Թյուրքալեզու պետությունների կազմակերպության առաջնորդների արտահերթ գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի ելույթի առթիվ
2023 թվականի մարտի 16-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Թյուրքալեզու պետությունների կազմակերպության առաջնորդների արտահերթ գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրել է տարածքային պահանջներ և ագրեսիայի սպառնալիք ուղղված ՀՀ և Արցախի Հանրապետությանը, Սյունիքը (Զանգեզուրը) և հայկական այլ տարածքներ համարել է Ադրբեջանի ժողովրդի պատմական հողերը https://twitter.com/presidentaz/status/1636428918331719681, ՀՀ ինքնիշխան տարածքը ներկայացրել «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ, ինչպես նաև Արցախի բռնազավթված տարածքներ ադրբեջանցիների վերադարձը համարել «Մեծ վերադարձ» դեպի ադրբեջանցիների պատմական հայրենիք։ Ավելին, Ալիևը մեղադրել է հայերին թյուրքական աշխարհի բաժանման մեջ, նշելով, որ «Խորհրդային իշխանության որոշումը՝ Արևմտյան Զանգեզուրը՝ մեր պատմական հողը, Ադրբեջանից անջատելու և Հայաստանին հանձնելու որոշումը հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական անջատմանը»։ https://twitter.com/i/status/1636428133648744461։ Շարունակելով ելույթը, Ադրբեջանի նախագահը նշել է, որ նրանք արդեն սկսել են իրականացնել «Մեծ վերադարձ» ծրագիրը՝ նախկին ներքին տեղահանվածներին իրենց հայրենիք վերադարձնելու նպատակով։
Թյուրքական պետությունների կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որի նպատակը թյուրք պետությունների միջև սերտ հարաբերությունների ձևավորումն ու փոխգործակցությունն է։ Մարտի 16-ին մեկնարկած գագաթնաժողովին մասնակցել են կազմակերպության անդամներ՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Հյուսիսային Կիպրոսի Թյուրքական Հանրապետության նախագահները, Հունգարիայի վարչապետը, Թուրքմենստանի ժողովրդական խորհրդի ղեկավարը և այլոք, որոնք ունեն դիտորդի և խորհրդատվական կարգավիճակ https://www.aa.com.tr/en/politics/organization-of-turkic-states-extraordinary-summit-starts-in-ankara/2847203 ։
Մեր արձագանքը
Անկարայում սադրիչ թեզեր հնչեցնելը, հայկական պատմական հայրենիքը ադրբեջանական ներկայացնելը միջազգային հանրության շրջանակներում ապատեղեկատվություն տարածելու փորձ է և կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը և միջազգային իրավունքի մի շարք դրույթներ, այլև արցախահայերի մշակութային իրավունքը, որից բռնի կերպով նրանք զրկվել են տեղահանման և իրենց մշակութային ու ստեղծագործ կյանքով ապրելու արգելքի պատճառով։ Մշակութային իրավունքն այս դեպքում մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, իրենց բնականոն կյանքը իրենց պատկերցումներին և մշակութային սովորություններին համապատասխան ապրելու իրավունքն է, որը որպես հիմնարար իրավունք հաստատված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» հռչակագրի 27-րդ հոդվածով։ Համաձայն վերջինիս, «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն մասնակցելու համայնքի մշակութային կյանքին, վայելելու արվեստը և օգտվելու գիտական առաջընթացից ու դրա ստեղծած առավելություններից»։ Սեփական մշակութային/բնական լանդշաֆտից հեռու չի կարող ապահովվել մշակութային պրակտիկաների, ինքնարտահայտման ձևերի ստեղծման, լիարժեք իրացման և փոխանցման գործընթացը։