Նոր մզկիթների հիմնարկեք՝ Արցախի օկուպացված հայկական բնակավայրերում
Արցախի զգալի մասի օկուպացիայից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար այցեր է կազմակերպում գրավյալ շրջաններ, որտեղ հանդես է գալիս տարաբնույթ ելույթներով, որոնց մեջ կենտրոնական տեղ է հատկացվում հայերի Արցախում և առհասարակ Անդրկովկասում 19-րդ դարից եկվոր լինելու, հայկական մշակութային ժառանգությունը ալբանա-ուդիական հայտարարելու, ինչպես նաև իբր հայերի կողմից տարածաշրջանի քրիստոնեական հուշարձանները հայացնելու և այլ մեղադրանքների մեջ: Այցերի ընթացքում Ադրբեջանի նախագահը ներկա է գտնվում տարբեր ենթակառուցվածքների հիմնարկեքի և բացման արարողություններին՝ գլխավորապես ճանապարհներ, էլեկտրոկայաններ, զորամասեր: Այս բոլորի մեջ սակայն ուշագրավ է երկու հիմնարկեք, որոնք ունեն սադրիչ բնույթ՝ խոսքը գնում է Հադրութ քաղաքում և Քարինտակ գյուղում մզկիթների հիմնարկեքերին (https://haqqin.az/news/222339?fbclid=IwAR2b818FiHNxocOPU37Id_eyMhW7c5a-Cv_B6TNtmS2n_mI-nZgL4yBhzmA):
Հադրութ քաղաքում մզկիթի հիմնարկեքը կատարվել է 2021 թվականի հոկտեմբերի 9-ին, քաղաքի առավել բարձրադիր մասում, իսկ Քարինտակում մզկիթի հիմնարկեքը կատարվել է 2021 թվականի նոյեմբերի 7-ին: Հիմնարկեքի օրերը կապվում են երկու բնակավայրերի ադրբեջանական վերահսկողությանը անցնելու հետ: Ադրբեջանի նախագահի կողմից կատարված մզկիթների հիմնարկեքերի սադրիչ բնույթը կայանում է նրանում, որ թե' Հադրութը և թե' Քարինտակը իրենց ողջ պատմության ընթացքում ունեցել են զուտ հայկական բնակչություն և համապատասխան ազգային-դավանական հայկական միջավայր: Անգամ խորհրդային տարիներին, երբ ադրբեջանական կողմը ամեն ինչ անում էր հատկապես Հադրութի շրջանի էթնիկ պատկերը փոխելու համար, միևնույն է՝ Հադրութը ունեցել է բացարձակ մեծամասնություն կազմող հայկական բնակչություն: Նույնը վերաբերում էր նաև անմիջապես Շուշիի տակ գտնվող Քարինտակ գյուղին: Մզկիթների կառուցումը ադրբեջանական կողմը բացատրում է ադրբեջանցի վերաբնակիչների հոգևոր կարիքների բավարարման, իբր հայերի կողմից ավերված մշակութային ժառանգության վերականգնման, նոր մշակութային ժառանգության ստեղծմամբ և նմանատիպ այլ գաղափարներով (https://www.youtube.com/watch?v=JFgO9I6RhdM):
Հավելենք, որ Արցախի տարածքի զգալի մասի օկուպացիայից հետո, Իլհամ Ալիևը առաջին նոր մզկիթի հիմնարկեքը կատարել է Շուշիում, 2021 թվականի մայիսի 12-ին: Այդ մզկիթը ունենալու է սիմվոլիկ բնույթ՝ արտացոլելով Շուշիի «ազատագրումը հայկական օկուպացիայից» ( https://www.youtube.com/watch?v=sAXPwmmIqmQ): Շուշիի նոր մզկիթի կառուցման համար ընտրվել է քաղաքի առավել բարձրադիր, գերիշխող հատվածը:
Մեր արձագանքը
Մշակութային եղեռնը միայն բնաջնջելը չէ, այն նաև իրական պատմությունն ու կրոնա-ավանդույթը կեղծելն է, փաստերն անտեսելը, հիշողությունը խաթարելը, կեղծ մշակութային կամ կրոնական օրակարգեր ստեղծելը։ Ադրբեջանի կողմից հայկական քաղաքներում մզկիթների կառուցումը խախտում է հայ քրիստոնյա համայնքի կրոնական և մշակութային իրավունքը, վիրավորում նրա դավանական զգացմունքը, ժխտում քաղաքի պատմականությունն ու սերունդներին իր իսկության ավանդույթով փոխանցվելու հնարավոությունը։