Արցախի մարդակերպ կոթողները

Արցախի մարդակերպ կոթողները երկրամասի նախաքրիստոնեական մշակույթի կարևոր բաղկացուցիչներից են: Դրանք ուղղանկյունատեսք, տափակ երկայնական սալեր են, որոնց ծավալային և քանդակային մշակումներով մարդատեսքություն է տրված: Նրանց հորինվածքի հիմնական առանցքը մարդու մարմինն է, և մնացած բաղադրիչները պատկերագրորեն և իմաստաբանորեն արժևորվում են նրա հանդեպ ունեցած կապի արդյունքում: Այս սալերը երկու հորիզոնական ակոսների միջոցով բաժանվում են երեք մասի՝ ընդգծելով մարմնի երեք մասերը՝ գլուխը, որը զբաղեցնում է ամբողջ կոթողի 1/3-ից մի փոքր քիչ ծավալ, իրանը և ներքնամասը (նկ. 1, 2): Կոթողներն ունեն մոտավորապես 30-60 սմ լայնություն, 120-140 սմ, երբեմն էլ մինչև 2 մ բարձրություն, մոտ 20 սմ հաստություն։ Հայտնի բոլոր կոթողները պատրաստված են կրաքարից (Yeranyan 2020, 246-252):

Այս տարածքները խորհրդային տարիներին հայտնի պատճառներով բավարար չափով չի ուսումնասիրվել (Պետրոսյան, 2010, 137-148, Petrosyan, 2020, 79-90): Եղած հետազոտություններն էլ ակնհայտորեն քաղաքականացված են: Սա վերաբերվում է նաև մարդակերպ կոթողներին, որոնք ադրբեջանական որոշ հետազոտողներ ներկայացնել են որպես աղվանական` փորձելով դրանց տարածվածությունը հատկապես Արցախում դիտել որպես աղվանական էթնոմշակութային սուբստրատի առկայություն (Халилов , 1987, 22; Ваидов, Геюшев, Гулиев, 1974, 446-447.): Ուստի այդ հուշարձնների հետազոտությունը, նրանց հստակ ժամանակագրության և էթնոմշակութային պատկանելության խնդիրների քննությունը ներկայացնում է ոչ միայն գիտական հետաքրքրություն, այլև հնարավորություն է տալիս մերժել ադրբեջանական զեղծարարությունները:

Կոթողները թեև առանձին օրինակներով հայտնի են դարձել դեռ անցած դարի 60-ական թվականներին, սակայն նրանց տեխնիկական, պատկերագրական, իմաստաբանական քննությունը, նրանց ժամանակագրությունը և հնարավոր էթնոպատկան խնդիրները մնում էին չմանրամասնված, հաճախ էլ` ուղղակի չլուծված: Արցախի ազատագրական պատերազմի արդյունքում նոր հնարավորություններ ստեղծվեցին նաև տարածաշրջանի հնագույն պատմության և մշակույթի հետազոտության համար: Մարդակերպ կոթողների ֆիզիկական մատչելիությունն այն էական իրողությունն ու հանգամանքն էին, որոնք հնարավորություն ստեղծեցին իրականացնել դրանց մանրամասն նկարագրությունը, չափագրումը, լուսանկարումը, ինչպես նաև պատմամշակութային միջավայրի հետազոտությունը:

Վերջին տարիներին երբեմն, իսկ Արցախյան երկրորդ պատերազմից հետո առավել հաճախ, ադրբեջանցի որոշ հետազոտողներ քննադատում են ոչ թե կոթողների հետազոտությանը վերաբերող մոտեցումներն ու մտքերը, այլ առհասարակ դրանք հետազոտելու և վերջիններիս շրջակայքում պեղումներ անելու փաստը։ Ըստ պաշտոնական տեղեկությունների, նրանք անգամ դիմել են Ադրբեջանի դատախազություն, որպեսզի ի թիվս Արցախում վերջին շուրջ երեք տասնամյակում աշխատած հնագետների քրեական գործ հարուցվի նաև Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում այս կոթողների շրջակայքում պեղումներ իրականացնողների դեմ[1]։ Հարկ ենք համարում նշել, որ Արցախում այս կոթողների հետազոտությունների և պեղումների ժամանակ պահպանվել են Արցախի բոլոր օրենքները, պեղումներն իրականացվել են տեղի իշխանությունների հրավերով, իսկ ստացված արդյունքները մշակվել են մեթոդաբանական բոլոր սկզբունքները պահելով։ Ադրբեջանցի հետազոտողների նման ապակառուցողական պահվածքը հուշում է, որ կոթողների հետազոտությունը նրանց համար գիտական հետաքրքրություն չի ներկայացնում և նրանց համար առավել կարևոր են քաղաքական անպատեհ մոտեցումները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ  հայտարարությունից հետո կոթողների մեծ մասը մնացել է Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, նրանց հետագա ճակատագիրը խնդրահարույց վիճակում է գտնվում։

 

Գրականություն

  1. Պետրոսյան 2010 - Պետրոսյան Հ., Մշակութային էթնոցիդն Արցախում (մշակութային ժառանգության բռնայուրացման մեխանիզմը), Ադրբեջանի պետական ահաբեկչությունը և էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ, Շուշի, էջ 137-148.
  2. Petrosyan 2020 - Ethnocide in Artsakh: The Mechanisms of Azerbaijan’s Usurpation of Indigenous Armenian Cultural Heritage, Cultural Heritage. Experiences & Perspectives in International Context, Proceedings of the ROCHEMP center international conference, 23rd- 24th of January 2020, Yerevan, pp. 79-90.
  3. Yeranyan 2020 – Yeranyan N. 2020, Main Results of the Study of Anthropomorphic Stelae in Artsakh, Archaeology of Armenia in regional context, Yerevan, 246-252.
  4. Ваидов P. Геюшев Р. Гулиев Н. Новые находки каменных баб в Азербайджане, АО 1973 года, Москва, Наука, 1974, с. 446-447.
  5. Халилов М. Каменные изваяния Азербайджана (IVв. до н. э. – VII в. н. э. .), Автореф. канд. исторических наук, Ереван, 1987, 22 с.

[1] https://apa.az/az/incesenet-haqqinda/Arxeoloq-Arsax-sozunun-Dadivng-monastirinin-v-Xacin-knyazliginin-ermnilr-qtiyyn-aidiyyti-yoxdur-colorredMUSAHIBcolor-615839?fbclid=IwAR2cyHo3wbk7WEvREeamlPNUTUribGlonaSb4n-xd6cU_y19QMZvPwVYz30