Ամարասի վանական համալիրից ադրբեջանցիների պահանջով իջեցվել է Արցախի պետական դրոշը
Վերջին օրերին մի շարք լրատվական կայքեր անդրադարձան Արցախի Ամարասի վանական համալիրի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ «Ազատություն» կայքի հավաստմամբ, ովքեր հարցազրույց են վերցրել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանից և վանքին ամենամոտ գտնվող (3կմ) Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանից, Ամարասի վանական համալիրի վրա խաղաղության պայմաններում երբևէ դրոշ տեղադրված չի եղել։ Բայց երբ 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական շփման գիծը կանգ է առել Ամարասից 800-1000 մետր հեռավորության վրա, որոշել են տեղադրել ռուսական դրոշ, իհարկե ոչ թե արարողակարգային կերպով, այլ ներքին պայմանավորվածությամբ։ https://www.azatutyun.am/a/31474588.html
Աղբյուրներից մեկը հավելում է, որ Ադրբեջանցի զինվորականները սեպտեմբերի 21-ին իրենց դիրքերը 1200 մետրով առաջ են մղել Մաճկալաշեն գյուղի ուղղությամբ և փորձել խրամատավորվել չեզոք տարածքում, որից հետո ադրբեջանական դրոշներ են տեղակայել Ամարասի վանական համալիրի պարիսպների մոտ գտնվող տարածքում https://verelq.am/hy/node/94564։ Բայց ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովի միջնորդությամբ ադրբեջանական դրոշները կարճ ժամանակ անց հեռացվել են տարածքից, նրանք էլ բարձրացել են ելման դիրքեր։ Բանակցությունների ժամանակ ադրբեջանցիները պահանջել են համալիրի վրայից հեռացնել ռուսական դրոշը։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ի գիշերը հայկական կողմը Ամարասի վանական համալիրի վրա է բարձրացրել Արցախի Հանրապետության պետական դրոշը, բայց արդեն հաջորդ առավոտյան ադրբեջանցիները պահանջել են Արցախի դրոշը հանել թեˊ մարտական դիրքից, և թեˊ Ամարասի վանքից: Ռուս զինվորականները միջադեպից խուսափելու համար առաջարկել են Արցախի դրոշը փոխարինել հայկականով, բայց ռուս խաղաղապահ առաքելություն իրականացնող բարձրաստիճան սպայի ցուցումով սեպտեմբերի 24-ին համալիրի վրայից վերջնականապես հեռացվել է դրոշը այլևս ոչ մի դրոշ չբարձրացնելու հրահանգով։ https://factor.am/421317.html
Հարկ է հիշեցնել, որ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մասին պարբերաբար տեղեկություններ փոխանցող Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այս մասին լռում է։
Հիշեցնենք, որ այսօր վանական համալիրը շարունակում է լիարժեք գործել, վերանորոգողական աշխատանքներ են տեղի ունենում, ուխտագնացությունները պարբերաբար ընթանում են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ https://civic.am/15773--.html
Փաստորեն Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման գործողություններ է կատարում նաև հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող հուշարձանների դեպքում https://www.youtube.com/watch?v=J8zNKVQw8Bk։