Շուշիում կազմակերպված համաժողովի մասին
2022 թվականի մայիսի 19-20-ին Ադրբեջանի կողմից բռնագրավված Շուշի քաղաքում Ադրբեջանի մշակույթի և բնապահպանության նախարարությունները համատեղ կազմակերպել էին համաժողով, որի առանցքային թեման «Ղարաբաղի շրջանի» մշակութային կերպարի վերականգնումն էր և մշակույթի դերը խաղաղության երկխոսության գործում: Զեկուցումների և քննարկումների ժամանակ առաջ քաշված թեմաները վերաբերում էին «հայկական բռնագրավումից և Ղարաբաղի ազատագրումից հետո» երկրամասում իրականացվելիք վերականգնման աշխատանքներին:
Համաժողովին մասնակցում էին կրթության, գիտության, մշակույթի հարցերով իսլամական կազմակերպության (ԻՍԵՍԿՕ) նախագահ Սալիմ բին Մուհամմադ ալ-Մալիքը, թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը, Մալթայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի քարտուղար Ռայմոդ Բոնդին, ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի (ալյանս) գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը, թյուրքական մշակույթի և ժառանգության միջազգային հիմնադրամի տնօրեն Գյունայ Էֆենդիեվան և այլոք:
ԻՍԵՍԿՕ-ի ղեկավարը կարևորեց երկխոսության դերը տարածաշրջանը վերականգնելու գործում, իսկ թյուրքական խորհրդի քարտուղարը կարևորեց Շուշիի դերը թյուրքական աշխարհի համար:
Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը իր ելույթում առանձնապես կարևորեց Շուշիի պատմական միջուկում կատարված աշխատանքները, որոնք իրականացվում են Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի կողմից: Ռիզվան Հուսեյնովը իր հարցազրույցում շեշտեց, որ Շուշիում վերականգնվում են թե' մահմեդական և թե' քրիստոնեական հուշարձանները ևադրբեջանական կողմը հայտ է ներկայացրել Շուշին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութական ժառանգության ցանկում ընդգրկելու համար և այս հարցում առանձնակի ճշգրիտ կերպով պետք է իրականացվի Շուշիի վերաբնակեցումը 25 հազար ադրբեջանցիներով, որպեսզի չտուժի քաղաքի պատմական միջուկը (https://azertag.az/ru/xeber/Mezhdunarodnaya_konferenciya_v_SHushe_zavershila_svoyu_rabotu-2143898 https://www.youtube.com/watch?v=IC6Zlgsy9SY https://www.youtube.com/watch?v=cCeFp9T3ob8):
Մեր արձագանքը
2021-2022 թվականներին օկուպացված Շուշիում տեղի ունեցած տարբեր բնույթի համաժողովները քաղաքի պատմական, մշակութային կերպարը յուրացնելու և այլափոխելու գործընթացը միջազգայնորեն ամրագրելու, քաղաքը միջազգային հանրությանը և կազմակերպություններին որպես զուտ ադրբեջանական ներկայացնելու և դա օրինականացնելու նպատակ ունեն։
Այս միտումները ակնհայտ են ներկայացված բոլոր ծրագրերում և ելույթներում, որտեղ Շուշին ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական և թյուրքական բնակավայր՝ բացարձակ լռության մատնելով Շուշի քաղաքի հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, պատմական անցյալն և բազմաթիվ հուշարձանները:
Շուշիում և Արցախի բռնագրավված մնացյալ տարածքներում Ադրբեջանի կողմից վարվող բացահայտ հայատյաց մշակութային քաղաքականության ֆոնին տարաբնույթ կազմակերպությունների, անգամ ադրբեջանական կողմից հնչող կեղծ խաղաղասիրական և հանդուրժողականության կոչերը բացահայտ ծաղր են: Առավել ցավալի է, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները, խոսելով տարածաշրջանային երկխոսության և մշակութային հանդուրժողականության մասին, լռում են նույն Շուշիի հայկական, պատմական կերպարի ոչնչացման, 2020 թվականի պատերազմի ժամանակ երկու անգամ ռմբահարված Ղազանչեցոց տաճարի և հարյուրավոր այլ նմանատիպ դեպքերի մասին, որոնք մշակութային ցեղասպանության օրինակներ են:
Հայ մշակույթի կարևորագույն կենտրոն հանդիսացող պատմական Շուշի քաղաքի հռչակումը որպես ադրբեջանական ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները: