Շուշիի կերպարվեստի թանգարանի «Քանդակների պուրակի» ավերումը
Մեր գործընկեր Caucasus Heritage Watch-ի ֆեյսբուքյան էջում 2021 թվականի օգոստոսի 14-ին հրապարակած արբանյակային լուսանկարների համաձայն՝ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանին կից «Քանդակների պուրակում» տեղակայված բոլոր քանդակները՝ թվով 51, անհետացել են, իսկ տարածքն ամբողջությամբ մաքրվել։
(https://www.facebook.com/111430521125470/posts/153396063595582)
Քանդակների ճակատագիրը մնում է անհայտ: Պարզ չէ, դրանք տեղափոխվել են թե՞ ոչնչացվել:
Երբեմնի մշակութային ժառանգության բացառիկ նմուշներով հագեցված պուրակը, ըստ ադրբեջանական İSMAYILLI RAYONU յութուբյան օգտատիրոջ կողմից 2021 թվականի օգոստոսի 14-ին տարածած տեսանյութի՝ վերածվելու է ֆուտբոլի դաշտի (https://www.youtube.com/watch?v=S1ROXk-KSrA, տեսանյութի տվյալ հատվածը ՝ սկսած 1:25 րոպեից)։
Հավելենք, որ դեռևս 2021 թվականի ձմռանը ադրբեջանցի մի օգտատիրոջ կողմից տեսագրված ձայնագրության համաձայն՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի «Քանդակների պուրակի» կոթողները դեռ կանգուն էին (կից տեսանյութը)։
Հիշեցնենք, որ «Քանդակների պուրակը» հիմնադրվել է պրոֆ․ Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսի ջանքերով։ Քանդակները ստեղծվել են 2011-2017 թվականների ընթացքում կազմակերպված շուշեցի անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անունը կրող միջազգային 5 սիմպոզիումների ընթացքում (2011, 2012, 2014, 2016, 2017 թվականներին): Աշխարհի տարբեր երկրներից՝ Իտալիայից, Բելգիայից, Բելոռուսից, Եգիպտոսից, Ռուսաստանի Դաշնությունից, Հնդկաստանից, Չինաստանից, Լեհաստանից, Սերբիայից, ԱՄՆ-ից, Խորվաթիայից, Ճապոնիայից, Հայաստանից և Արցախից 37 քանդակագործների 62 քանդակները (որոնցից 51-ը գտնվում էր պուրակում, իսկ մնացածը Արցախի այլ շրջանններում) ստեղծվել են հենց Արցախում և նվիրվել Արցախի ժողովրդին (https://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27159-2019-07-22-16-02-03)
Մեր արձագանքը
Այս առիթով հարկ է հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։