Երբ քաղաքականությունը անթաքույց նենգափոխում է մշակութային ժառանգության պատկանելությունը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը սույն թվականի փետրվարի 8-ին իր պաշտոնական կայքում տարածեց լուսանկար և տեղեկատվություն առ այն, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն այցելել են Դադիվանքի հնագույն վանական համալիր։ https://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12407657@egNews
Հայտարարության մեջ նշվում է, որ շրջայցի ընթացքում Դադիվանքի վանական համալիրի առաջնորդ, քահանա Հովհաննես Հովհաննիսյանը ռուս խաղաղապահներին պատմել է 12-13-րդ դարերում ստեղծված կառույցի պատմության մասին։ Ռուս խաղաղապահներից Յուրի Ռոմանիշինը նշել է, որ Ավագ Կիրակի օրը նրանք հնարավորություն են ունեցել հաղորդակցվել նախնիների պատմության և հոգևոր արժեքների հետ և տուն գնալուն պես իրենց որդիներին ու թոռներին անպայման պատմելու են այս համալիրի և այնտեղ ունեցած զգացողությունների մասին։
Համացանցում պահպանված է հայտարարության նախնական տեքստը, որում (https://bit.ly/3GB6m1e նկ․) նշված էր, որ Դադիվանքը 12-13-րդ դարերի միջնադարյան Հայաստանի ամենախոշոր վանական համալիրներից է, որ այն իր անունը ստացել է ի պատիվ Սուրբ Դադիի, ով քրիստոնեություն էր քարոզում Հայաստանի արևմտյան (պիտի լիներ՝ արևելյան) շրջաններում, ով Թադևոս առաքյալի աշակերտն էր։ Ըստ լեգենդի, համալիրը կառուցվել է Սուրբ Դադիի գերեզմանի վրա։
Ինչպես վավերացրել են լրատվական որոշ կայքեր, հայտարարության սկզբնական տեքստից հետո հեռացվել է Դադիվանքի հայկականության փաստը։
Մեր արձագանքը
Ավելի քան հավանական է, որ Դադիվանքի հայկական լինելու մասին հատվածը հանվել է Ադրբեջանի հորդորով կամ պահանջով։ Եվ մենք իրավունք ունենք կարծելու, որ մշակութային ժառանգության ինքնությունը քաղաքական շահերի կամ շահարկումների խնդիր դարձնելը այն դիրքորոշումը չէ, որ բխում է մշակութապահպան ջանքերից, որ խոստացել է կիրառել Ռուսաստանն այս հարցերում։