Ազան՝ Ծակուռիի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում
Սույն թվականի հոկտեմբերի 6-ին @Talish_vestnik տելեգրամյան ալիքը տարածել է մի քանի տեսաձայնագրություններ, որտեղ ադրբեջանական մշակութային տարբեր խմբեր և անհատներ տեսանկարահանումներ են իրականացնում Ծակուռիի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում և մուտքի առաջ։ Ծակուռիի Սբ. Աստվածածին եկեղեցի (Ծաղկավանք) - Monument Watch:
Տեսահոլովակներից մեկում մի երիտասարդ եկեղեցու բակում ազան է կանչում, որն ակնհայտորեն խախտում է հայ-առաքելական քրիստոնեական եկեղեցու ծիսական իրական գործառույթը, և հարված է ոչ միայն ուղղված արցախահայության ոչ նյութական հոգևոր մշակութային ժառանգությանը, այլև ողջ քրիստոնյա համայնքին։ https://t.me/Talish_vestnik/18312?single
Մեր արձագանքը
Ծակուռի եկեղեցու տարածքը՝ ներառյալ քրիստոնյա համայնքն ու հավատացյալները մշակութային լանդշաֆտի հետ միասին կազմում են մեկ ամբողջություն և չեն զատվում իրարից։ Ցանկացած գործողություն, որը տեղի է ունենում եկեղեցու տարածքում, համարվում է մշակութային հուշարձանի լանդշաֆտի անբաժանելի մաս։ Ազանի հնչեցումը քրիստոնեական եկեղեցու տարածքում ակնհայտորեն մշակութային ժառանգության յուրացման դեպք է, որը տեղի է ունենում թշնամանքի, հայ ավանդույթների ժխտման հետևանքով։ Յուրացնելով հայկական ժառանգությունը այն կորցնում է իր հիմնական արժեքը, զրկվում իսկության և ամբողջականության հատկանիշներից, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թվականին Ճապոնիայում ընդունված իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ԻԿՕՄՕՍ-ի և Բուրրայի խարտիայից և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Ըստ Հաագայի 1954 թվականի «Զինված հակամարտության ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիային կից երկրորդ արձանագրության (1999) 9-րդ հոդվածի գ ենթակետի՝ «Մշակութային արժեքների պաշտպանությունը բռնազավթված տարածքներում», արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխում, այդ թվում` օգտագործման ձևի և գործառույթի որևէ փոփոխություն: