Վանքի ավտոմեքենաների համարանիշների պատը քանդվել է Ադրբեջանի նախագահի հրամանով

2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանն սկսեց անկախության հուշարձանների ոչնչացման քաղաքականությունը։

2023 թվականի նոյեմբերի 7-ին կնոջ և որդու հետ օկուպացված Արցախի Մարտակերտի Վանք գյուղ այցելությունից հետո Ադրբեջանի նախագահի անիմիջական հրամանով քանդվել է Արցախի անկախությունը խորհրդանշող կառույցներից մեկը` ադրբեջանական ավտոմեքենաների  համարանիշների պատը (https://t.me/Caucasian_bureau/68089?single&fbclid=IwAR1SAqunl50k88D7h87KvmQYENgarUtZmrjz0kPfUjf7eEzJJfArhBvheGY)։ Պատը կառուցվել է Արցախյան պատերազմի ընթացքում հայկական կողմի ազատագրած տարածքներում հակառակորդի թողած քաղաքացիական ու ռազմական մեքենաների պետհամարանիշներով (նկ․ 1, 2)։

Պատը ոչնչացնելուց հետո ադրբեջանական դրոշների ուղեկցությամբ նրանք Ստեփանակերտի հրապարակում ցուցադրել են հայերի մեքենաների պետհամարանիշներից հավաքված պատ (նկ․ 3):

Մեր արձագանքը

Վանք գյուղի պատի քանդումը Ադրբեջանի կողմից հաղթանակի հիշողության ոչնչացմանն ուղղված գործողություն է, որով փորձ է արվում ոչնչացնել այն բոլոր արժեքները, որոնք իրենց հիմքում հայերի տարած հաղթանակի մասին հիշողություններ են պարունակում։ Երկրի առաջին դեմքի կողմից նման գործողության հրահրումը ցույց է տալիս Արցախի անկախության խորհրդանիշների ոչնչացման պետական հստակ քաղաքականությունը։

Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունն իր 9-րդ հոդվածով արգելում է մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները թշնամու վերահսկողության տակ գտնվող  տարածքներում (http://portal.unesco.org/en/ev.php-URL_ID=15207&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html):

Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում  մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների, վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն (https://www.icc-cpi.int/resource-library/documents/rs-eng.pdf)»: