Ադրբեջանի «նոր համալսարան» ստեղծելու պատրվակի տակ քանդում և ձևախեղում է Արցախի պետական համալսարանի շենքը
Արցախի ամբողջական հայաթափումից հետո, 2023 թվականի նոյեմբերի 23-ին Իլհամ Ալիևի հրամանագրով ստեղծվեց «Ղարաբաղի համալսարանը», որը պետք է գործի 2024 թվականի սեպտեմբերից Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախի Պետական Համալսարանի շենքում: Ներկայումս Արցախի Պետական Համալսարանի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ․ շենքի ամբողջ ճակատը պատած է տախտակամածերով, հեռացվել է շենքի ամբողջ երեսպատումը, որն արվել էր շենքի վերջին վերանորոգման ժամանակ:
Գլխավոր ճակատից արդեն իսկ հեռացվել է հայերեն «Արցախի Պետական Համալսարան» գրությունը։ Հավանական է, կհեռացվի նաև քիչ ավելի ներքև գտնվող «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» գրությունը:
Արցախի Պետական Համալսարանը հիմնադրվել է 1969 թվականին և սկզբնապես եղել է «Բաքվի Վ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը», իսկ 1973 թվականին՝ ստացել ինքնուրույն կարգավիճակ և վերանվանվել Ստեփանակերտի Պետական Մանկավարժական ինստիտուտ: Վերջին տարիներին համալսարանի շենքը Հայաստան Համահայկական Հիմնադրամի կողմից վերակառուցվել էր, ամրակայվել, կառուցվել էին նոր մասնաշենքեր:
Նախքան Արցախի ամբողջական բռնազավթումը՝ համալսարանն ուներ 5 ֆակուլտետ, 15 ամբիոն, շուրջ 3000 ուսանող և 200 դասախոս։ Համալսարանի գրադարանն ուներ ավելի քան 100 հազար կտոր գրականություն, հրատարակչություն, որտեղ հրատարակվում էին «Գիտական տեղեկագիր», «Հայագիտական հանդես», «Արցախի համալսարան» պարբերականները: Համալսարանի բակում էր տեղադրված Արցախյան առաջին պատերազմում զոհված 75 ուսանողների հիշատակին կանգնեցված հուշարձանը:
Արցախի ամբողջական օկուպացիայից և հայաթափումից հետո դադարեց Արցախի Պետական Համալսարանի գործունեությունը՝ ոչնչացման վտանգի տակ թողնելով ամբողջ ժառանգությունը։ Ադրբեջանական կողմը «նոր համալսարանը» հիմնում է հայկական բնակչությունից զուրկ քաղաքում, համալսարանի ուսանողները պետք է գան Ադրբեջանի այլ շրջաններից, ինչի համար Ստեփանակերտի թաղամասերից մեկը հատկացվելու է նրանց որպես հանրակացարանային տարածք: Վերջին օրերին տարածվող լուսանկարներից պարզ է դառնում, որ համալսարանին հարող տարածքները՝ բնակելի և մասնավոր տները քանդվում են:
Մեր արձագանքը
Ստեփանակերտի 1969 թվականին հիմնադրված համալսարանի վերափոխումը, գրությունների ջնջումը, հարուստ գրադարանի և ենթակառուցվածքների նպատակամիտված ոչնչացումն Ադրբեջանի հայկական հետքի վերացման ծրագրային քաղաքականության հերթական փուլն է։ Այն՝ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թվականին ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի խախտում է: