Հադրութի շրջանի Տումի գյուղում գտնվող Թևան Ստեփանյանի կիսանդրու ավերումը
2021 թվականի մայիսի 14-ին՝ allahveren_58 ինստագրամյան օգտատերը տեղադրել էր լուսանկար, որտեղ երևում էր, որ ադրբեջանցի մի երկտասարդ գետնին է տապալել օկուպացված Հադրութի շրջանի Տումի գյուղի Սիսեռ աղբյուրի մոտ գտնվող հայ Ազգային հերոս, պետական և ռազմական գործիչ Թևան Ստեփանյանի կիսանդրին (նկ․ 1)։
Կիսանդրին կանգնեցվել էր 2011 թվականին հերոսի ծննդավայրում (նկ. 2)։ Գյուղում է գտնվում նաև Թ․ Ստեփանյանի պապենական տունը, որը վերանորոգվել և գործում էր որպես տուն-թանգարան https://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/20963-legendy։
Հիշեցնենք, որ Թ․ Ստեփանյանը մասնակցել է առաջին աշխարհամարտին, իսկ 1918-20-ական թվականներին՝ վերադառնալով հայրենի գյուղ՝ թուրք-թաթարական բանակի դեմ մղվող մարտերին։ 1920 թվականին՝ Շուշիի հայկական կոտորածից հետո, որպես Դիզակի հրամանատար, մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ Հետագայում՝ Գարեգին Նժդեհի օգնությամբ ազատագրել է Խծաբերդ, Մեծ Թաղեր, Դրախտիկ, Սուզ, Սարին շեն, Քեշիշքենդ, Ճարտար ու էլի շատ գյուղեր, ինչպես նաև գլխավորել Դիզակի ու Վարանդայի ազատագրական պայքարները (https://www.aysor.am/am/news/2011/07/23/tevan-stepanyan/315442):
Մեր արձագանքը
Ի պատասխան Ադրբեջանի կողմից Թևան Ստեփանյանի կիսանդրու ավերման, հարկ է հիշեցնել, որ ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի, յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Այս կոնտեքստում Թևան Ստեփանյանի հուշարձանը մշակությաին արժեք է և որպես համայն մարդկության մշակութային հարստություն, պետք է պաշտպանվի։ Բացի դա, 1954թ․-ի Հաագայի կոնվենցիան, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին հոդվածով սահմանում է, որ մշակութային արժեքը «Անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ նրանից կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Այստեղ հստակ ընդգծվում է, որ «մշակությաին արժեքը» կախված չէ դրա ծագման փաստի հետ, կապված չէ ժամանակային որևէ սահմանափակման հետ, բնույթի և ձևի հետ, բայց այն, ինչ հստակ է, դա այն է, որ այդ ժառանգության արժեքը որոշում է տվյալ ժողովուրդը, այս դեպքում արցախահայությունը։ Եվ անկախ նրանից, թե ինչ տեսք այն ունի, կամ ինչ զգացողություններ է առաջացնում թշնամու մոտ, պետք է պահպանվի։
Կոնվենցիայի 4-րդ հոդվածը նշում է, որ կողմերը պարտավորվում են հարգել իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել այդ արժեքների ավերմանը կամ վնասվելուն՝ ձեռնպահ մնալով դրանց դեմ ուղղված թշնամական որևէ գործողությունից։ Կողմերը պարտավորվում են նաև արգելել, կանխել և, եթե անհրաժեշտ է, խափանել մշակութային արժեքների գողության, կողոպուտի կամ ապօրինի յուրացման, ինչպես նաև դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ գրավյալ տարածքներում ևս արգելված է ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի կողմից։