Տումի գյուղի Թևան Ստեփանյանի անվան տուն-թանգարան (Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի մասնաճյուղ)

Պատմությունը

Տումի գյուղի Թևան Ստեփանյանի տուն-թանգարանը Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի մասնաճյուղն էր, որն իր հերթին Արցախի պատմաերկրագիտական պետական թանգարանի մասնաճյուղ էր։ Թանգարանը հիմնադրվել է 2016 թվականին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տումի գյուղում՝ 19-րդ դարի արցախահայության ազատագրական պայքարի նշանավոր գործիչ, զորահրամանատար Թևան Ստեփանյանի ծննդավայրում։

Թանգարանի բակում էր գտնվում Թևան Ստեփանյանի կիսանդրին, որը հերոսի հայրենի գյուղում տեղադրվել էր 2011 թվականին։

Հավաքածուն

Թանգարանի հավաքածուն համեստ էր՝ ընդգրկում էր 50 ցուցանմուշ (նկ. 1-4)։ Դրանք պատկերացում էին տալիս 19–20-րդ դարերի Արցախի պատմամշակութային միջավայրի և կենցաղի մասին և ներկայացնում էին Թևան Ստեփանյանի կյանքն ու գործունեությունը։ Ցուցադրության մեջ էին ավանդական կենցաղային իրեր՝ կավե կճուճներ և կժեր, փայտե տակառիկներ, ափսեներ և շերեփներ, նավթի լամպեր և այլն։

Նկ. 1. Կավե կճուճներ թանգարանի ցուցադրությունից։

Նկ. 3. Փայտե տակառիկներ, դույլ և թիթեղյա ջրաման։

Նկ. 2. Կավե կժեր, հետին պլանում՝ նավթի լամպ և այլ կենցաղային իրեր։

Նկ. 4. Փայտե ափսեներ, շերեփ և այլ կենցաղային իրեր։

Գործունեությունը պատերազմից առաջ

Թանգարանը Արցախում ամենավերջին ստեղծված թանգարաններից էր, սակայն, չնայած դրան, ակտիվ դերակատարում ուներ համայնքի կյանքում։ Այստեղ պարբերաբար կրթական ծրագրեր էին իրականացվում գյուղի դպրոցի աշակերտների համար՝ նպաստելով պատմական գիտելիքի պահպանմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը։

Վիճակը պատերազմից հետո

2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում Տումի գյուղը, թանգարանը և նրա հավաքածուն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Թանգարանի շենքի և հավաքածուի ներկա վիճակի մասին տեղեկություններ չկան։ Մայր թանգարանի՝ Հադրութի հայրենագիտական թանգարանի շենքը, ադրբեջանական զինված ուժերի տարածած տեսանյութի համաձայն, զորավարժությունների ժամանակ օգտագործվել է որպես թիրախ և պայթեցվել։

Պատերազմից շատ չանցած՝ 2021 թվականի մայիսի 14-ին, «Ինստագրամ» սոցիալական հարթակում տարածվեց լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ գետնին տապալել թանգարանի բակում գտնվող Թևան Ստեփանյանի կիսանդրին։ Դեպքը փաստագրվել է մեր հետազոտական խմբի կողմից և հրապարակվել «Մոնումենթ Վոչ» ակադեմիական հարթակում (Monument Watch 2021)։

Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները

Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և նրա հավաքածուի պաշտպանության միջազգային իրավական հիմքը կազմում են «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիան և նրա երկու արձանագրությունները (1954 և 1999 թթ.)։ Կոնվենցիայի 4-րդ հոդվածը պարտավորեցնում է կողմերին հարգել մշակութային արժեքները, արգելում է դրանց նկատմամբ գողության, կողոպուտի, յուրացման և վանդալիզմի ցանկացած դրսևորում, ինչպես նաև դրանց դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունները։ Առաջին արձանագրությունը (1954) արգելում է մշակութային արժեքների արտահանումը գրավյալ տարածքից և պարտավորեցնում է վերադարձնել արտահանված արժեքները։ Երկրորդ արձանագրությունը (1999) ուժեղացնում է մշակութային արժեքների պաշտպանությունը գրավյալ տարածքներում (9-րդ հոդված), իսկ 15-րդ հոդվածով դրանց դեմ լուրջ խախտումները որակում է որպես քրեորեն պատժելի հանցագործություններ։

Պատմական հուշարձանների և մշակույթին նվիրված շենքերի դեմ դիտավորյալ հարձակումները պատերազմական հանցագործություն են համարվում նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտով (8-րդ հոդված)։ Մշակութային արժեքների ոչնչացումն արգելվում է նաև պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի չորս կոնվենցիաներով և դրանց լրացուցիչ արձանագրություններով, ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրերով։

2020 թվականի պատերազմից անմիջապես հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանից թույլտվություն է խնդրել՝ նրա վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության վիճակը գնահատելու համար փաստահավաք առաքելություն ուղարկելու նպատակով, սակայն Ադրբեջանը մինչ օրս թույլ չի տվել այդ առաքելության մուտքը։ Եվրոպական խորհրդարանը 2024 թվականի հոկտեմբերի 23-ի բանաձևով (2024/2890(RSP)) կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը, անտեսումը կամ յուրացումը և թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը մուտք գործել տարածաշրջան։

Գրականության ցանկ

  1. Petrosyan H., Muradyan H., Yeranyan N., The Museums of Artsakh (Nagorno-Karabakh): Through Peace, War and Displacement (անգլերեն)։
  2. Monument Watch 2021 – Հադրութի շրջանի Տումի գյուղում գտնվող Թևան Ստեփանյանի կիսանդրու ավերումը, 02.09.2021, https://monumentwatch.org/hy/alerts/%D5%B0%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB-%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A3%D5%BF%D5%B6%D5%BE%D5%B8/
  3. UNESCO, Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict with Regulations for the Execution of the Convention (1954 Hague Convention), Paris, 1954, https://www.unesco.org/en/legal-affairs/convention-protection-cultural-property-event-armed-conflict
  4. UNESCO, UNESCO Is Awaiting Azerbaijan’s Response Regarding Nagorno-Karabakh Mission, 2024, https://www.unesco.org/en/articles/unesco-awaiting-azerbaijans-response-regarding-nagorno-karabakh-mission
  5. European Parliament, Joint Motion for a Resolution on the Situation in Azerbaijan, Violation of Human Rights and International Law and Relations with Armenia, 2024, https://www.europarl.europa.eu/doceo/document/RC-10-2024-0133_EN.html
  6. International Criminal Court, Rome Statute of the International Criminal Court, https://www.icc-cpi.int/sites/default/files/2024-05/Rome-Statute-eng.pdf