Թշնամին պղծել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի Կուսանաց Անապատը
2021 թվականի հոկտեմբերի 7-ին @ararathau տելեգրամյան ալիքում տեսաձայնագրություն տարածվեց, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանցի զինվորականները պղծում են և ակնհայտորեն անարգում թյուրք-ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի Կուսանաց Անապատը։
Տեսանյութում հստակ երևում է, որ ադրբեջանցի զինված զինվորականները վանքը վերածել են անկարգությունների վայրի, թշնամական և անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հայկական ժառանգության հանդեպ, գոռում են, անարգում հայ-առաքելական եկեղեցու ծիսական գործառույթը, տապանաքարերի և եկեղեցու կահ-կարասիի հանդեպ թշնական և վանդալիզմի գործողություններ կատարում։ Տեսանյութում երևում է նաև, որ ջարդված են տապանաքարերը, աղտոտված է ողջ տարածքը (https://t.me/sisumasis/19906):
Մեր արձագանքը
Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում է վանդալիզմի, գողության, կողոպուտի կամ յուրացման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։ Ըստ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության, որը գործում է նաև ոչ միջազգային (էթնիկ) բախումների դեպքում, արգելվում է ժառանգության հանդեպ թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն, իսկ այդպիսի արարքը, ըստ 15-րդ հոդվածի, որակվում է որպես միջազգային հանցագործություն։ Ըստ Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի` «Չխախտելով Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ին ընդունված կոնվենցիայի դրույթները, արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ հաշվեհարդարի առարկա դարձնել»: