Սղնախի գերազմանոցի ավերումը (Թարմացում)
Մայիսի 30-ին Վահե Հարությունյանը ֆեյսբուքյան հարթակում տեղադրեց արբանյակային լուսանկարներ, որոնցից հստակ երևում է, որ Ադրբեջանը քանդել, և հողին է հավասարեցրել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի գերեզմանոցը, որը հիմնվել է 18-րդ դարի կեսերին և գործում էր մինչև օկուպացումը։
Տեղում կատարած դիտումները թույլ են տալիս ենթադրել, որ տարածքը վերածվել է շինհրապարակի։ Երկրորդ և երրորդ նկարներում սլաքները ցույց են տալիս հանքի և գերեզմանատան միջև ճանապարհը։ Չորրորդ նկարում երևում է տնակ, որը հենց գերեզմանատան մեջ է։ Ըստ էության գերեզմանատնից ոչինչ չի մնացել։
Ի պատասխան Ադրբեջանի՝ Սղնախ գյուղի գերեզմանոցի ավերման գործողությունների, հարկ ենք համարում հիշեցնել, որ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի առաջին արձանագրության՝ գրավյալ տարածքներում արգելված է ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի կողմից։
Թարմացում
Ըստ CBC TV Azerbaijan լրատվամիջոցի 2021 թվականի հուլիսի 16-ին հրապարակած ռեպորտաժի՝ մեկնարկել է Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհային թունելների կառուցումը, որի հիմքը դրվել է 2021 թվականի հունվարի 14-ին՝ նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆիզուլիի տարածաշրջան կատարած ուղևորության ժամանակ։ Պատմական գերեզմանոցի տարածքն ընդգրկող թունելի կառուցումը ըստ աղբյուրի՝ ղարաբաղյան տրանսպորտային միասնական միակ համակարգի անբաժանելի մասն է։ Ճանապարհը, որտեղ պետք է լինեն կամուրջներ և թունելներ, ունենալու է 84,6 կմ երկարություն, որի կառուցման շինարարական աշխատանքների մի մասը կատարելու է ադրբեջանական AZVİRT, իսկ մյուս մասը՝ թուրքական Kolin İnşaat կազմակերպությունը։
Նյութի աղբյուրը՝ https://www.youtube.com/watch?v=RSPsWr5Ftog
Ադրբեջանական մեկ այլ լրատվական ՝ www.news.day.az -ի կայքի հաղորդմամբ, Ահմադբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի կառուցումից հետո մայրուղու վրա նախատեսվում է բազմաստիճան ճանապարհային հանգույցների կառուցումը, իսկ շինարարությունն, ըստ նախագծի, պլանավորված է ավարտել 2022 թվականին։ Նյութի աղբյուրը՝ https://www.youtube.com/watch?v=yWD0wLD9N1w










