Ադրբեջանը ոչնչացրել է Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին
Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կառույցի կողմից հրապարակված արբանյակային տեսագրությունների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին: Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկման այս կառույցը թվիթերյան իր հայտարարության մեջ մասնավորապես նշում է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու ավերումը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշման առաջին խոշոր խախտումն է, որով դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին զերծ մնալ մշակութային ցանկացած արժեքների ցանկացած ոչնչացումից, ներառյալ, բայց չսահմանափակվելով նյութական արժեքներով։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ որդեգրված այս քաղաքականությունը միտում ունի խորացնելու ազգերի միջև ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը և չի նպաստում տարածաշրջանում տևական խաղաղության վերահաստատմանը։
Սուրբ Սարգիս եկեղեցին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում հայտնվել էր Ադրբեջանի տիրապետության տակ։ Այն ուղղանկյուն հատակագծով միանավ թաղակապ սրահ էր։ Կառուցված էր տեղական սպիտակ կրաքարով և կրաշաղախով։ Եկեղեցին տեղադրված էր թեքադիր լանջի վրա, ինչի հետևանքով հյուսիս-արևելյան հատվածն արտաքուստ խրված էր գետնի մեջ։ Շքամուտքն ուներ ընդգծված ծավալային լուծում, սրբատաշ զանգվածեղ խարիսխներ և կիսասյուներ, քանդակազարդ խոյակներ ու կամար, լայն բարավոր։ Կառուցման հավանական ժամանակը՝ 18-19-րդ դարեր։
Եկեղեցու վիճակը 44-օրյա պատերազմից առաջ և հետո նկարագրել էր Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում թիմը (մանրամասն տե՛ս https://monumentwatch.org/hy/monument/%d5%b4%d5%b8%d5%ad%d6%80%d5%a5%d5%b6%d5%a5%d5%bd%d5%ab-%d5%bd%d5%a2-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%ab%d5%bd-%d5%a5%d5%af%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab%d5%b6/ )։
Հարկ է հիշեցնել, որ եկեղեցու ոչնչացումը արձանագրող Կովկասի ժառանգության զեկույցը https://caucasusheritage.cornell.edu/index.php/report ներկայացվել է Եվրոպայի Խորհրդարանին, և արդեն դատապարտվել է մի շարք պատգամավորների կողմից և որպես Ադրբեջանի շարունակական քաղաքականության վերջին խոշոր ապացույց ներառվել «Մշակույթի և միջազգային մշակութային հարաբերությունների նոր եվրոպական օրակարգի» զեկույցում, որը մի կողմից դատապարտել է Ադրբեջանին նման գործելակերպի համար, մյուս կողմից ցույց տվել այդպիսի գործելաոճի բացասական հետևանանքերը մշակութային գլոբալ քաղաքականության տիրույթում։
Մեր արձագանքը
Սուրբ Սարգիս եկեղեցու ավերումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում դադարեցնել մշակութային ժառանգությանն ուղղված վանդաիզիմի գործողոթյունները։ Հարկ է հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Ըստ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է և որն իր իր առաջին հոդվածով սահմանում է հետևյալը՝ մշակութային արժեքը «․․․անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։