Տիգրանակերտը և Փանահի ամրոցը
Փետրվարի 25-ին ադրբեջանական լրատվականներից մեկը տեսանյութ է պատրաստել Աղդամի շրջանի մասին: Տեսանյութում մեծ տեղ է հատկացված Արցախի Տիգրանակերտին, որը ներկայացվում է 3:25 րոպեից:
Տեսանյութում լրագրողը, կանգնելով Փանահ խանի կողմից կառուցված ամրոցի մոտ նշում է․ «Ես գտնվում եմ Շահբուլաղում՝ Փանահ խանի կողմից 1751 թվականին կառուցված ամրոցի մոտ, որը երկրորդն էր Բայաթի ամրոցից հետո: Ամրոցը գերի էր 30 տարի»:
Լրագրողը նշում է, որ թեև հայերը ամենուրեք ավերում էին, նրանք ձեռք չեն տվել ամրոցին և պատճառն այն էր, որ ամրոցը սեփականացրել էին, յուրացրել: «Նրանք հայտարարում են, որ ամրոցը հայկական է և ներկայացնում էին որպես թանգարան, հուշարձան: Այստեղ ցուցադրվում էին ադրբեջանական պատմական գտածոները, առարկաները, որոնք ներկայացվում էին որպես հայկական: Աղդամը հանձնելուց առաջ նրանք գողացել են բոլոր ցուցանմուշները, նրանք գողացել են ադրբեջանական ցուցանմուշները և տարել իրենց»:
Տեսանյութում նշվում է, որ հայ հնագետ Համլետ Պետրոսյանը պեղումներ էր կատարում ամրոցի շուրջը՝ փորձելով կեղծել այդ վայրերի, բնակավայրերի պատմությունը, ադրբեջանական պատմական հուշարձանները: «Հայ հնագետը հայկական լրատվականներին հայտնել է, որ պեղումներից գտնվել են ոսկյա զարդերի մնացորդներ, գտնվել են աշտարակներ և մի շարք այլ հուշարձաններ, որոնք արդբեջանկան ճարտարապետության են և որոնք տարվել են Հայաստան»:
Նյութի աղբյուրը https://www.youtube.com/watch?v=4gr7_N_5NUg
Տեսանյութում այն միտքն է առաջ տարվում, որ հայերը փորձել են հայկականացնել Փանահի կառուցած Շահբուլաղը և դրա համար էլ ստեղծել են Տիգրանակերտի առասպելը, հայկական Տիգրանակերտը: Դեռևս մարտ ամսին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը կազմակերպելով Ադրբեջանի բոլոր լրատվական ծառայությունների, ինչպես նաև բլոգերների և այլ շրջանակների այցը Աղդամ, այդ թվում նաև Տիգրանակերտ, իր թվիթերյան էջում գրել է. «Շահբուլաղ, Աղդամ, Տիգրանակերտի մասին կեղծ առասպալական պատմությունը վերջացել է»: Սա տարածվել է ադրբեջանական բոլոր լրատվականներով, աղբյուրը՝ https://www.youtube.com/watch?v=vj-804VI1dU
Այս միտքը հենց Տիգրանակերտ հնավայրում նկարված տեսանյութում տեղում ցուցադրելով «ապացույցները» քարոզում էր Րիզվան Հուսեյնովը
https://www.youtube.com/watch?v=3ujCWAUK0B8&t=100s
Մեր տեղեկատվությունը
Իհարկե, Փանահի կառուցած Շահբուլաղ ամրոցը, աղբյուրներին կից կառուցված մզկիթը որևէ կապ չունեն Տիգրանակերտի հետ: Դրանք կառուցվել են 18-րդ դարի կեսերին, երբ Տիգրանակերտը վաղուց արդեն չկար, և տարածքում միայն հին քաղաքի ընդարձակ ավերակներն էին: Արցախի իշխանությունները և Տիգրանակերտի հնագիտական արշավախումբը մաքրել, ամրակայել են այդ հուշարձանները և պահպանել դրանք: Խորհրդային տարիներին Աղրբեջանի կողմից ռեստորանի վերածված ամրոցը մենք դարձրել ենք թանգարան: Տիգրանակերտի հնագիտական վկայությունները` անտիկ ամրոցն ու թաղամասերը, վաղքրիստոնեական հրապարակն ու դամբրանադաշտերը, քաղաքի այլ կառույցները, որ բացվել են պեղումներով, որևէ կապ չունեն 18-րդ դարի կառույցնեերի հետ, տարածականորեն դրանք կից չեն ոչ Փանահի ամրոցին և ոչ է մզկիթին (տե՛ս https://monumentwatch.org/monument/tigranakert/): Համլետ Պետրոսյանն ու արշավախմբի անդամները ուսումնասիրել և գրել են Տիգրանակերտի մասին: Որևէ մեկը չի կարող ցույց տալ մեր կողմից արված որևէ հրապարակում, որտեղ 18-րդ դարի կառույցները ներկայացվել են որպես հայկական: Ակնկալում ենք, որ ադրբեջանցի գոնե մի հնագետ կամ ուսյալ նախ ընկալի այս պարզ իրողությունը, ու նոր ծավալի «հայկականացման» առասպելը:
