Ադրբեջանը շարունակում է վանդալիզմը
2022 թվականի սեպտեմբերի 2-ին հայկական լրատվական տիրույթում տարածվեց մի տեսանյութ, որտեղ քաղաքացիական հագուստով ադրբեջանցի տղամարդը ոտքի ուժգին հարվածներով տապալում է ճանապարհի մոտ կանգնեցված մի խաչքար, որի վրա փորագրված է «Կամո» անունը: Խաչքարը ոտքով տապալելուց հետո նույն անձը ձեռքով շրջում է ու գետնով տալիս՝ ջարդելով այն մի քանի բեկորների։ Խաչքարը ոտքով տապալելուց հետո, նույն անձը, արդեն իսկ տապալված խաչքարը, երկու ձեռքով շրջում ու գետնով է տալիս` ջարդելով այն մի քանի բեկորների:
Խաչքարը ջարդող ադրբեջանցի տղամարդն իր արարքից հետո բացականչում է, որ Ղարաբաղը Ադրբեջան է և ձեռքը բռունցք անելով՝ բարձրացնում վերև:
Խաչքարը նոր է և դատելով վրայի Կամո գրությունից, կանգնեցվել է Կամոյի հիշատակին: Այն ցանկապատված է երկաթե շղթայով, իսկ խաչքարի առջև փոքրիկ ծաղկաման է, որի մեջ ծաղիկներ են դրված, կարծես արհեստական, որոնք նույնպես ադրբեջանցի տղամարդը նախ ոտքով տրորում է, ապա կողք նետում:
Ցավոք, տեսանյութից չի հասկացվում, թե որտեղ է այն արվել և երբ: Այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական բեռնատար մեքենան կանգնել է խաչքարի մոտ և ուղևորը կամ վարորդը այն ջարդել է: Հատկանշական է, որ Արցախի օկուպացված տարածքներում նման խաչքար, այն էլ լավ վիճակում և առջևում ծաղկամանով դժվար թե անվնաս մնար, իսկ տեսանյութից երևում է, որ խաչքարը ճանապարհի եզրին է կամ մոտ:
Մեր արձագանքը
Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի կողմից։