Ադրբեջանը հեռացրել է Վանքասարի եկեղեցու խաչը
2024 թվականի հունվարի վերջին ադրբեջանական togrulavshar ինստագրամյան էջում տեղադրվել է տեսանյութ, որտեղ նկարահանված է Վանքասար լեռան գագաթին գտնվող վաղմիջնադարյան եկեղեցին (https://www.instagram.com/reel/C20Lm14rot5/?igsh=MTg4aGJldTJsMm8ycw%3D%3D&fbclid=IwAR3kvKbL-hXDc07D8M-jiMH6pCApeMOVUknJL34G8RI8Y3B9mcgjW6GivJw):
Տեսանյութից երևում է, որ եկեղեցու գմբեթին տեղադրված խաչը հանվել է:
Եկեղեցին պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցիների փոքր խաչաձև կենտրոնագմբեթ տեսակին և իր ծավալատարածական հորինվածքով շատ նման է Թալինի, Քարաշամբի, Այլաբերի փոքր եկեղեցիներին: Այն վերաբերում է 7-րդ դարի կեսերին:
Եկեղեցու բոլոր քարերը կրում են վարպետների նշանները, որոնց զգալի մասը հայերեն տառեր են՝ նույնական Սիսիանի 7-րդ դարի տաճարի վարպետների նշաններին:
Վանքասարի եկեղեցին անցյալ դարի 80-ական թվականներին «ադրբեջանական» վերականգնման ժամանակ լուրջ կորուստներ է կրել: Խաթարվել է հուշարձանի բնա-պատմական լանդշաֆտը, հսկա ժայռը, որ վրա նստած է տաճարը, քարապատվել է ու սալապատվել է, տարածքը կառուցապատվել է ժամանցի և զվարճանքի գործառույթ իրականացնող շենքերով: Ադրբեջանական կողմը եկեղեցու հիմքի վրա «վերականգնել է» մի ծավալ, որը չի համապատասխանում նախնական կառույցին: Փաստորեն պահպանության և վերականգնման անվան տակ ադրբեջանական կողմը մշակութային վանդալիզմի է ենթարկել հուշարձանը: Խորհրդային տարիներին Վանքասարի եկեղեցու այսպես կոչված վերականգնումը ցույց է տալիս, թե ինչ է սպառնում օկուպացված Արցախի քրիստոնեական հուշարձաններին, եթե ադրբեջանական կողմը սկսի աշխատանքներ տանել դրանք «իրական տեսքի բերելու համար»:
Եկեղեցին «վերականգնել» են` անտեսելով շինության կառուցվածքային և համաչափական հատկանիշները: Ճակատներում չեն շարվել քիվերը, միտումնավոր ոչնչացվել են արևմտյան մուտքի բարավորի հայատառ արձանագրությունն ու խաչաքանդակը: Ձևափոխված են նաև պատուհանների բացվածքները: Այլափոխվել են կոնստրուկտիվ հանգույցների (տրոմպներ, գմբեթարդներ, թաղ, գմբեթ) իրականացման եղանակները: Եկեղեցու ծավալների վրա տեղադրվել է մի գմբեթ, որն առհասարակ աղերս չունի վաղմիջնադարյան ճարտարապետության հետ:
1986 թվականին, երբ ընթանում էին ադրբեջանական «վերականգնման» աշխատանքները Վանքասարի եկեղեցում ուսումնասիրություններ իրականացնող Ս. Կարապետյանն ու Ա. Ղազարյանը վավերացրել են կիսաեղծ վիճակում գտնվող երկու արձանագրություն, որոնք հետագայում ավելի էին միտումնավոր վնասվել: Այս ժամանակ արդեն տեղում չէր Խաչիկ վարդապետ Դադյանի նկարագրած՝ 1263 թվականի խաչքարը: Ժամանակին եկեղեցու շուրջը կանգնեցված են եղել նաև այլ խաչքարեր: Դրանցից մեկը, որ վերաբերում է 13-րդ դարին, ադրբեջանցիները տեղափոխել են Աղդամի քարի թանգարան: Ընդ որում, խաչքարի կենտրոնական խաչի առանձին մասերը նախօրոք քերվել են, որպեսզի չհասկացվի, որ այն խաչքար է: Նույն կերպ էլ ադրբեջանցիները քերել-հարթել են եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի խաչային հորինվածքը:
Վանքասարի եկեղեցին տուժել էր նաև արցախյան առաջին պատերազմի ընթացքում: Արևմտյան ճակատում`բարավորից վերև արկը բավական մեծ խոռոչ էր բացել, որը սպառնում էր պատի կայունությանը: 2011 թվականի աշնանն Արցախի Հանրապետության Զբոսաշրջության վարչությունը մաքրման, ամրակայման և բարեկարգման աշխատանքներ է իրականացրել այստեղ: Մասնակի ամրակայման աշխատանքներն ավարտվել են 2012 թվականի հունվարին, և եկեղեցու գմբեթին տեղադրվել է խաչը: Վերաշարվել է արևմտյան ճակատի քանդված մասը: Մուտքերում տեղադրվել են մետաղական դռներ: Ինտերիերում` արևելյան խորանում, վերականգնվել է բեմը (Եկեղեցու մասին ավելի մանրամասն տես՝ Վանքասարի եկեղեցին - Monument Watch):
2020 թվականի նոյեմբերին տարածքների՝ ադրբեջանական վերահսկողությանը անցնելուց հետո եկեղեցու գմբեթին, անմիջապես խաչի վրա տեղադրվել էր ադրբեջանական դրոշը:
Մեր արձագանքը
Հաագայի 1954 թվականի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է, որ մշակութային արժեքը, «անկախ իր ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է» Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict with Regulations for the Execution of the Convention. The Hague, 14 May 1954, Chapter I. General provisions regarding protection, Article 1 – Definition of cultural property։
Բացի դա, հուշարձանի բացահայտ աղավաղումը խախտում է նաև Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որի համաձայն «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։ Հավելենք նաև, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։
Եկեցեղուց խաչի հեռացումը խաթարում է կառույցի ամբողջականությունը։ Եվ ինչպես հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման ժամանակ «ամբողջականությունը ժառանգության կարողությունն է, որով այն ապահովում և պահպանում է այդ նշանակությունը կարևորությունը ժամանակի ընթացքում»։ Ամբողջականության սկզբունքին համաձայն պահպանումը ենթադրում է նախ և առաջ ժառանգության արժեքները փոխանցող տարրերի պահպանությունը՝ միաժամանակ հաշվի առնելով թե՛ առանձին տարրերի և թե՛ դրանց և ամբողջի փոխհարաբերությունները Operational Guidelines for the Implementation of the World Heritage Convention, UNESCO, Intergovernmental Committee for the Protection of The World Cultural and Natural Heritage, WHC. 11/01 November 2011, պարագրաֆ 119։ Այս գործառնական ուղեցույցը տալիս է լրացուցիչ բացատրություն. «Ամբողջականության պահպանության համար ժառանգության բոլոր հատկանիշները պետք է լինեն անփոփոխ» Տե՛ս Operational Guidelines for the Implementation of the World Heritage Convention, UNESCO, Intergovernmental Committee for the Protection of The World Cultural and Natural Heritage, WHC. 11/01 November 2011, պարագրաֆ 92։