Ստոկհոլմում կայցել է «Երևան՝ իմ սրտում ապրող հայրենիք» գրքի շնորհանդեսը․
2026 թվականի օգոստոսի 11-ին Ստոկհոլմում տեղի է ունեցել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մուհամմադ Ֆիզուլիի անվան Ձեռագրերի ինստիտուտի գլխավոր մասնագետ, հետազոտող Զարիֆա Հագվերդիևայի հեղինակած «Իրևան՝ իմ սրտում ապրող հայրենիք» («İrəvan – qəlbimdə yaşayan yurdum») գրքի շնորհանդեսը (https://www.armenews.com/conference-panturquiste-a-stockholm/) ։
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ միջոցառումը կազմակերպվել է Շվեդիա-Ադրբեջան միության (SAF) կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի և Շվեդիայի Թագավորությունում Ադրբեջանի դեսպանության աջակցությամբ։ Միջոցառմանը մասնակցել են Շվեդիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ղազախական, ուզբեկական, թուրքմենական կազմակերպությունների անդամներ ու թուրքական համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում շեշտադրվել են ազգային հիշողության, պատմական ժառանգության և հայրենիքի գաղափարի պահպանման թեմաները, որոնք բնականաբար պատմական որևէ աղերս չունեն ադրբեջանական ժողովրդի և պատմության հետ (https://crossmedia.az/az/article/99046)։
Գիրքը լույս է տեսել 2026 թվականին՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Մուհամմադ Ֆիզուլիի անվան Ձեռագրերի ինստիտուտի Գիտական խորհրդի որոշմամբ։ Պաշտոնական ակադեմիական հաղորդագրության համաձայն՝ այն անդրադառնում է Երևանի պատմությանը և քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև ներառում է հեղինակի հիշողությունները։ Առանձին հատված նվիրված է հեղինակի պապին՝ Մեշհադի Թեյմուրին, որը ներկայացվում է որպես Երևանի հայտնի բեյերից մեկը, և նրա ընտանիքի պատմությանը։ Գրքի խմբագիրն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռագուբ Քերիմովը, իսկ գրախոսներն են պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Թահիրա Հասանզադեն և բանասիրական գիտությունների թեկնածու Թյունզալա Սեյֆուլլաևան։
Միջոցառման նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է առաջացել այն պատճառով, որ այն տեղի է ունեցել Շվեդիայում՝ Ադրբեջանի պետական կառույցների աջակցությամբ, իսկ գրքի բովանդակության ներկայացման ընթացքում հայկական պատմական Երևանը դիտարկվել է ադրբեջանական ժառանգության շրջանակում՝ ժխտելով պատմական իրական փաստերը։
Օգոստոսի 15-ին շվեդ լրագրող և տարածաշրջանի հարցերով հետազոտող Ռասմուս Կանբեքը X սոցիալական ցանցում հրապարակել է միջոցառման վերաբերյալ գրառում՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարության սփյուռքի հարցերով կոմիտեն Ստոկհոլմում կազմակերպել է գրքի քննարկում, որի ընթացքում Երևանը ներկայացվել է որպես պատմականորեն ադրբեջանական տարածք։ Նա այս իրադարձությունը կապել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի կիրառման ակտիվացման հետ (https://x.com/CanbackRasmus)։
Շվեդական Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի (SCEEUS) վերլուծաբան Լորենս Բրոերսը 2026 թվականի հրապարակման մեջ Ադրբեջանի ընդարձակողական հռետորաբանության համատեքստում առանձնացնում է «Western Azerbaijan» եզրույթի օգտագործումը՝ նշելով, որ այն ներառում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ (https://sceeus.se/en/publications/peace-between-armenia-and-azerbaijan-what-tripp-can-and-cannot-achieve/) ։
Մեր արձագանքը
Այս գրքի հրատարակումը հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի Հանրապետության տարածքային և մշակութային ամբողջականության դեմ ուղղված իր հավակնություններից։ «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը գիտական հիմք չունեցող քաղաքական, արհեստական հորինվածք է, որը կիրառվում է Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Նմանատիպ «մշակութային» միջոցառումները նպաստում են խեղաթյուրված պատմական պատկերացումների ձևավորմանը և տարածմանը։ Կարևոր է փաստել, որ այս հակագիտական քայլերի կատարման համար մոբիլիզացվել է ադրբեջանական գիտական հանրույթը, որը կատարում է Իլհամ Ալիևի հրահանգը։
Վերջին տարիներին նկատելի է համակարգված քաղաքականություն՝ ստեղծել և հանրայնացնել այն, ինչ Ադրբեջանն անվանում է «արևմտյան ադրբեջանական մշակույթ»։ Փաստենք, որ նախքան 2020-2021 թվականները «Արևմտյան Ադրբեջանի» մասին գրքերի հրատարակություններ, գիտաժողովներ, սեմինարներ գրեթե չեն կազմակերպվել, այնինչ՝ ներկայումս դրանք կրում են պարբերական բնույթ։ Ակնհայտ է այս հակագիտական ու զավթողական թեմային միջազգային բնույթ տալու մղումը։ Եթե դիտարկենք այս իրադարձությունը լայն համատեքստում, ապա այն ոչ թե գիտական նյութերի ներկայացում է, այլ մշակութային քաղաքականության դրսևորում, որի նպատակն է տարածել ադրբեջանական պատմական պատկերացումները Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ՝ դրանք ներկայացնելով իբր որպես կորսված հայրենիք և մշակութային ժառանգության մի մաս։ Շնորհանդեսին թյուրքական աշխարհի մտավոր շրջանակների ներգրավվածությունը ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել թյուրքական երկրների մշակութային և կրթական հարթակները՝ տարածելու «Արևմտյան Ադրբեջանը» որպես ադրբեջանական ինքնության կենտրոն ներկայացնող գաղափարը։ Նմանատիպ նախագծերը՝ գրքերի, ֆիլմերի, ցուցահանդեսների, ուսումնական ծրագրերի տեսքով, մի ընդհանուր նպատակ ունեն՝ ձևավորել ամբողջական պատկերացում, որը «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը ներկայացնում է որպես պատմական իրականություն։ Բաքուն այս ուղղությամբ օգտագործում է ոչ միայն պետական, այլև ոչ կառավարական կառույցների, գրողների միությունների և երիտասարդական նախաձեռնությունների հնարավորությունները։ Այս համատեքստում մշակույթն օգտագործվում է որպես քաղաքական գործիք՝ պատմության վերաշարադրման և տարածքային հավակնությունների գաղափարական հիմնավորման համար։ Այս գիրքը, ինչպես և դրա շնորհանդեսը Ստոկհոլմում, մաս են կազմում նույն քարոզչական ցանցի, որի նպատակն է միջազգային հանրությանը ներկայացնել «Արևմտյան Ադրբեջանը»՝ որպես իբր պատմականորեն գոյություն ունեցած և այժմ վերաիմաստավորվող ինքնություն։