Շուշիի Կանաչ ժամին կից հովվատունը վերածվել է սրճարանի
2022 թվականի հունվարի 16-ին Талышский вестник տելեգրամյան ալիքը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ պատմական հայկական Շուշիի Կանաչ ժամ եկեղեցուն կից կառույցը՝ հովվատունը, վերածվել է «Գաղտնիք» անունով սրճարանի։ Շուշիի ազատագրումից ի վեր հովվատունը կառուցվել է որպես հայ քրիստոնյա հանրույթին սպասարկող եկեղեցու ծիսական գործառույթի անհրաժեշտ բաղադրիչ և ծառայել է որպես հոգևորականների ժողովատեղի և գրատուն։ Տեսանյութից պարզ է դառնում, որ երբեմնի հոգևոր-մշակութային նպատակներով ծառայող կառույցում ադրբեջանական երաժշտություն է հնչում, դրվել են ճաշասեղաններ, ամենուր կախված է ադրբեջանական դրոշը, պատմական կառույցի ներքին հարդարումը լիովին փոփոխված է, իսկ պատմական հետքը ոչնչացված https://t.me/Talish_vestnik/20973։ Մինչև 2020 թվականի ադրբեջանական օկուպացիան Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին գործող հոգևոր կառույց էր և, բնականաբար, այն սպասարկող կառույցի վերափոխումը սրճարանի, Արցախի հայկական ինքնությունը մերժելու և մշակութային բռնայուրացման ադրբեջանական երկարամյա քաղաքականության հերթական դրսևորումն է։
Մեր արձագանքը
Շուշիի Կանաչ ժամի հավվատունը վերածելով սրճարանի Ադրբեջանը խախտում է մշակութային ժառանգության պատմականությունը, ամբողջականությունը, զրկում ժառանգությանն իր իսկությանը համարժեք գործառույթով սերունդներին անխաթար փոխանցվելու հնարավորությունից, որը դեմ է ժառանգության պահպանության միջազգայնորեն ընդունված մի շարք սկզբունքներին, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf), ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից (http://www.icomos-isc20c.org/pdf/madrid-new-delhi-document-2017.pdf) և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Բացի դա, ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և ըստ լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Խաթարելով ժառանգության իրական ավանդույթը Ադրբեջանը խախտում է նաև 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։ Մշակութային ժառանգության գործառույթի փոփոխման գործողությունը խախտում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիա»-ի դրույթները, որի 11-րդ հոդվածով պետությունները պարտավոր են հարգել ժառանգության ոչ նյութական արժեքները անկախ դրանց ծագումից ու գործառույթից։