Նաև ուզում ենք հիշեցնել ագրեսիվ պետության կիսագրագետ քարոզիչներին, որ Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է Արցախի իշխանությունների պաշտոնական հրավերով ու թույլատրությամբ, որ ամեն տարի Արցախի կառավարության կազմում գործող հնագիտական հանձնաժողովը հատուկ թույլատրություն` բաց թերթիկ է տվել արշավախմբի ղեկավարին (տե՛ս այդ թույլատրություններից մի քանիսի լուսանկարները), որ այդ պեղումները ֆիանսավորվել են Արցախի պետական բյուջեից: Տիգրանակերտի հնագիտական թանգարանն էլ ստեղծվել և գործել է Արցախի օրինական իշխանությունների որոշմամբ և ֆինանսավորումով: Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է լիարժեք իրավական հիմքով, բարձր պրոֆեսիոնալիզմով, հետազոտության արդյունքները պարբերաբար ներկայացվել են միջազգային գիտական հանրույթին: Խոսել գաղտնի ինչ-որ ընթացքի մասին` ուղղակի ծիծաղելի է:
Նշենք նաև, որ ադրբեջանցի հնագետները, որոնք անցած դարի 60-80-ական թվականների աշխատել են այդ տարածքում, ոչ էլ տեսել են հին քաղաքի հնագիտական հետքերը:
44-օրյա պատերազմի ժամանակ Տիգրանակերտը դարձել էր թշնամու հրետակոծության տարածք, ինչ մասին մի անգամ չէ, որ ահազանգել ենք: Արդյունքում ամբողջովին ոչնչացվել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը: Արցախի իշխանությունները, ես և մեր հետազոտական թիմը չէինք կարող թույլ տալ, որ նման ճակատագրի արժանանա նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարանը: Տիգրանակերտի պեղումների հնագիտական գտածոները Արցախի ժողովրդի սեփականությունն են, նրա պահպանության խնդիրները գտնվում են ոչ թե Բաքվի, այլ Ստեփանակերտի իշխանությունների իրավասության ոլորտում: Խաղաղ պայմանների դեպքում դրանք վերադարձվելու են Ստեփանակերտ և ցուցադրվելու են դրա համար ստեղծվելիք թանգարանում:
Արցախի քաղքականապես չճանաչված լինելը չի զրկում նրա բնիկ ժողովրդին մշակույթի իրավունքից: Այդ թվում և մշակութային ժառանգությունը հետազոտելու և հանրահռչակելու իրավունքից: Այնպես որ Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն իրականացվել է բացարձակապես իրավական հիմքով:
Արցախի ժողովրդին իր մշակութային ժառանգությունից զրկելու ադրբեջանական մտավարժանքը հայ մշակութային ժառանգության գենոցիդի շարունակությունն է: Գենոցիդ, ինչի ականատեսն ենք եղել տասնամյակներ շարունակ, գենոցիդ, որի գագաթնակետը եղավ 2005-2006 թթ. Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումը, գենոցիդ` ինչն ավելի մեծ թափ է ստացել Ադրբեջանի և Թուրքիայի վերջին ագրեսիաի ժամանակ և շարունակվում է ամեն օր: Եվ այն չի կարող արդարացվել կեղծ քաղաքական հայտարություններով ու շինծու մեղադրանքներով:
Մենք հետայսու էլ շարունակելու ենք Արցախի մշակութային ժառանգության հետազոտությունը, հանրահռչակումն ու ադրբեջանական վանդալիզմի բացահայտումները: Ագրեսիան, ռազմական գերակայությունը, միջազգային ատյաններին ուղղված հոխորտանքը իրավասու չեն և չեն կարող Արցախի ժողովրդին զրկել իր մշակութային ժառանգությամբ իր ինքնությունը պահպանելու իրավունքից: