Արցախի Տիգրանակերտը կա՝ անկախ նրանից, թե ինչ է ասում այդ մասին ադրբեջանական պրոպագանդան
2022 թվականի հուլիսի 22-ին ադրբեջանական ռուսալեզու CBC TV Azerbaijan հեռուստաալիքով հեռարձակվեց ակնհայտ հակահայկական քարոզչական բնույթ ունեցող տեսահաղորդում https://www.youtube.com/watch?v=jFcaTe8PIF8, որտեղ ադրբեջանական կողմը անդրադարձ կատարեց Արցախի Տիգրանակերտին: Մասնավորապես, հաղորդման մեջ նշվում է, թե հայերը ‹‹Ղարաբաղի օկուպացիայի ժամանակ›› իրենց համար ‹‹հնարել էին հին քաղաքներ››, որոնք գտնվում են ադրբեջանական հողերի վրա: Նշվում է, որ տեղանունների փոփոխություններ կատարելուց բացի, հայկական կողմը ‹‹անօրինական›› պեղումներ է կատարել՝ առանց ներգրավելու միջազգային փորձագետների, ինչպես նաև առանց լուրջ գիտական հիմնավորումների: Հաղորդման մեջ նշվում է, որ հայկական կողմը 2020 թվականից հետո ‹‹փոխեց երևակայական Տիգրանակերտի գտնվելու կոորդինատները››՝ տեղափոխելով այն ժամանակակից Թուրքիա:
Անտիկ Տիգրանակերտը, որի հազարավոր կվադրերը դեռ տեղում են, հելլենիստական քաղաքաշինության և ամրաշինության մի դասական օրինակ է, որի նախօրինակը մշակվել է դեռևս մ. թ. ա. երրորդ դարում Ալեքսանդրիայում, ապա տարածվել է Փոքր Ասիայում, հասել Հայաստան, առաջին անգամ կիրառվել Արտաշատում։ Ահա մի հատված Հ. Պետրոսյանի «Արցախի Տիգրանակերտ» անգլերեն հոդվածից, որը լույս է տեսել Օքսֆորդում հրատարակվող Արամազդ ամսագրում (Petrosyan, Hamlet. 2020. Tigranakert of Artsakh. Aramazd. Armenian Journal of Near Eastern Studies 10/1–2. 327–371. https://www.academia.edu/44738770.)։
«Տիգրանակերտի ամրաշինական համակարգը կազմված է երեք բաղադրիչներից՝ ուղղանկյուն աշտարակ, կլոր աշտարակ և դրանք իրար կապող բեկյալ կամ զիգզագ պատ: Զիգզագ պատն իր հերթին բաղկացած է երկու բազուկներից և զիգզագի հատվածից. հատվածները միայն ուղղագիծ են, թեքումները՝ ուղղանկյուն կամ սուրանկյուն: Ռելիեֆից կախված զիգզագ պատն ունի տարբեր երկարություն (ամենակարճը՝ 7,0 մետր, ամենաերկարը՝ 25,5 մետր, զիգզագի հատվածը՝ 1,5 մետր – 9,8 մետր) և տարբեր ուղղություններ: Ըստ էության, ի դեմս Տիգրանակերտի ամրոցի, գործ ունենք եռանկյուն մի մոդելի հետ, որի պարտադիր բաղադրիչներն են մեկընդմեջ իրար հաջորդող ուղղանկյուն (կողերի երկարությունը՝ 7,0-8,0 մետր) և կլոր աշտարակները (տրամ.՝ 9,0 մետր սահմաններում) և դրանք իրար միացնող անպայման մեկ զիգզագ ունեցող պարսպապատը: Պատերի տարբեր երկարություններն ու ուղղություններն տեխնիկական այն միջոցներն են, որոնց օգնությամբ եռանկյուն մոդելը համապատասխանեցվել է տեղանքի բնական պաշտպանական հնարավորություններին:
