Խաչքարերի ոչնչացումն Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքում
2022 թվականի մայիսի 8-ին վանդալիզմի է ենթարկվել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Մատաղիս գյուղում «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության անդամների ջանքերով կառուցված մատուռն ու շրջակայքի խաչքարերը: Սրբատեղին կրում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը, այն պետք է ծառայեր ինչպես հավատավոր զինվորականներին, այնպես էլ բնակիչներին: Մատուռի շուրջ տեղադրվել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տղաների անունով խաչքարեր: Նոր մատուռի բացման և օծման արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերին:
Տեսանյութում, որը հղել է https://t.me/ararathau/13271 տելեգրամյան @ararathau անունով օգտատերը, հստակ երևում է, թե ինչպես է ադրբեջանական դրոշը թիկունքին կրող զինվորականը ծանր քարերով նախ խփում հայկական խաչքարերին, այնուհետև ոտքով դրանք տապալում գետնին։ Եվ սա այն դեպքում, երբ «Հայկական խաչքարերի արվեստը. Խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից սկսած ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թվականին ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» https://ich.unesco.org/en/RL/armenian-cross-stones-art-symbolism-and-craftsmanship-of-khachkars-00434: Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիշյալ կոնվենցիայի «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժենքերի պաշտպանության» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թվականին ընդունված Երկրորդ Արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթը կրում է ուժեղացված պաշտպանություն և դրան հասցված ցանկացած վնաս՝ Արձանագրության 15-րդ հոդվածի ա) կետի համաձայն համարվում է «լուրջ խախտում», որը որպես ռազմական հանցագործություն կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։
Ասվածը փաստվում է վերոհիշյալ արձանագրության «Մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության» վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի, մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է գտնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից սկսած խաչքարային ողջ մշակույթը համարել է մարդկության համար բացառիկ համընդգրկուն արժեք։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31415։
Մեր արձագանքը
Այս առիթով հարկ է հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Բացի դա, ըստ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է, որ մշակութային արժեքը «Անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ նրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։