«Գյուտարար» Մոբիլին որոշել է աղվանական հայտարարել օկուպացված Հադրութի 17-19-րդ դարերի հայկական խաչաքանդակները

Իրեն Ադրբեջանի ուդիական համայնքի կրոնական առաջնորդ հռչակած Ռոբերտ Մոբիլին հերթական անգրագիտությունն է ցուցադրել՝ օկուպացված Հադրութի հայկական հուշարձանների խաչերն ու խաչային հորինվածքները ներկայացնելով որպես աղվանական https://www.facebook.com/robert.mobili/posts/4294590627324509

Լավ է, գոնե հասկացել է, որ բավարարվի միայն 17-19-րդ դարերի օրինակներով, խուսափելով ավելի վաղ օրինակներին դիմելուց, թե չէ ստացվելու էր, որ հայկական ողջ խաչքարային մշակույթը պիտի հայտարարել աղվանական:

Ասենք, որ Մոբիլիի արածը նրա սեփական «հայտնագործությունը» չէ: Տարիներ առաջ այդ «գյուտն» արել են ադրբեջանցի «հետազոտողները», Նիժի եկեղեցու 19-րդ դարի քանդակազարդ խաչերը, որոնք ուղեկցվում են հայերեն արձանագրություններով, ներկայացնելով որպես աղվանական (տես օրինակ՝ https://www.baku.ru/pht-view.php?nd=0&id=49589&gl=0&load_id=&v=l):

Անտեղյակ լինելով հայկական մշակույթից և հատկապես խաչքարային արվեստից,  հետևաբար, դրանցում խաչի պատկերագրության և հորինվածքային բազմազան տիպերի ծագումից ու զարգացումից, անգրագետ «գյուտարարներին» թվացել է, թե խաչերի այդ տեսակը այլուստ հայտնի չէ, և դրանք կարելի է համարձակորեն աղվանական հայտարարել: Նույնպես վարվում է և  Մոբիլին՝ «հայտնագործելով», որ նման խաչեր կան նաև Հադրութի հուշարձանների վրա: Իհարկե ադրբեջանական պետական զեղծարարության տրամաբանությունը ենթադրում է, որ հայերը պիտի որ ջնջած լինեին «աղվանական» խաչերը և իրենցը փորագրեին: Պարզ է, որ հայերը երբեք որևէ բան ջնջելու կարիք չունեին, քանի որ դրանք իրենց նախնիների քանդակած խաչերն են:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ադրբեջանցիների կողմից «աղվանական» հռչակված խաչը: Այն մի քանի տասնյակի հասնող հայկական խաչերի տիպերից մեկն է՝ բազմաթել հյուսկեն երկրաչափականացված խաչ, որի թևերն ավարտվում են նշտարաձև ելուստներով:

Ընդհանրապես խաչի հյուսվածքայնությունը, որը զուտ հայկական երևույթ է և դրսևորվում է բուսական ու երկրաչափական մոտիվների համատեղմամբ, ինչն էլ խաչին հաղորդում է հյուսածո-ծաղկուն արտաքին: Դա մի գործընթաց էր, որ հայ խաչքարային արվեստում սկիզբ է առնում 10-րդ դարի վերջերից և տարբեր դրսևորումներով հարատևում մինչև 18-19-րդ դարերը (տե՛ս Պետրոսյան 2008, 111-127, Petrosyan 2015, 17-18, նկ. 1): Նույն դրսևորումն ենք տեսնում նաև հայկական գրքարվեստում։ Հյուսածո-ծաղկուն խաչերն իրենց մանրանկարչական նրբագեղությամբ և բազմազանությամբ զարդարում են նաև հայկական գրեթե բոլոր գրչօջախներում գրված և ծաղկված ձեռագիր մատյանների  նկարազարդ էջերը։ Դրանց ամենավաղ օրինակները հանդիպում են 11-12-րդ դարերի ձեռագրերում (Անվանաթերթ, Ավետարան, 1181թ., Դրազարկ, մանրանկարիչ Խաչատուր, թ.181բ), իսկ 13-րդ դարից (նկ. 2, 3) այն լայն տարածված տիպ է ներկայացնում ընդհուպ մինչև 18-րդ դար (նկ. 4, 5 )։

Մոտ 14-րդ դարի վերջերից՝ քաղաքական-դավանական էական ճնշումների պատճառով հայ մշակույթը որոշակի անկում է ապրում, խաչքարային արվեստը հետզհետե կորցնում է նախկին բուսա-երկրաչափական բազմազանությունը, քանդակը դառնում է ավելի սաղր, մոտիվներն ավելի միատարր ու կրկնվող: Խաչաքանդակներն ամբողջովին երկրաչափականացվում են,  և միայն որոշ օրինակներում  նրա երբեմնի բուսական կերպարն արտահայտվում է խաչատակից բարձացող փոքրիկ արմավիկներով ու խաչաթևերի նշտարաձև վերջույթներով: Սա համահայկական մի գործընթաց էր, որն սկսվեց կենտրոնական նահանգներում (Կոտայք, Վայոց ձոր, Գեղարքունիք, Վասպուրական), ապա տարածվեց նաև Արցախում, Ուտիքում, իսկ եզակի օրինակներով, այն էլ 19-րդ դարում նաև Կուրից հյուսիս: Թե ինչու  այն ներառեց նաև աղվանական եկեղեցին, պարզից էլ պարզ է: Սկսած առնվազն 7-րդ դարի վերջերից՝ Աղվանից եկեղեցին դավանաբանորեն, ծիսական և պատկերագրական առումներով որևէ տարբերություն չուներ Հայ եկեղեցուց, մանավանդ, որ նրա հոտի գերակշիռ մասն էլ կազմում էր Արցախի և Ուտիքի հայ բնակչությունը: Ութերորդ դարից ի վեր չկա աղվանական քրիստոնեական առանձին մշակույթ, չկա առանձին դավանաբանություն, ծես և պատկերագրություն: Կան միայն տեղական շինարարական, կատարողական առանձնահատկություններ, որ թեթև ձեռքով կարելի է հայտարարել աղվանական:
Եվ պարզ է, որ չեն կարող լինել նաև աղվանական խաչեր՝ ի տարբերություն հայկականի:

Բայց դառնանք փաստերին: Նշտարաձև վերջույթներով  խաչաքանդակների առաջին օրինակները տալիս են դեռ 12-րդ դարի որոշ խաչքարեր (նկ. 6), սակայն այն համատարած է դառնում սկսած 14-րդ դարի կեսերից (օրինակ՝ Առինջի, Բջնիի, Հավուց Թառի, Պոռի խաչքարերը, որոնք ունեն նաև հստակ արձանագրական թվագրումներ, տես նկ. 7-10): Այս ալիքը տարածվում է ողջ Հայաստանով մեկ, ապա ներառում Արցախը և Ուտիքը: 17-րդ դարի քաղաքական ու մշակութային վերելքը Պարսկաստանին ենթակա ընդարձակ տարածքներում (Վանա լճից մինչև Խաչեն, Այրարատից մինչև Սպահան) այս խաչաձևն է ընտրում որպես հիմնական՝ դրանց քանդակները զանազան համադրություններով տեղադրելով նոր կառուցվող եկեղեցիների ճակատներին, շքամուտքերի բարավորներին (նկ. 11-13), խաչքարերի (նկ. 14)  և տապանաքարերի վրա:

Ստացվում է, որ Հայ առաքելական եկեղեցու կողմից երկրի կենտրոնական մարզերում 14-15-րդ դարերում ստեղծում էին խաչերի և խաչային հորինվածքների նոր ձևեր, 16-18-րդ դարերում դրանք տարածում հայաստանյան և հայաբնակ ու հայադավան տարածքներում նրա համար, որպեսզի դարեր անց կիսագրագետ Մոբիլին և իրեն ոգևորողները «հիացական» գյուտեր անեն և դրանք համարեն աղվանական: Գիտական «բարեվարքության» ավելի կատարյալ օրինակ դժվար է պատկերացնել:

Գրականություն

Պետրոսյան 2008 – Պետրոսյան Հ. Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, «Փրինթինֆո»:

Petrosyan 2015 - Petrosyan H. Khachkar, Yerevan, “Zangak”.