Կատարո վանքի եկեղեցու օգտագործումը ռազմական նպատակներով
2021 թվականի մարտի 29-ին ադրբեջանցի օգտատերի կողմից համացանցում (Youtube) տեղադրվել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանցի զինվորականները Կատարո վանքի եկեղեցին վերածել են ռազմակայանի։ Ադրբեջանցի զինվորները ներկայացնում են եկեղեցին որպես հնագույն աղվանական եկեղեցի. «․․․այստեղ աղվանական վանքի, եկեղեցու մեջ ենք։ Չորս հազար, երեք հազար մետր բարձրություն ունի (կողքից այլ թիվ են ասում, ինքն էլ կրկնում է)։ Սա եկեղեցու ներսն է։ Մեր եկեղեցին է` կառուցված մեր թվարկությունից առաջ։ Ստոր հայերը յուրացրել են, օգտագործել որպես սեփականը»։ Մի քանի օր անց տեսանյութը ջնջվել է համացանցից:
Մշակութային ժառանգության կողոպուտ, յուրացում։
Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածն արգելում է վանդալիզմի, գողության, կողոպուտի կամ յուրացման ցանկացած գործողություն և բացարձակ արգելք դնում մշակութային արժեքների դեմ ուղղված հաշվեհարդարի գործողությունների վրա։ Ըստ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության, որը գործում է նաև ոչ միջազգային (էթնիկ) բախումների դեպքում, արգելվում է ժառանգության հանդեպ թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն, իսկ այդպիսի արարքը ըստ 15-րդ հոդվածի որակվում է որպես միջազգային հանցագործություն։ Ըստ Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի «Չխախտելով Հաագայի 1954 թվականի մայիսի 14-ին ընդունված կոնվենցիայի դրույթները, արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ հաշվեհարդարի առարկա դարձնել»: