Թե ինչպես են Ադրբեջանի ‹‹մասնագետներն›› ու հոգևորականները Թալիշ գյուղի 1957-1959 թթ. կառուցված մշակույթի տունը համարում ռուսական եկեղեցի և ‹‹հայկական վանդալիզմի›› զոհ
2023 թվականի հունվարի 15-ին ադրբեջանական CBC TV Azerbaijan հեռուստալիքով հեռարձակվեց բացահայտ քարոզչական բնույթ կրող ռուսալեզու «Разрушенные храмы Карабаха: разоблачение армянского вандализма» (Ղարաբաղի ավերված տաճարները. հայկական վանդալիզմի բացահայտումը) վավերագրական ֆիլմը https://www.youtube.com/watch?app=desktop&v=pbgRzebfJwA: Ֆիլմի հեղինակը և վարողը Ադրբեջանում ռուսական համայնքի ղեկավարի տեղակալ, լրագրող Անաստասիա Լավրինան է: Վերջինս դեռևս 2021 թվականին հեղինակել էր հակահայկական քարոզչական բնույթի մեկ այլ ռուսալեզու վավերագրական ֆիլմ, որի թիրախում Գևորգավանի ռուսական եկեղեցին էր (Գևորգավանի ռուսական եկեղեցու շուրջ):
Այս ֆիլմի քարոզչական թեզն այն է, որ հայկական կողմը ոչնչացրել է ոչ միայն իսլամական, այլ նաև՝ Ռուս ուղղափառ եկեղեցու և Աղվանից եկեղեցու մշակութային ժառանգությունը: Ըստ ֆիլմի հեղինակների՝ դա դրսևորվել է այդ եկեղեցիները հայկականացնելով, հայ եկեղեցու ծիսակարգին հարմարեցնելով, իսկ այդ ամենի անհնարինության դեպքում՝ շինությունները անտերության մատնելով, ռազմական և այլ նպատակներով օգտագործելով: Որպես քարոզչական թիրախ այս անգամ ընտրվել է օկուպացված Թալիշ գյուղի անցած դարի 50-ական թվականների վերջին կառուցված մշակույթի տան շենքը։ Հաղորդման հեղինակները, ադրբեջանական «փորձագետները» այն հայտարարում են ‹‹ռուսական ուղղափառ եկեղեցի››: Որպես պատմաբան ներկայացող Մահաբատ Փաշաեվան հնարում է մի պատմություն՝ իբր թե ‹‹Թալիշի ռուսական եկեղեցին›› կառուցվել է վերոնշյալ տարածքների Ռուսական կայսրությանը միանալուց հետո, երբ Թալիշում և շրջակայքում ռուսական զորամասեր և ռուս բնակչություն հաստատվեց և կարիք առաջացավ կրոնական կառույցների: Եվ այս ամենն, իհարկե, առանց փաստի, վավերագրի կամ արխիվային փաստաթղթի։ Իհարկե, չի նշվում, թե երբ է կառուցվել ‹‹եկեղեցին››, ինչպես է այն կոչվել, թե ինչ ռուսական զորամաս կամ ռուս բնակչություն է եղել Թալիշ գյուղում ու շրջակայքում: Չի նշվում, քանի որ գոյություն չունի իրենց հայտարարությունները հաստատող կամ վավերացնող որևէ փաստ։
Առավել զարմանալի է պաշտոնական Ռուսական Ուղղափառ եկեղեցու՝ Բաքվի և Ադրբեջանի թեմի քարտուղար, վարդապետ Ալեքսիի արտահայտած պնդումն այն մասին, որ Ղարաբաղի հողերում գործել են մոտ 40 ուղղափառ ռուսական և ավելի քան 500 աղվանական եկեղեցիներ։
Վերադառնալով Թալիշ գյուղի վերոնշված շինությանը, հարկ է նշել, որ 2020 թվականի պատերազմի հետևանքով գյուղի տեղահանված բնակիչների բազմաթիվ վկայությունների համաձայն՝ այն կառուցվել է 1957-1959 թվականներին, որպես գյուղի մշակույթի տուն-ակումբ։ Այստեղ գործում էին գյուղի կինոթատրոնը, ինչպես նաև սպորտային, մշակութային, արհեստագործական տարբեր բնույթի խմբակներ: Այստեղ էր տեղակայված նաև գրադարանը:
Շենքի արտաքին տեսքը, պատերի շարվածքը, քարի տաշվածքը, և ընդհանրապես ճարտարապետական ոճն ակնհայտ խորհրդային տարիների են: Շինության առավել աչքի ընկնող մասը շքամուտքն է, որի սյուները, կամարը, ատամնազարդ քիվը և բարձրաքանդակ զարդագոտին իր շրջանաձև կենտրոնական հորինվածքով ակնհայտորեն մանտանշում են 20-րդ դարի 50-ական թվականներին ձևավորված ճարտարապետական մոնումենտալ ոճը, որն առկա է նաև նույն շրջանի աղբյուր-հուշարձաններում և Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձաններում։ Շքամուտքի քանդակազարդ գոտու մտահաղացման հեղինակն է Ռուբիկ Աղաջանյանը։ Անդրադառնալով մուտքի ճակատակալ զարդաքանդակին՝ Սլավա Բայունցը նշեց, որ քանդակագործը գյուղից չէր և անունը Թորգոմ էր։ Ուշագրավ է, որ զարդագոտու կենտրոնում դռևս տեսանելի է հնգաթև աստղի վնասված բարձրաքանդակը:
Ակումբի ներքին հարդարանքը, ինչպես վկայում է մանուկ հասակում շինարարությանը մասնակցած թալիշեցի Թեմիկ Խալափյանը, կատարել էին Երևանից հրավիրված շինարար-վարպետները: Հատկապես ուշագրավ էին կինոթատրոնի դահլիճի պատերի խաղողի ողկույզների պատկերները:
Թալիշեցի Սլավա Բայունցը նշում է, որ մշակույթի տան վարպետ-շինարարն էր Մելիք Զաքարյանը, ով աշխատում էր իր շինարարական ջոկատի հետ: Գյուղի մշակույթի տունը կառուցվել է թալիշեցիների միջոցներով, հենց իրենք էլ մասնակցել են շինարարության բոլոր փուլերին: Ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ հիշում են շինության զրոյից կառուցման մանրամասները՝ այդ թվում ովքեր են մասնակցել, ինչ չափով, նաև հիշում են, թե ինչ բնույթի միջոցառումներ են եղել Թալիշի մշակույթի տանը https://www.facebook.com/groups/TalishArcax/?ref=share:
Թալիշի մշակույթի տունը տուժել է դեռևս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ գյուղը ժամանակավորապես գրավել էին ադրբեջանական զորքերը: Շինությունը տուժել է նաև 2016 թվականի ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա պատերազմների ժամանակ ադրբեջանական զորքերի կողմից գյուղի ինտենսիվ հրետակոծությունից:
Ահա թե ինչպես են խորհրդային մշակույթի տունը, որն ավերվել է հենց Ադրբեջանի զինուժի կողմից, «մասնագետներն» ու «փորձագետները» ներկայացնում որպես հայերի վանդալիզմի զոհ դարձած ռուսական եկեղեցի։
Մեր արձագանքը
Ադրբեջանի կողմից Արցախի ժառանգության հանդեպ էթնոցիդի քաղաքականությունը չի սահմանափակվում միայն այդ ժառանգությունը ոչնչացնելով ու ավերելով։ Ադրբեջանը ձևափոխում, վերանվանում, շինծու գործառույթներ է վերագրում հայկական մշակութային ժառանգությանը՝ այդ արշավում ներգրավելով ակադեմիական բարեվարքության հետ կապ չունեցող «մասնագետների», քաղաքական պատվեր կատարող կրոնական ու հասարակական գործիչների։ Մինչդեռ ՄԱԿ-ի կողմից 2007 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունված «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագիրն իր 8-րդ հոդվածով արգելում է ձուլմանն ու մշակութային ոչնչացմանն ուղղված գործողությունները, ժողովուրդներին իրենց մշակութային արժեքներից կամ էթնիկ անհատականությունից զրկելու ցանկացած փորձ, էթնիկ խտրականության ցանկացած դրսևորում (The United Nations Declaration on the Rights of Indigenous Peoples (UNDRIP), 2007, art. 8.)։
«Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածն ու 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետն արգելում են մշակութային արժեքի ցանկացած վերափոխում, օգտագործման ձևի փոփոխություն, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:
Բայց ըստ էության միջազգային փաստաթղթերը, արգելքներն ու պարտավորություններն անզոր են կանգնեցնել Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող վանդալիզմն ու բռնայուրացումը։