Կովկասի մահմեդականների վարչությունը Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը չի համարում մշակութային ժառանգություն և օրինական է համարում դրա ոչնչացումը

Կովկասի մահմեդականների վարչությունը (Caucasus Muslims Board) հայտարարություն է տարածել, որտեղ արդարացրել է Ստեփանակերտի Սուրբ Հովանու մայր տաճարի ավերումը՝ դրա որպես մշակութային արժեքի քանդման լուրերը համարել ապատեղեկատվություն և թշնամական վերաբերմունքի դրսևորում։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ «Ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակաշրջանում Ստեփանակերտում ապօրինաբար կառուցված երկու շինությունների ապամոնտաժումը որևէ կերպ չի կարող ներկայացվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում։ Այսպես, 2023 թվականին իր տարածքների նկատմամբ լիակատար ինքնիշխանությունը վերականգնելուց հետո Ադրբեջանը պահպանել էր այդ ապօրինի շինությունները՝ որպես օկուպացիայի խորհրդանիշներ՝ դրանց առկա վիճակում»։

Միևնույն ժամանակ, վերջին ամիսներին նախկին հարկադիր տեղահանվածները, որոնք զանգվածաբար վերադառնում են իրենց հայրենի բնակավայրեր, բազմիցս դիմել են պետական մարմիններին և տեղական դատարաններին՝ պահանջելով քանդել բոլոր այն շինությունները, որոնք այդ տարածքներում գոյություն չեն ունեցել մինչև օկուպացիան։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ օկուպացված տարածքում օկուպացնող պետության կողմից կառուցված շինությունները, անկախ դրանց նշանակությունից, համարվում են ապօրինի և ենթակա են ապամոնտաժման՝ օկուպացնող կողմի միջոցներով։ Հետևաբար, գոյություն ունի թե՛ իրավական, թե՛ բարոյական հիմք քանդելու բոլոր այն շինությունները, որոնք ապօրինաբար կառուցվել են այն տարածքներում, որտեղ սպանել և տեղահանել են ադրբեջանցիներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Մեր արձագանքը

Կարևոր է արձանագրել, որ «օկուպացված տարածքներ» եզրի կիրառումը Կովկասի մահմեդականների վարչության կողմից վիճահարույց է միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ այն անտեսում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ ամրագրված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ կետում (ՄԱԿ Կանոնադրություն, հոդ. 1(2) — Charter of the United Nations, Article 1(2), 1945), ինչպես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ICCPR — International Covenant on Civil and Political Rights, Article 1, 1966) և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի ընդհանուր 1-ին հոդվածներում (ICESCR — International Covenant on Economic, Social and Cultural Rights, Article 1, 1966)։ Նշված սկզբունքների համաձայն՝ բոլոր ժողովուրդներն ունեն ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը և ապահովելու իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը։ Հետևաբար, այն հանգամանքը, որ որևէ պետական կազմավորում չունի լայն միջազգային ճանաչում, ինքնին չի բացառում նրա պետականության հավակնությունը կամ դե ֆակտո պետական ինստիտուտների գոյությունը։

Արձանագրելի է նաև, որ Արցախի ժողովուրդը իր պատմական բնօրրանում իր պատմական ներկայության և մշակութային ինքնությանը համահունչ ստեղծել է հարուստ մշակութային ժառանգություն, որը միջազգային մարդասիրական և մշակութային իրավունքի շրջանակներում շարունակում է համարվել պաշտպանվող մշակութային արժեք՝ անկախ տվյալ պահին տարածքի նկատմամբ իրականացվող փաստացի տարածքային վերահսկողությունից։ Մասնավորապես, 1954 թվականի «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի 1-ին հոդվածը (Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict (Hague Convention), Article 1, 14 May 1954) սահմանում է. «Սույն Կոնվենցիայի իմաստով մշակութային արժեքներ են համարվում՝ անկախ դրանց ծագումից կամ սեփականատիրությունից, շարժական կամ անշարժ գույքը, որը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր ժողովրդի մշակութային ժառանգության համար, ինչպիսիք են՝ ճարտարապետական, արվեստի կամ պատմության հուշարձանները՝ կրոնական թե աշխարհիկ, հնագիտական վայրերը և գիտական, գեղարվեստական, պատմական հետաքրքրություն ներկայացնող այլ առարկաները»։