Ծակուռու եկեղեցու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. Ծակուռու եկեղեցին ոչ թե հայկական է, այլ աղվանական, իսկ հայերեն արձանագրությունները, խաչքարերը կեղծ են, և Ադրբեջանը պատրաստվում է վերանորոգել եկեղեցին՝ բերելով հին ձևի. «Սա մեր հինավուրց պատմական հուշարձանն է, մեր եղբայր ուդիների տաճարը․․․․նրանք կգան այստեղ: Ինչպես հայերը պղծեցին մեր մզկիթները, այնպես էլ նրանք պղծեցին աղվանական հին տաճարը, բայց մենք այն կվերականգնենք: Բոլոր այս կեղծված արձանագրությունները (մատով ցույց է տալիս արևմտյան բարավորի շինարարական արձանագրությունը և խաչը) վերագրվել են ավելի ուշ: Նրանք փորձեցին իրենց համար կեղծ պատմություն ստեղծել մեր հին հողերում, բայց չստացվեց, մենք նրանց բացահայտեցինք: Այն փաստը, որ աղվանական այս տաճարն այս վիճակում է, ևս մեկ անգամ վկայում է հայկական կեղծիքի մասին: Եթե տաճարը հայկական լիներ, այն նորոգված կլինեին»։
Այս հայտարարությունը միանշանակ կարելի է որակել որպես Մշակութային ժառանգության ձևափոխում, տարրերի ջնջում, մասնակի ոչնչացում։
Ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» կոնվենցիայի, մշակութային ժառանգության պահպանում նշանակում է ժառանգության կենսունակության ապահովում։ Պահպանել ժառանգությունը, նշանակում է ապահովել դրա անձեռնմխելիությունը և ամբողջականությունը, որի մաս է կազմում նաև համայնքը, ապահովել ժառանգության իսկության, կարևորության, ամբողջականության, բացառիկության չափանիշները։ Այս սկզբունքները բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայից, ԻԿՕՄՕՍ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: