Խոջալուի դամբարանադաշտի և իսլամական դամբարանի «ավերման» մասին

2024 թվականի մայիսի 22-ին ադրբեջանական AZTV հեռուստաալիքով հեռարձակված ռեպորտաժում նշվում է, թե հայկական կողմն ավերել է Խոջալուի դամբարանադաշտը՝ մեծ վնաս հասցնելով դամբարաններին, կուրգաններին և հնագիտական նյութերին: Տեսանյութում նաև նշվում է, թե իբր հայերը վնասել են նաև Խոջալուի մահմեդական դամբարանը՝ պոկելով դրա երեսպատման քարերը (https://www.youtube.com/watch?v=nakbg4dBNJM, դամբարանադաշտի մասին ավելի մանրամասն տես՝ Խոջալուի դամբարանադաշտը)

Ադրբեջանական կողմին հիշեցնենք, որ խորհրդային տարիներին ներկայիս Խոջալուի դամբարանադաշտի մոտ եղել է ադրբեջանական բնակավայր, որի բնակիչներն այդ տարածքներում իրականացրել են գյուղատնտեսական գործունեություն, իրենց տների շինարարության համար այդ տարածքներից քար են վերցրել, ինչով և զգալի վնասել էին դամբարանադաշտը: Դամբարանադաշտին վնաս է հասցրել այդտեղ կառուցված օդանավակայանը, որը կառուցվել է խորհրդային տարիներին՝ հենց ադրբեջանական իշխանությունների կողմից: Դամբարանադաշտին վնաս է հասցրել նաև 1980-ականների վերջին իրականացված մեծ շինարարությունը, երբ զգալիորեն ընդլայնվել և մեծացվել է Խոջալու գյուղը, ուր բնակեցվել են թուրք-մեսխետինցիներ:

2000-ական թվականներին օդանավակայանի վերականգնման ժամանակ ընդարձակված թռիչքուղու շինարարությունը, ցավոք, ևս որոշակի վնասներ է հասցրել, ինչի մասին ահազանգել են հայ մասնագետները:

Խոջալուի դամբարանադաշտը որոշակի վնասներ է կրել նաև, երբ այդտեղ տեղակայվել են ռուսական ուժերը, ովքեր որոշ կուրգանների վրա դիտակետեր էին հարմարեցրել: Այս խնդիրը բարձրաձայնվել է Monument Watch թիմի կողմից, որի ներկայացուցիչները հանդիպել են ռուսական կողմի հետ:

Ինչ վերաբերում է իսլամական դամբարանին, ապա վերջինս առանց երեսպատման քարերի է շատ վաղուց, ինչի մասին կվկայեն խորհրդային տարիներին արված լուսանկարները (նկ. 1): Անկախության տարիներին այն ներառված էր Արցախի պատմա-մշակութային հուշարձանների ցանկում, պահպանվում էր պետության կողմից և մնացել է նույն՝ մինչպատերազմյան վիճակում (նկ. 2):

Նկ. 1 Խոջալուի իսլամական դամբարանի մուտքը, 1926 թ. (ըստ https://irs-az.com/new/files/2017/193/2491.pdf):

Նկ. 2 Խոջալուի դամբարանի մուտքը, 2006 թ., լուս.՝ Հ. Պետրոսյանի: