Հադրութի Վանք գյուղի Սբ. Խաչ վանքն Ադրբեջանի կողմից աղվանա-ուդիական հռչակելու մի նոր փորձի մասին

2021 թվականի նոյեմբերի 4-ին CBC TV Azerbaijan Ադրբեջանի առաջին ալիքը իր յութուբյան ալիքում տեղադրեց  «Ադրբեջանի աղվանա-ուդիական քրիստոնյա համայնքի անդամներն այցելել են Հադրութ» վերնագրով տեսանյութը։ Այն մասնավորապես անդրադառնում է  Ադրբեջանի աղվանա-ուդիական  քրիստոնեական կրոնական համայնքի ներկայացուցիչների՝ դեպի  «հայերի կողմից օկուպացիայից ազատագրված բնակավայրերի քրիստոնեական տաճարներ» պարբեբար կատարվող  այցելություններին։ Իրենց իսկ մեկնաբանության համաձայն, նրանք  հարգանքի տուրք են մատուցում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար մղված  44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինվորականների հիշատակին։ Այս անգամ նրանք այցելել էին Հադրութի Սպիտակ Խաչ վանք https://www.youtube.com/watch?v=OqS26fM0z64։

Այստեղ ուշագրավ է այն համգամանքը, որ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այցեություններով հայկական պատմական եկեղեցիները հռչակվում են  աղվանա-ուդիական և կարծես այցելությունը հենց հայկական եկեղեցիների իսկության ու պատմության ոչնչացման ազդակը լինի: Հիշեցնենք, որ ավելի վաղ,  նրանք այցելել էին ինչպես նաև ուդիական էին հռչակել  Դադիվանքի վանական համալիրն  ու Ծիծեռնավանքի հայկական եկեղեցին։ Աղվանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչ Ռոբերտ Մոբիլին նշում  է (2:32 վայրկյան), որ սա նրանց պատմական  այցելությունն է դեպի վանք: Կրկին մեջբերենք վանքի հյուրատան բարավորի արձանագրությունը, որին, իհարկե, զեղծարարները ծանոթ չեն. «Ես Միկրտիչս գ/րեցի. յիշատակ է թանապիս/ Սուրապու որդի Ովանէս եպ[իս[կ[ոպո]սին./ շինեցաւ :ՌՃՁԴ: (1184) թվին. այն տարին էր`/ Թահմազ խ[ա]ն օսմանլուն երկրէս տուրս ար[ա]ւ» («Ես` Միկրտիչս գրեցի: Հիշատակ է հուրատունս Սուրապի որդի Օվանես եպսիկոպոսին: Կառուցվեց 1184 թվականին (1735 թ.): Այն տարին էր, որ Թահմազ խանը օսմանցիներին մեր երկրից դուրս արեց)։ Ակնհայտ է, որ Ադրբեջանական պրոպագանդայի սպասավորին չեն հետաքրքրում աուտենտիկ աղբյուրները: Նա հայտարարում է, որ եկեղեցին իրենց, աղվանների ժառանգությունն է: Ավելին, նա առանց որևէ հիմքի հայտարարում է, որ «հայկական օկուպացիայի» ընթացքում հայերը աղվանական եկեղեցիների վրա բազմաթիվ տարրեր են ավելացրել, պատերին ագուցել են խաչքարեր, ավելացրել արձանագրություններ ու հայկական այլ խորհրդանիշներ և փաստորեն, ոչնչացրել են աղվանական հետքը։

Մեր արձագանքը

Մշակութային եղեռնը միայն բնաջնջելը չէ, այն նաև իրական պատմությունն ու կրոնա-ծիսական պատկանելությունը կեղծելն է, փաստերն անտեսելը, հիշողությունը խաթարելը, կեղծ մշակութային կամ կրոնական օրակարգեր ստեղծելը։  Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիները աղվանա-ուդիական հռչակելը, հայ առաքելական քրիստոնեական կառույցում անօրինական ծիսակատարություններ իրականացնելը միանշանակ խախտում է հայ քրիստոնյա համայնքի կրոնական և մշակութային իրավունքը, վիրավորում նրա դավանական զգացմունքը։

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման դեպքերի հետ կապված հարկ է նշել, որ յուրացնելով հայկական ժառանգությունը, այն համարելով աղվանական կամ ուդիական, ժառանգությունը կորցնում է իր հիմնական արժեքը, զրկվում իսկության և ամբողջականության հատկանիշներից, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf) և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Բացի այդ, ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  ըստ  լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:

Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում յուրացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման և յուրացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։