Կառուցողական տեխնիկայի ընդհանրական բնութագրերով (ժայռափոր հիմք, հիմնամասի իրականացում քարե բլոկներով, չոր շարվածք, պատի ամրության ապահովում բլոկների իսկ ծանրությամբ, ծիծեռնակապոչ կապերի լայն օգտագործում, կրաշաղախի օգտագործում, վերնամասի իրականացում հում աղյուսով), առանձին բաղադրիչների չափերով (պատի հաստություն, քառանկյուն աշտարակների չափեր) Տիգրանակերտի պաշտպանական համակարգը երևան է բերում մոտ զուգահեռներ մերձավորարևելյան դասական (Միլեթ, Եփեսոս, Պերգամոն, Պրիենե, Մեանդրի վրայի Մագնեզիա, Դուրա-Եվրոպոս) և անդրկովկասյան որոշ հուշարձանների հետ:
Հատակագծման և ճարտարապետական որոշ լուծումների առումներով այն շատ մոտ է Պրիենեին (տեղանքում գերիշխող եռանկյուն միջնաբերդ, ստորոտում փռված կանոնավոր հատակագծումով թաղամասեր, զիգզագ պարիսպներ), Դուրա Եվրոպոսի մ. թ. ա. 3-2-րդ դարերի եզրագծին վերաբերող պարսպաշարքին (զիգզագ պարիսպներ), բայց հատկապես Արտաշատին (տեղանքում գերիշխող եռանկյուն միջնաբերդ, ստորոտում փռված կանոնավոր հատակագծումով թաղամասեր, զիգզագ պարիսպներ, ուղղանկյուն և կլոր աշտարակների համադրություն), իսկ շինարվեստի որոշ մանրամասներով համարյա նույնական է Արմազցիխե-Բագինեթիի համաժամանակյա պարսպաշարի հետ: Այս զուգահեռների քննությունը հնարավորություն է տալիս հավաստել, որ Տիգրանակերտը կառուցվել է ժամանակի առաջադեմ ճարտարապետական մտքի և կառուցողական տեխնիկայի լիարժեք օգտագործումով: Այս հանգամանքները Տիգրանակերտը դարձնում են մ. թ. ա. առաջին – մ. թ. առաջին դարերի էտալոնային հուշարձան, քանի որ այն թվարկած հուշարձանների համապատասխան համալիրների համեմատ շատ ավելի լավ է պահպանված։
Քաղաքի ամրացված թաղամասում առկա պարսպապատերի ժայռափոր հիմքերը, դրանց հսկայական չափերը, կառուցման կանոնավորությունը, սալերի կատարյալ համաչափությունն ու նուրբ մշակումը, հելլենիստական ամենաառաջադեմ տեխնիկայով սալերն իրար միացնելը («ծիծեռնակապոչ» կապերը) անկասկածորեն վկայում են, որ դրանք կառուցվել են միասնական պլանավորումով, հմուտ և առաջադեմ ճարտարապետների ու վարպետների կողմից: Ուժի, մտքի և նյութի նման կուտակումն ու գրանդիոզ ծրագրի իրագործումը կոնկրետ մի վայրում հնարավոր էր միայն համընդհանուր, պետական մոբիլիզացիայի դեպքում, հանգամանք, ինչն ավելի է ամրապնդում համոզմունքը, որ մենք գործ ունենք թագավորական ու պետական նախաձեռնության հետ» (էջ 234-335)։
Ադրբեջանցի որևէ մասնագետ փորձե՞լ է հակափաստարկներով մերժել այն։ Իհարկե՝ ոչ։ Այս ամենին ծանո՞թ են ալիևյան պրոպագանդիստները։ Թե չէ անընդհատ հայտարարել, թե հայ հնագետները առանց իրավունքի են պեղել (երբ պեղումներն իրականացվել են Արցախի իշխանությունների համապատասխան թույլատրությամբ և ընթացակարգով), ամեն անգամ հայտարարել, թե Տիգրանակերտը հնարած է, իհարկե, ակնհայտորեն ցուցում են, որ այստեղ սովոր չեն խոսել փաստերի և գիտության լեզվով։
Հետազոտողի համար դժվար է, հաճախ էլ անիմաստ, պատասխանել պրոպագանդիստների հիմարություններին։
Եվ ինչու՞ ելույթ չի ունենում ակադեմիական բարեվարքությանը քիչ թե շատ հետևող որևէ ադրբեջանցի հետազոտող։