Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին
Ըստ 2021 թվականի հոկտեմբերի 10-ի արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է (նկ․ 1)։ Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի շենքում էին տեղակայված նաև գյուղի գյուղապետարանն ու մշակույթի տունը։ Մադաթաշենի մշակույթի տունը կառուցվել էր 1969 թվականին, և վերանորոգվել 2012 թվականին (https://youtu.be/QUyEuoXq07s 8:11 վայրկյան)։
Եկեղեցու կողքին կար Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձան (նկ․ 2) հուշարձան, որը թշնամին նույնպես ոչնչացրել է գյուղի օկուպացիայից անմիջապես հետո։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է զինված ադրբեջանցի զինվորականը ջարդում, քանդում և ավերում արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանը, կոտրում նրանց նկարներն ու հրճվանքով լուսանկարվում ավերված մշակութային ժառանգության ֆոնին։ Հավելենք, որ մինչ ադրբեջանական օկուպացիան արված տեսանյութը փաստում է, որ (https://youtu.be/QUyEuoXq07s 1։00 վայրկյան), որ կանգուն էին դպրոցն ու նրան կից հուշարձանը։
Մադաթաշեն գյուղի պատմությունը սկսվում է 17-րդ դարի կեսերից, իսկ անունը ստացել է ռուսական բանակի գեներալ Վալերիան Մադաթովի անունից, ում անասնագոմերը հենց այս տարածքում էին գտնվում։ Գյուղական համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորութան վրա։ Գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցի կառուցվել է 1904 թվականին (3։45 վայրկյան)։ Եկեղեցու պատը վնասված էր,տանիքը՝ նույնպես։
Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունն ու եկեղեցին ադրբեջանական նոր ճանապարհաշինության ուղղության մեջ չեն մտնում և չի բացառվում, որ մշակութային արժեքների ավերման հետևանքով ստացված շինաքարերը ճանապարհների հենապատերի համար են օգտագործվում։
Մեր արձագանքը
Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։