Ադրբեջանը ոչնչացրել է Հալիվորի կամուրջը
Ինչպես հստակ երևում է ‹‹Կովկասի ժառանգության մշտադիտարկում›› (“Caucasus Heritage Watch” // https://caucasusheritage.cornell.edu/) կայքի հրապարակած տիեզերական լուսանկարից (նկ. 1, https://caucasusheritage.cornell.edu/?p=1416) Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Հանրապետության օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2 կմ հարավ-արևմուտք գտնվող և 1835 թվականին կառուցված պատմական կամուրջը (նկ. 2): Կամրջի կառուցման մասին էր վկայում հայերեն շինարարական արձանագրությունը (նկ. 3): Կամրջի մասին ավելի մանրամասն տես՝ Հալիվորի կամուրջը - Monument Watch։
Մեր արձագանքը
Կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է հայկական հետքերի ոչնչացումը Արցախի գրավյալ շրջաններում: Օկուպացված Հադրութի շրջանի տարածքում ադրբեջանական կողմը իրականացնում է մեծածավալ ճանապարհաշինարարական, ռազմական բնույթ կրող ինժեներական աշխատանքներ, որոնք վտանգում են Հադրութի շրջանի բազմաթիվ հուշարձանները, ինչի մասին բարձրաձայնվել է բազմաթիվ անգամ. «Ադրբեջանական ճանապարհները» և վտանգված հայկական մշակութային ժառանգությունը - Monument Watch, Սղնախի գերազմանոցի ավերումը (Թարմացում) - Monument Watch։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի առաջին արձանագրության՝ գրավյալ տարածքներում արգելված է ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության համաձայնագրերի կողմից։