Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու ադրբեջանական նախագծի մասին
Դեռևս 2022 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական Maiden Tower թելեգրամյան ալիքն իր էջում հրապարակեց Ադրբեջանի «Հուշարձանների պահպանության հասարակական կազմակերպության»՝ Բերձոր քաղաքի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու առաջարկը՝ https://t.me/MaidenTower/26638?fbclid=IwAR0t65MuvT8bKTfzmp-oiSl7s25_WQbthtfDx9QAV42OAWcXEg04LyNVe30: Ադրբեջանական հիշյալ թելեգրամյան ալիքի անդրադարձը կապվում է 2022 թվականի օգոստոսի 25-ին Բերձոր քաղաքի, ինչպես նաև Աղավնո և Սուս համայնքների ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու հետ, ինչն ադրբեջանական լրատվական հարթակում բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ: Դիտարկելով ադրբեջանական սոցիալական հարթակներում, լրատվականներում Բերձորի շուրջ հնչեցվող տեսակետները՝ կարող ենք վավերացնել, որ Սուրբ Համբարձման եկեղեցու հետագա ճակատագրի մասին, որպես կանոն, հնչում է երկու տեսակետ. առաջին՝ որ եկեղեցին հանդիսանում է ‹‹հայկական օկուպացիայի խորհրդանիշ›› և չպիտի պահպանվի, և երկրորդ՝ որ այն կարելի է վերածել մզկիթի:
Բերձորի եկեղեցին մզիթի վերածելու մասին առաջարկը ադրբեջանական սոցիալական տիրույթում առավելապես տարածում է վերոնշյալ կազմակերպությունը (https://www.facebook.com/AbidlriniMudafiTskilatiIctimaiBirliyi): Եկեղեցին մզկիթի վերածելու առաջարկը այս էջում հրապարակվել է դեռևս 2021 թվականի հունվարի 28-ին Թուրալ Զեյնալովի կողմից (https://m.facebook.com/story.php?story_fbid=2726316497662103&id=100008513379753&m_entstream_source=timeline&anchor_composer=false): Այս առաջարկի հեղինակ հանդես է գալիս Ֆայիք Իսմայիլովը, որի անձնական էջում հրապարակումների մեծագույն մասն առնչվում է Բերձորին: Վերջինս նաև Ադրբեջանի ‹‹Հուշարձանների պահպանության հասարակական կազմակերպության» գլխավոր համակարգողն է: Սույն կազմակերպությունն ունի նաև իր պաշտոնական կայքը, որը զբաղվում է ակնհայտ քարոզչական նպատակ հետապնդող պատմության կեղծարարությամբ http://monuments.az/:
Նախագծի առավել մանրամասները հրապարակվեցին 2021 թվականի մարտի 5-ին monuments.az@ կազմակերպության յութուբյան էջում (https://www.youtube.com/watch?v=ykBEqtx_h2Q): Ըստ նախագծի, ապամոնտաժվելու են եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվելու են երկու մինարեթներ, վերացվելու են եկեղեցու վրայի բարձրաքանդակները, խաչերը և ագուցված խաչքարերը: Այս նախագծի իրականացման պարագայում բարբարոսաբար վերացվելու է ականավոր քանդակագործ Արտաշես Հովսեփյանի կողմից կերտված եկեղեցու բարավորի բարձրաքանդակը, որտեղ ներկայացված է Աստվածածինը մանուկ Քրիստոսի հետ, վերացվելու են եկեղեցու վրայի արժեքավոր քանդակները, խաչերը, ագուցված խաչքարերը, եկեղեցու բեմի զարդաքանդակը:
Հարկ ենք համարում նաև նշել, որ այս թեման առավել շատ քննարկվում էր 2021-2022 թվականներին թելեգրամյան տարաբնույթ ալիքներում և սոցիալական հարթակներում:
Ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո Բերձոր քաղաքի եկեղեցու վիճակի մասին շատ քիչ տեղեկություններ կային: Ադրբեջանցիները, ովքեր իրենց տարաբնույթ սոցիալական կայքերում հարյուրավոր լուսանկարներ և տեսանյութեր էին հրապարակում քաղաքից, գրեթե ոչ մի լուսանկար կամ տեսանյութ չէին հրապարակում եկեղեցուց: Եկեղեցու ծավալները երևում էին միայն Բերձորի տեսարանները ցուցադրող տեսանյութերում: Միայն վերջերս սոցիալական ցանցերում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ մի քանի ադրբեջանցի իսլամական աղոթք են հնչեցնում եկեղեցում (https://www.youtube.com/shorts/ZxWy3m1pACE), մեկ այլ տեսնայութում էլ երևում էր, որ եկեղեցու վրայից հանվել են խաչերը, սակայն շինությունը դեռևս կանգուն էր և կարծես անվնաս (https://www.youtube.com/watch?v=fn60Mx54KZ0):
2023 թվականի հունիսի 23-ին տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, որ եկեղեցու գմբեթը (միգուցե նաև այլ ծավալներ) ներառվել են շինարարական տախտակամածների մեջ (https://www.tiktok.com/@haykazunner/video/7246252617154710792?fbclid=IwAR0TmQyoP95SUW9ViPZnxhsv_dn8WfZnqMV-XNJJ7ZqTzKHX-eJstyUM1h8): Հաշվի առնելով ոչ ուղղակի և ոչ պաշտոնական կերպով արվող ակնարկները եկեղեցու ճակատագրի մասին, վերջերս հայտնված տախտակամածները, չենք բացառում եկեղեցու վերափոխումը մզկիթի: Միաժամանակ նշենք, որ ավելի հավաստի եզրակացության համար՝ մեր թիմը դեռ չունի բավարար փաստարկներ:
Մեր արձագանքը
Նմանօրինակ պրոպագանդան և վերափոխման ուղղված կոնստրոիցիաների երևան գալն ակնհայտորեն հայկական մշակութային ժառանգության յուրացման, նենգափոխման ադրբեջանական քաղաքականության մի մասն է, որը տեղի է ունենում Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումից հետո, որով դատարանը պահանջել էր Ադրբեջանից զերծ մնալ հայկական արժեքների ցանկացած վնասից՝ ներառյալ յուրացման քաղաքականությունը, այնպես էլ դատապարտվել է ԵԽԽՎ 2021 թ. սեպտեմբերի 27-ի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ» ԵԽԽՎ 2391-րդ և 2022 թ. մարտի 10-ի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» 2582-րդ բանաձևերով։
Այս նախագիծն ակնհայտորեն ոտնահարում է հուշարձանի պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության ճանաչում: Կարևոր է ընդգծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության հիմնարար սկզբունքները, համաձայն որոնց՝ մշակութային ժառանգության պահպանության և կառավարման պատասխանատվությունը վերապահված է այն համայնքին, որը ստեղծել է մշակութային ժառանգությունը: «Զինված բախումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի՝ արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, նպատակ ունենալով թաքցնել կամ ոչնչացնել մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: