Ադրբեջանցիներն ավերել են Մարտակերտ քաղաքի հուշարձան-խաչքարը
2024 թվականի հունվարի 7-ին մեր գործընկեր “Artsakh Monuments” թիմը վավերացրել է օկուպացված Արցախի Մարտակերտ քաղաքի Դանիել Վարուժան փողոցում գտնվող հուշարձան-խաչքարի ավերումը (https://www.facebook.com/artsakh.monuments/): Հուշարձան-խաչքարը կանգնեցվել էր 2021 թվականի հոկտեմբերին՝ ի հիշատակ պատերազմում զոհված Հարութ Բաբայանի և Գարիկ Մնացականյանի:
Մեր թիմին հաջողվել է պարզել, որ նկարահանումները իրականացվել են 2023 թվականի դեկտեմբերի 16-ին Arxiv Tv Qarabag էջի կողմից։ Այն նկարահանել է ոմն Շաքիր Մամեդովի կողմից: 24 րոպե տևողությամբ տեսանյութը ներկայացնում է մեքենայի պտույտը Մարտակերտ քաղաքով: Ավերված խաչքարը երևում է տեսանյութի 3:41 րոպեից (https://www.youtube.com/watch?v=j_adHIqyHUA): Յութուբյան այս ալիքում զետեղված են օկուպացված Արցախում արված բազմաթիվ տեսանյութեր, որոնց հեղինակները տարբեր համացանցային օգտատերեր են:
Հավելենք, որ 2021 թվականին հուշարձան-խաչքարը կանգնեցվել է Սիմոնի աղբյուր կոչվող տարածքում: Աղբյուրը կառուցվել էր դեռևս 1960-ական թվականներին, իսկ բարեկարգվել էր 2021 թվականին՝ խաչքարի կանգնեցման կապակցությամբ:
Մեր արձագանքը
Համաձայն Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։