Մելիք Բեգլարյանների ամրոց-ապարանքը՝ ավերման եզրին
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացվեց նաև Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղն իր շրջակայքով: Թալիշ գյուղի շրջակայքում են գտնվում մի շարք հայտնի հուշարձաններ, այդ թվում Գյուլիստանի տիրակալներ Մելիք-Բեգլարյանների ամրոց-ապարանքը և Հոռեկավանքը: Մելիք-Բեգլարյանների ապարանքը գտնվում է Թալիշ գյուղից մոտ 4 կմ արևմուտք, Հոռեկավանքի դիմաց՝ անտառապատ բլրալանջի արևելահայաց և հյուսիսահայաց հատվածներում: Տեղում նկատելի են երկու ապարանքների ավերակները (նկ. 1, վանքի մասին մանրամասն տես՝ Մելիք Բեգլարյաններ ամրոցը եվ ապարանքը - Monument Watch):
Monument Watch թիմի կողմից Google Earth արբանյակային ծառայության 2022 թվականի հուլիսի 15-ին հրապարակված արբանյակային լուսանկարի քննությունը ցույց է տալիս, որ հուշարձանի տարածքում էական փոփոխություններ են կատարվել (նկ. 2, 3): Նախքան 2020 թվականի պատերազմը ապարանքը թեև կիսաքանդ էր, բայց պահպանված էր համեմատաբար ամբողջական տեսքով: Կային որոշակի փլված հատվածներ, ճաքեր (նկ. 4, 5): Ժամանակի ընթացքում փլված հատվածները հնագիտական ուսումնասիրության չեն ենթարկվել: Առաջին և երկրորդ ապարանքների միջև անցնում էր մի նեղ կածան, որը տանում էր Հոռեկավանքի մոտ: Ադրբեջանական կողմը զգալիորեն լայնացրել է համալիրի միջով անցնող կածանը՝ կտրտելով ծառերը, ավերելով հնագիտական շերտերը և անմիջական սպառնալիք ստեղծել արևելյան ապարանքի կառույցների և աշտարակի համար: Այդ մասին փաստում են և մեր գործընկերների՝ http://caucasusheritage.cornell.edu/ կողմից ստացված արբանյակային լուսանկարները:
Ըստ արբանյակային լուսանկարների՝ ավերումը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում։
Մեր արձագանքը
Հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է հայկական հետքերի ոչնչացումը Արցախի գրավյալ շրջաններում: Արցախի օկուպացված տարածքում ադրբեջանական կողմը իրականացնում է մեծածավալ ճանապարհաշինարարական, ռազմական բնույթ կրող ինժեներական աշխատանքներ, որոնք վտանգում են հուշարձանները, ինչի մասին բարձրաձայնվել է բազմաթիվ անգամ. «Ադրբեջանական ճանապարհները» և վտանգված հայկական մշակութային ժառանգությունը - Monument Watch, Սղնախի գերազմանոցի ավերումը (Թարմացում) - Monument Watch։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի առաջին արձանագրության՝ գրավյալ տարածքներում արգելված է ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության համաձայնագրերի կողմից։