Ադրբեջանը Դադիվանքը հռչակում է ուդիական
2021 թվականի մայիսի 5-ին համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ մասնավորապես նշվում է, որ 30 տարվա օկուպացիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի ուդիական քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները Դադիվանքում (որը տեսանյութում կոչում են Խուդավենգ` իբր թե վանքի իրական պատմական անվանում․ իրականում այն Դադիվանքի հայերեն ժողովրդական անվանման` Խութավանքի (որ բառացիորեն հայերեն նշանակում է խութի` բարձունքի վրա գտնվող վանք) պարսկայնացված ձևն է) պետք է տոնեն սուրբ հարության տոնը (զատիկը) և պատարագ մատուցեն։ Ուդիների հոգևոր առաջնորդը նշում է, որ Խուդավենգը իրենց հարազատ եկեղեցական համալիրն է, և որ պետք է զարգացնել այն՝ ունենալով մշտական եկեղեցական սպասավորներ։ Տոնի մասնակիցներից մեկը նշում է, որ այստեղ մշտապես պետք է հնչի ադրբեջանական ազանը։ Տեսանյութում նշվում է որ «աղվանական» եկեղեցական համալիրը ստեղծվել է 6-7-րդ դարերում, և որ այստեղ կարելի է հանդիպել ադրբեջանական միջնադարյան մշակույթի շատ ապացույցների։ Նաև հավելվում է, որ իբրև կան վկայություններ և պատմական տեքստեր, որոնք նշում են այս համալիրի ստեղծման թյուրքական պատվերի մասին։ Տեսանյութում նշվում է, որ օկուպացիայից հետո հայերը հայացրել են վանական համալիրը, որպեսզի ջնջեն ադրբեջանական հետքը, քերել են արձանագրությունները, որմնանկարները, որտեղ իբր պատկերված են Արզուխաթունն` իր որդիների հետ։ Նշվում է, որ Դադիվանքի խաչքարերը ժամանակակից են, պատրաստվել են համալիրին մոտ գտնվող արհեստանոցում և ագուցված են հայերի կողմից։ Նշվում է նաև, որ շուտով կլինեն Քելբաջարի ադրբեջանական մշակութային ժառանգության վերակառուցման և վերականգնման աշխատանքներ (տեսանյութի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=X9oYg9erjTM)։
Մեր տեղեկատվությունը.
Իրականում Դադիվանքն Արցախի Վերին Խաչեն գավառի հայկական իշխանական տան` Վախթանգյանների կրոնական կենտրոնն էր, համապատասխան եկեղեցական թեմի առաջնորդարանը: Դադիվանքում չկա որևէ «աղվանական», «ուդիական», ոչ հայկական և ոչ մի բաղադրիչ` սկսած շենքերի ճարտարապետական լուծումից մինչև քանդակը, խաչքարերն ու որմնանկարները: Դադիվանքում մոտ 100 հայերեն արձանագրություններից բացի, որոնք վերաբերում են 12-17-րդ դարերին, չկա այլալեզու որևէ տառ անգամ: Դադիվանքի խաչքարերը հիմնականում ընդելուզված են եկեղեցական կառույցների պատերի մեջ և ավելի վաղ են, քան բուն կառույցները: Համալիրի ժամանակով ամենուշ խաչքարերը վերաբերում են 17-րդ դարին: Այն ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքը հայտարարելով աղվանական կամ ուդիական, այնտեղ բերելով իբր ուդի կրոնավորների` կրոնա-մշակութային ժառանգությունն այն ստեղծողների ժառանգներից բռնությամբ խլելու ակտ է, ակնհայտ մշակութային եղեռն:
Եվ մի փոքրիկ անդրադարձ «թուրքական պատվերին»: Դադիվանքի կաթողիկե եկեղեցին, համաձայն հարավային պատին փորագրված ընդարձակ արձանագրության, կառուցվել է 1214 թվականին իշխանուհի Արզուխաթունի կողմից` ի հիշատակ իր հանգուցյալ ամուսնու և երկու որդիների: Եկեղեցու կառուցման շարժառիթերից մեկն էլ, ինչպես նշում է իշխանուհին իր արձանագրության մեջ, այն էր, որ «Իմ ավագ որդին` Հասանը սպանվեց թուրքերի դեմ քրիստոնեական հավատի համար մղվող պատերազմում, իսկ կրտսեր իմ որդին հեռացավ կյանքից Քրիստոսի մոտ` անմխիթար սգի մեջ թողնելով իրենց թշվառացած մորը»: Ահա թե ինչպես թուրքերի դեմ պատերազմում քրիստոնեական հավատի համար նահատակվածի հիշատակին նվիրված եկեղեցին ադրբեջանական պրոպագանդան կարող է ներկայացնել որպես «թուրքական պատվերով կառուցված»:
ժառանգության վերանվանում, ինքնության հետքերի բնաջնջում։
Ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Իսկ մշակութային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԻԿՕՄՈՍ-ի և այլ փաստաթղթեր արգելում են ժառանգության ձևի, տարրերի, գործառույթի, արտաքին և ներքին բնույթի ցանկացած փոփոխություն, որոնք խաթարում են ժառանգության պահպանության իսկության, ամբողջականության, մշակութային կարևորության և բացառիկության միջազգային հիմնարար սկզբունքները։