2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանի տիրապետության տակ անցած Ազոխ գյուղում պղծվել է Հայրենական պատերազմի և Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Տեսանյութում և հրապարակման լուսանկարներում, որոնք տեղադրվել է 2022 թվականի մայիսի 8-ին տելեգրամյան Telegram: Contact @ararathau անունով օգտատիրոջ կողմից, հստակ երևում է, թե ինչպես է ադրբեջանական կողմը գրաֆիտիներով պղծել հուշարձանը՝ խախտելով ժառանգության ամբողջականության և իսկության միջազգայնորեն հաստատված սկզբունքները։
Մեր արձագանքը
Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում է վանդալիզմի, գողության, կողոպուտի կամ յուրացման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։ Ըստ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության, որը գործում է նաև ոչ միջազգային (էթնիկ) բախումների դեպքում, արգելվում է ժառանգության հանդեպ թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն, իսկ այդպիսի արարքը ըստ 15-րդ հոդվածի որակվում է որպես միջազգային հանցագործություն։ Ըստ Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի` «Չխախտելով Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ին ընդունված կոնվենցիայի դրույթները, արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ հաշվեհարդարի առարկա դարձնել»: