Ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են Հադրութի Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շենքը և հարակից բնակելի տները
2023 թվականի մայիսի 5-ին Azertac News Agency ֆեյսբուքյան հարթակում (https://www.facebook.com/watch/?v=216014441163038) տարածվեց տեսանյութ, համաձայն որի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և կինը՝ Մեհրիբան Ալիևան այցելել են Հադրութ, մասնակցել Հադրութում «Ադմինիստրատիվ կենտրոն»-ի հիմնարկեքին։ Տեսանյութում ակնհայտ է, որ հիմնահատակ քանդվել է Հադրութի Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը և հարակից բնակելի շենքերը (նկ․ 1-3)։
Հադրութի կենտրոնական գրադարանը հիմնադրվել էր 1932 թվականին։ Համաձայն Արցախի Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության տրամադրած տվյալների՝ գրադարանն ուներ 36923 միավոր գիրք։ Մինչև Արցախյան 44-օրյա պատերազմը Հադրութի Ավ․ Իսահակյանի անվան գրադարանը կարևոր դեր է ունեցել համայնքի մշակութային կյանքում, հանդիսացել է մշակութային զանազան միջոցառումների և հանդիսությունների կենտրոն։ Այստեղ կազմակերպվել են «Գարնանային ընթերցումներ», «Արցախյան բանահյուսության ընթերցումներ» ամենամյա կրթական միջոցառումները, որոնց մասնակցում էին շրջանի դպրոցների աշակերտները և երիտասարդները։
Մեր արձագանքը
Հադրութի Ավ․ Իսահակյանի կենտրոնական գրադարանի ավերումը ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է, որը Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային կոնվենցիաների և հռչակագրերի մի շարք դրույթների կոպիտ խախտում և ոտնահարում է։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։