Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին որպես Ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացնելու և այնտեղ կազմակերպված անօրինական ծիսակատարության մասին
2021 թվականի հուլիսի 10-ին «Агдамский Портвейн» կոչվող Տելեգրամ-ալիքը լուսանկարներ է հրապարակել Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցուց և նշել, որ Բաքվի և Ադրբեջանի ռուս ուղղափառ համայնքի մամուլի քարտուղար, վարդապետ Կոնստանտին Պոմինովը, «աղվանական-ուդի» կրոնական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին, Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն ծիսակատարություն են իրականացրել «ռուս ուղղափառ» եկեղեցում։ Ծիսակատարության մասնակից են եղել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ, Ադրբեջանի հրեական համայնքի ներկայացուցիչներ, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների և միջազգային կազմակերպությունների մի շարք այլ ներկայացուցիչներ (https://t.me/agdamwhite/1781?single):
Շուշիի Կանաչ ժամը՝ որպես ռուս ուղղափառ ներկայացնելու հաջորդ փաստը արձանագրվեց Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի մարդու իրավունքների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռիզվան Հուսեյնովի հուլիսի 13-ի տելեգրամյան տեսանյութի հրապարակմամբ։ «Շուշիում իրականացվում են հայկական օկուպացիայի ժամանակ Կանաչ ժամի վերածված եկեղեցու՝ իր նախնական տեսքին բերելու վերականգնման աշխատանքներ» վերնագրված տեսանյութում շեշտվում է՝ իբր եկեղեցին ուղղափառ է, և շատ արագ «վերականգնվում» է ադրբեջանական ուղղափառ քրիստոնեական համայնքի ծիսակատարությունների համար (https://telemetr.me/content/rh_inside/post/367/)։
Ադրբեջանական СBC TV հեռուստաալիքի հուլիսի 10-ին հրապարակած ռեպորտաժը նույնպես անդրադառնում է Շուշիի Կանաչ ժամում իրականացված ծիսակատարությանը և հավելում, որ Ադրբեջանի կրոնական համայնքի ղեկավարները, Շուշի այցելության շրջանակներում այցելել են բոլոր այն եկեղեցիները, որոնք հայկական օկուպացիայից հետո պետք է վերականգնվեն Ադրբեջանի կողմից։ Տեսանյութում նշվում է, որ հայերը կեղծել են «Ադրբեջանի քրիստոնեական համայնքի» տարբեր եկեղեցիների ծագման փաստերը (այդ թվում Կանաչ ժամի) և հայացրել դրանք, իսկ ադրբեջանական կողմը պատրաստ է վերականգնել այն, ըստ պատմական աղբյուրների «ճշմարտության» (https://www.youtube.com/watch?v=WZsEw9PhqY8)։
Մեր արձագանքը։
Շուշիի սուրբ Հովհաննես Մկրտիչ, կամ Կանաչ ժամ եկեղեցին, իրենց եղբայր Մկրտչի հիշատակին 1847 թվականին կառուցած Հովհաննես և Բաբա Ստեփանյան-Հովնանյան եղբայրները, իհարկե, չէին էլ կարող երևակայել, որ համարյա 175 տարի անց հայրենի քաղաքն օկուպացրած Ադրբեջանն այն կհռչակի որպես ռուս ուղղափառ եկեղեցի և այնտեղ ուղղափառ ծեսով պատարագ կկազմակերպի։
Մշակութային եղեռնը միայն բնաջնջելը չէ, այն նաև իրական պատմությունն ու կրոնա-ծիսական պատկանելությունը կեղծելն է, փաստերն անտեսելը, հիշողությունը խաթարելը, կեղծ մշակութային կամ կրոնական օրակարգեր ստեղծելը։
Դնում ենք եկեղեցու կառուցման արձանագրությունը՝ փորագրված արևմտյան պատի երկու սալերի վրա։ Վստահ չենք, որ այն այսօր էլ տեղում է։ Լուսանկարն արվել է 2005 թվականին։
«Կառուցին ս[ուր]բ Յովհան/[նէս] Մկրտչի եկեղեցին/ [Շու]շա քաղաքացի պ[արոն] Յովհաննէսն/ և :1:/ Բաբայն Ստեփանեան/ Յովնանենց` ի յիշատակ/ հանգուցե[ա]լ եղ[բ]որ իւրե[ա]նց/ Մկրտչին, 1847 թվին/ :2:»։
Մանրամասն տե՛ս․ https://monumentwatch.org/.../%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7...
Շուշիի Կանաչ Ժամում ռուսական ուղղափառ եկեղեցու կանոնակարգով իրականացված ծեսը միանշանակ խախտում է հայ քրիստոնյա համայնքի կրոնական և մշակութային իրավունքը, վիրավորում նրա դավանական զգացմունքը։
Ըստ Հաագայի 1954 թվականի «Զինված հակամարտության ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիային կից երկրորդ արձանագրության (1999) 9-րդ հոդվածի գ ենթակետի՝ «Մշակութային արժեքների պաշտպանությունը բռնազավթված տարածքներում», արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխում, այդ թվում` օգտագործման ձևի և գործառույթի որևէ փոփոխություն: Մշակութային ժառանգության գործառույթի փոփոխման գործողությունը խախտում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիա»-ի դրույթները, որի 11-րդ հոդվածով պետությունները պարտավոր են հարգել ժառանգության ոչ նյութական արժեքները անկախ դրանց ծագումից ու գործառույթից։
Եկեղեցիների գործառույթի փոփոխությունը ոտնահարում է հայ հանրույթի կրոնական համոզմունքներն ու կրոնական ծիսակատարություններն իրենց իրական բնույթով պահպանելու և իրականացնելու մշակութային ֆունդամենտալ իրավունքը՝ հաստատված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 27-րդ հոդվածով և ամփոփված Եվրոպայի Խորհրդի կողմից 2005 թվականին Ֆարոյում ընդունված «Մշակութային ժառանգությունը հասարակության համար» կոնվենցիայով։