Ադրբեջանի զինվորականները մահմեդական աղոթք են հնչեցնում օկուպացված Ջրաղացներ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Հունիսի 5-ին համացանցի տելեգրամյան ալիքում հայտնվեել է մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորականները մահմեդական աղոթք են հնչեցնում Արցախի Ջրաղացներ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում. Telegram: Contact @ararathau Տեսանյութում զինված զինվորականները եկեղեցուց դուրս են գալիս նամազ երգելով։
Ջրաղացների Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 1882 թվականին և գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ մայրաքաղաք Ստեփանակերտից 24 կմ հեռավորության վրա։
Եկեղեցին կառուցվել է գյուղի Ադամյան ընտանիքի կողմից (գունավոր հեռուստացույցի գյուտարար Հովհաննես Ադամյանի տոհմը)։ Այն արտաքուստ ուղղանկյուն հատակագծով, երկթեք ծածկով, ներսից միանավ, թաղակապ շինություն է․ խորանին զուգահեռ ունի զույգ ավանդատներ։ Մուտքը բացված է հարավից, լուսավորության համար արևմուտքից և արևելքից բացված են մեկական նեղ լուսամուտներ, իսկ հարավից՝ մուտքից ձախ մեկ և մուտքից աջ զույգ մեծ չափերով լուսամուտներ։
Եկեղեցին ունեցել է ռոտոնդա (զանգակատուն), որը չի պահպանվել։ Ճարտարապետական ոճով և պատերի շարվածքով եկեղեցին մոտ է Շուշիի քաղաքային ճարտարապետությանը, և հավանաբար ճարտարապետն ու շինարարները հրավիրվել են հենց Շուշիից։
Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է տնտեսական նշանակությամբ, արևմուտքից կցվել է փոքր շինություն, որտեղից մուտք է բացվել դեպի եկեղեցի։
2018 թվականին եկեղեցում կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, տեղադրվել են ջահեր, տանիքի ծածկը փոխարինվել է նոր մետաղյա թիթեղներով։
Մեր արձագանքը:
Ըստ Հաագայի 1954 թվականի «Զինված հակամարտության ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիային կից երկրորդ արձանագրության (1999) 9-րդ հոդվածի գ ենթակետի՝ «Մշակութային արժեքների պաշտպանությունը բռնազավթված տարածքներում», արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխում, այդ թվում` օգտագործման ձևի և գործառույթի որևէ փոփոխություն:
Մշակութային ժառանգության գործառույթի փոփոխման գործողությունը խախտում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի դրույթները, որի 11-րդ հոդվածով պետությունները պարտավոր են հարգել ժառանգության ոչ նյութական արժեքները՝ անկախ դրանց ծագումից ու գործառույթից։ Ժնևի առաջին արձանագրության 75-րդ հոդվածում նշվում է․ «Պատերազմի ընթացքում և հետո անձինք օգտվում են ռասայի, մաշկի, սեռի, լեզվի, կրոնի կամ դավանանքի, համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ծննդի կամ այլ կարգավիճակով պայմանավորված ոչ խտրական վերաբերմունքից․անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել նաև նրանց պատվին, համոզմունքներին և կրոնական ծիսակատարություններին»։ Եկեղեցիների գործառույթի փոփոխությունը խախտում է հայ հանրույթի համոզմունքներն ու կրոնական ծիսակատարություններին մասնակցելու իրավունքը։ Ժնևի կոնվենցիայի 27-րդ հոդվածը հավելում է, որ «Բացի անհատի, պատվի, ընտանեկան իրավունքի, կրոնական համոզմունքների և ծիսակատարությունների հարգանքից, անհրաժեշտ է հարգանք, նաև «կենսափորձի և սովորույթների նկատմամբ», որը կարող է ընդգրկել ոչ նյութական ժառանգության ողջ տիրույթը՝ ներառյալ գիտելիքն ու հմտությունները։