունները։ Առաջին արձանագրությունը (1954) արգելում է մշակութային արժեքների արտահանումը գրավյալ տարածքից և պարտավորեցնում է վերադարձնել արտահանված արժեքները, ինչը հատկապես կարևոր է թանգարանում մնացած անձնական իրերի, լուսանկարների և գրքերի համար։ Երկրորդ արձանագրությունը (1999) ուժեղացնում է մշակութային արժեքների պաշտպանությունը գրավյալ տարածքներում (9-րդ հոդված), իսկ 15-րդ հոդվածով դրանց դեմ լուրջ խախտումները որակում է որպես քրեորեն պատժելի հանցագործություններ։
Պատմական հուշարձանների և կրոնին, կրթությանը, արվեստին կամ գիտությանը նվիրված շենքերի դեմ դիտավորյալ հարձակումները պատերազմական հանցագործություն են համարվում նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտով (8-րդ հոդված)։ Մշակութային արժեքների ոչնչացումն արգելվում է նաև պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի չորս կոնվենցիաներով և դրանց լրացուցիչ արձանագրություններով, ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրերով։
Գրականության ցանկ
- Petrosyan H., Muradyan H., Yeranyan N., The Museums of Artsakh (Nagorno-Karabakh): Through Peace, War and Displacement (անգլերեն)։
- ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շտեմարան։
- UNESCO, Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict with Regulations for the Execution of the Convention (1954 Hague Convention), Paris, 1954, https://www.unesco.org/en/legal-affairs/convention-protection-cultural-property-event-armed-conflict
- UNESCO, UNESCO Is Awaiting Azerbaijan’s Response Regarding Nagorno-Karabakh Mission, 2024, https://www.unesco.org/en/articles/unesco-awaiting-azerbaijans-response-regarding-nagorno-karabakh-mission
- European Parliament, Joint Motion for a Resolution on the Situation in Azerbaijan, Violation of Human Rights and International Law and Relations with Armenia, 2024, https://www.europarl.europa.eu/doceo/document/RC-10-2024-0133_EN.html
- International Criminal Court, Rome Statute of the International Criminal Court, https://www.icc-cpi.int/sites/default/files/2024-05/Rome-Statute-eng.pdf