Հռոմի ստատուտը մշակութային ժառանգության մասին
2023 թվականի հեկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը ձայների 60 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Հռոմի ստատուտի վավերացման մասին օրենքի նախագիծը (http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=14439&Reading=0&fbclid=IwAR2-9_POoeHg47sYjM25ZtAFoEmJZL1ZbUI2hsDkkvCp8TsjLb7k__L_WvM)։ Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել էր դեռևս 1999 թվականին։ Այն ստորագրել են շուրջ 137 պետություններ, իսկ անդամ են 123 պետություն (http://www.parliament.am/draft_docs8/K-658_AGN_Cank.pdf)։
ՄԱԿ-ի լիազոր ներկայացուցիչների դիվանագիտական համաժողովը Հռոմի կանոնադրությունն ընդունել է 1998 թվականի հուլիսի 17-ին (ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ին, http://www.parliament.am/draft_docs8/K-658lr_Kanonadrutyun.pdf)։
Համաձայն Միջազգային քրեական դատարանի, մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը կամ վնասը նաև ուժի կիրառման առանձնահատուկ ծանր ձև է համարվում։ Կանոնադրության 8(2)(b)(ix) և 8(2)(e)(iv) դրույթները անմիջականորեն կիրառելի են ռազմական նպատակներ չհանդիսացող մշակութային ժառանգության վրա հարձակումների դեպքում. ռազմական հանցագործություն է մշակութային ժառանգության ոչնչացումը կամ առգրավումը, ժառանգության յուրացումը, թալանը և կամ մշակութային ժառանգության հետ առնչվող այլ հանցագործություններ (Rome Statute of the International Criminal Court, Article 8(2)(b)(ix), Article 8(2)(e)(iv))։ Զինված հակամարտության իրավիճակներում (ներառյալ օկուպացիան) մշակութային արժեքների թիրախավորումն և ոչնչացումը Միջազգային քրեական դատարանի 8-րդ (դ) հոդվածով համարվում է ագրեսիայի գործողություն: «Ագրեսիայի գործողություն» է ներխուժումը, հարձակումը, օկուպացիան, բռնակցումը, ռմբակոծությունը և այլն։ Դատարանի՝ հանցագործություններին առնչվող իրավասությունը տարածվում է մշակութային արժեքների ոչնչացման այն գործողությունների վրա, որոնք պետության կամ մասնավոր անձի կողմից կատարվել են որպես ծրագրի, քաղաքականության կամ լայնածավալ հանցագործությունների մաս:
Մշակութային ժառանգության ոչնչացումը ցեղասպանություն կարող է համարվել, քանզի հանգեցնում է խմբի կյանքի կործանարար պայմանների ստեղծման՝ Միջազգային քրեական դատարանի 6(c) հոդվածի համաձայն, քանզի խմբի ֆիզիկական ոչնչացման համար նախատեսված ցանկացած կենսապայման հատուկ կապ ունի թիրախային խմբի մշակութային ժառանգության հետ: Մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է լուրջ հոգեկան վնաս պատճառել մարդկանց՝ ուժեղացնելով ցեղասպանական գործողությունների ծանրությունն ու լրջությունը համաձայն Հռոմի կանոնադրության 6(բ) հոդվածի։ Կանոնադրության 6-րդ հոդվածի (ե) կետի համաձայն «խմբի երեխաներին մեկ այլ խումբ բռնի տեղափոխելը» համարվում է ցեղասպանություն, երբ «կատարվում է ազգային, էթնիկական, ռասայական, կրոնական հիմքով խմբին ամբողջապես կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրությամբ» (Statute of the International Criminal Court, 17 July 1998, UN Doc. A/CONF.183/9, Article 6(e).):
Հռոմի կանոնադրության 7(1)(դ) հոդվածը ներկայացնում է բռնի տեղահանման (forcible transfer) միջազգային արգելքները․ բնակչության արտաքսումը կամ բռնի տեղափոխումը, երբ այն կատարվել է որպես համատարած կամ համակարգված հարձակման մաս, ուղղված է ցանկացած քաղաքացիական բնակչության դեմ և հանցագործը տեղյակ է իր գործողությունների մասին» հանցագործություն է մարդկության դեմ (Statute of the International Criminal Court, 17 July 1998, Article 7(1)(d))։
Հարկադրանքի միջոցները կարող են ներառել թե ֆիզիկական ուժը, և թե բռնության սպառնալիքը (ICC Elements of Crimes, art. 7(1)(d))։ «Բռնի» տերմինն այստեղ չի սահմանափակվում ֆիզիկական ուժով, այն «կարող է ներառել ուժի կամ հարկադրանքի սպառնալիք, ինչպիսին է բռնության, հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման վախը» և նկարագրում է մի իրավիճակ, երբ անհատները չունեն ազատ ընտրություն՝ մնալու իրենց տարածքում: