Կարմիր դրոշի ահազանգ. Ադրբեջանը շարունակում է հայատյացության քաղաքականությունը
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը Ցեղասպանության Կարմիր դրոշով երկրորդ անգամն է ահազանգում (Red Flag Alert - Azerbaijan Update (lemkininstitute.com)) միջազգային կառույցներին և պետական մարմիններին, որ Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելության խոսքը, կիրառում սպառնալիքներ ու վայրագություններ՝ ուղղված հայերին և հայ ինքնությանը։ Հատկանշական է, որ Լեմկինի ինստիտուտը, ի թիվս այլ վայրագությունների, որպես ցեղասպանական գործողություն՝ հատուկ նշում է նաև Ադրբեջանի պետական քաղաքականությունն՝ ուղղված հայ մշակութային ժառանգության բռնայուրացմանը։
Ստորև կարող եք ծանոթանալ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հրապարակած ամբողջական նյութին․
«Լեմկինի ինստիտուտը կոչ է անում բոլոր միջազգային և պետական մարմիններին վերահսկել Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան գաղափարախոսությունը և գործելակերպը, ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու հայ ժողովրդի դեմ ուղղված իրենց ցեղասպանական սպառնալիքները և ամրապնդելու հայերի և հայկական ինքնության անվտանգությունը Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության տարածքներում և հայկական համայնքներում։
Վերջերս ադրբեջանական սոցցանցերում տարածված Telegram-ի տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը հայկական գերեզմանոցից փորված գանգը կապում զինվորական բեռնատարին, իսկ ծառայակիցներն ուրախանում են:
Այս նոր ակնհայտ վայրագության հետևանքով Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կրկին կարմիր դրոշով ահազանգում է Ադրբեջանին՝ նախազգուշացնելով հայերի դեմ սպառնացող ցեղասպանության մասին, ինչպես անջատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախ), այնպես էլ Հայաստանում: Գերեզմանների և այլ թաղման վայրերի պղծումը ցեղասպանական գործողություն է, քանի որ այն ձգտում է նվաստացնել, ոչնչացնել ինքնությունը և ժխտել թիրախային խմբի արժանապատվությունը նույնիսկ մահից հետո:
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մասնավորապես ցանկանում է ընդգծել, Ադրբեջանին ուղղված մեր առաջին Կարմիր դրոշի ահազանգից մի հայտարարություն, որտեղ մենք նշել ենք. «Ադրբեջանական ցանկացած ներխուժում տարածքներ, որոնք ներառում են էթնիկ հայեր, կարելի է ակնկալել, որ բնութագրվելու է ցեղասպանական վայրագություններով»:
Ցեղասպանության վայրագության վտանգը հատկապես զգալի է այժմ՝ հաշվի առնելով վերջին լուրերը հայաբնակ Աղվանո և Բերձոր քաղաքները Ադրբեջանին հանձնելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հրադադարի համաձայնագրի շարունակական փաստագրված խախտումների համատեքստում։ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանցի զինվորները զանգվածաբար կենդանիներ են մորթում և նրանց օրգանները թողնում շրջանի հայ գյուղացիների կողմից օգտագործվող ջրի աղբյուրներում և թունավորում ջրամատակարարումը։ Թաթոյանը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանցի զինվորները կրակում են հայ գյուղացիների վրա, քաղաքներից (կամ`բնակավայրերից) դուրս գտնվող իրենց դաշտերում, ինչը վտանգում է ինչպես գյուղացիների ապրուստը, այնպես էլ Աղվանոյի և Բերձորի գյուղացիների սննդի կարևոր աղբյուրը։
Ադրբեջանցի զինվորների պահվածքը 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ, որտեղ գերի ընկած հայ զինվորների և խաղաղ բնակիչների մասնակցությամբ խոշտանգումների, սպանությունների և գլխատման տեսանյութերը սովորական էին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմաթիվ հայտարարությունները, որ Երևանը (Հայաստանի մայրաքաղաքը) ադրբեջանական «պատմական հող» է, ավելի լայն ցեղասպանական համատեքստ է ապահովում ադրբեջանական ներկայիս վայրագությունների համար:
Միջազգային հանրությունը, հատկապես ՆԱՏՕ-ն և նրա անդամ երկրները, շարունակում են անտեսել Ադրբեջանի ցեղասպան հայտարարությունները, ցեղասպանական գաղափարախոսությունը և գործողությունները, որոնք բոլորն էլ աջակցվում և առաջ են մղվում Թուրքիայի կողմից:
Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային և պետական մարմիններին վերահսկել Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան գաղափարախոսությունը և գործելակերպը, ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու հայ ժողովրդի դեմ ուղղված իրենց ցեղասպանական սպառնալիքները և ամրապնդելու հայերի և հայկական ինքնության անվտանգությունը Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության տարածքներում և հայկական համայնքներում»։